Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Իրան․ համագործակցության հուշագիր սպորտի և երիտասարդության ոլորտներում

Հոկտեմբեր 08,2026 17:58 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև սպորտի և երիտասարդության ոլորտներում հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով այդ նպատակին ուղղված ՀՀ ԿԳՄՍ և ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է գործընկերոջը և շեշտել՝ 2025 թ. Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում. «Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը բարենպաստ հիմք է նաև սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման համար։ Վստահ եմ՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հնարավորություն կտա համակարգված կերպով առաջ մղել մեր համատեղ նախաձեռնությունները»։

Ահմադ Դոնիամալին նշել է, որ իրանական կողմը կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը՝ ներկայացնելով Իրանի փորձառությունն ու ձեռքբերումները սպորտի բնագավառում:

Նշվել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունեն հատկապես ֆուտբոլ, բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ մարզաձևերում։ Կողմերը կարևորել են ակումբային թիմերի ձևավորումը, համատեղ ճամբարների և մարզիչների վերապատրաստման կազմակերպումը, փոխադարձ հավաքների անցկացումը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է առաջիկա տարում Հայաստանում նախատեսվող միջազգային մրցաշարերը, այդ թվում՝ Կարատեի Եվրոպայի մինչև 21 տարեկանների, Ծանրամարտի աշխարհի առաջնությունները՝ ընդգծելով, որ հայկական կողմը ուրախ կլինի հյուրընկալել նաև Իրանի թիմերին:

Անդրադարձ է եղել նաև շախմատի մասնագետների փոխայցերի, փորձի փոխանակման և համատեղ կրթական նախաձեռնությունների հնարավորությանը՝ հաշվի առնելով իրանական կողմի հետաքրքրությունը Հայաստանի դպրոցներում շախմատի ուսուցման փորձի նկատմամբ։

Կողմերը կարևորվել են երիտասարդության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ երկու երկրների հասարակական կազմակերպությունների երկխոսությունը, երիտասարդ գիտնականների և հետազոտողների համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Հանդիպումն ավարտվել է հուշագրի ստորագրմամբ. կողմերն այն կարևորել է որպես երկկողմ համագործակցության իրավական և ինստիտուցիոնալ հիմքի ամրապնդման կարևոր քայլ։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել