Հայ–ռուսական հարաբերությունները նոր փորձության փուլում
Երկաթուղին՝ տնտեսական եւ քաղաքական հակասությունների հանգույց
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում հակասություններն ակնհայտորեն տեղափոխվել են տնտեսական եւ ենթակառուցվածքային ոլորտներ։ Առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել հայկական երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը։
Վերջին օրերի ռուսական կողմի հայտարարություններն առաջին հայացքից կարող են նույնիսկ հակասական թվալ։ Մի կողմից՝ Մոսկվան հայտարարում է, որ պատրաստ է աջակցել Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային կապերի վերականգնմանը եւ ակնկալում է Երեւանի արձագանքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Երասխից մինչեւ Նախիջեւանի սահման եւ Գյումրիից մինչեւ Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների վերականգնմանը՝ ընդգծելով, որ համապատասխան որոշումները Ռուսաստանում նախագահական մակարդակով ընդունվել են դեռեւս հունվարին։ Միաժամանակ նա շեշտել է, որ Մոսկվան սպասում է հայկական կողմի արձագանքին եւ ակնկալում է առաջիկայում կարեւոր հանդիպումներ։
Կարդացեք նաև
Մյուս կողմից՝ հենց նույն երկաթուղու կառավարման եւ կոնցեսիայի հարցում Ռուսաստանի ու Հայաստանի մոտեցումները շարունակում են մնալ էապես տարբեր։ Պաշտոնական Երեւանը պնդել էր, որ ռուսական կոնցեսիայի պայմաններում Հայաստանը կարող է կորցնել տարածաշրջանային տրանսպորտային մրցակցության նոր հնարավորությունները, մինչդեռ Մոսկվան որեւէ հիմք չի տեսնում իր կոնցեսիոն իրավունքը երրորդ կողմին փոխանցելու համար։
Հայաստանի իշխանությունների մատուցմամբ՝ խնդիրը վաղուց արդեն միայն գործող երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական արդյունավետության հարց չէ։ Երեւանի գնահատմամբ՝ տարածաշրջանում բացվող նոր տրանսպորտային հնարավորությունները կարող են վերածվել Հայաստանի համար պատմական տնտեսական հնարավորության, եթե ՀՀ-ն կարողանա դառնալ միջազգային երկաթուղային ցանցերի լիարժեք մասնակից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բազմիցս շեշտել է, որ Երեւանը դեմ չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանմանն ու նույնիսկ խորացմանը, սակայն դա պետք է տեղի ունենա «նոր միջավայրում եւ նոր պայմաններում»։ Այս ձեւակերպումը, ըստ էության, ամբողջացնում է պաշտոնական Երեւանի մոտեցումը․ խնդիրը Ռուսաստանի հետ կապերի խզումը չէ, այլ դրանց կառուցվածքի եւ պայմանների վերանայումը։ Երկաթուղու հարցում այդ դիրքորոշումը դառնում է հատկապես տեսանելի։ Երեւանը առաջարկում է ռուսական կոնցեսիոն իրավունքը փոխանցել բարեկամական երրորդ երկրի, այդ թվում՝ քննարկելով Ղազախստանի հնարավոր ներգրավումը։ Փաշինյանի խոսքով՝ Ղազախստանը երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման եւ ներդրումների ոլորտում համապատասխան փորձ ունեցող երկիր է։ Միաժամանակ հայկական կողմը շեշտում է, որ նման փոփոխությունը հնարավորություն կտա Հայաստանի երկաթուղին ինտեգրել տարածաշրջանային եւ միջազգային նոր հոսքերին։ Սակայն Մոսկվայի համար սա տնտեսական ներկայության եւ ազդեցության կարեւոր գործիք է։
Մոսկվայի տնտեսական ազդակները՝ որպես քաղաքական ճնշման գործիք
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Հայաստանում ռուսական տնտեսական օպերատորների շահերի ոտնահարումը չի մնա առանց ռուսական կողմի պատշաճ արձագանքի։ Այդ հայտարարությանը նախորդել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեւցովի գնահատականը, ըստ որի՝ Հայաստանի իշխանությունները կարող են փորձել արժեզրկել ռուսաստանյան ակտիվները եւ սեփականատերերին ստիպել ազատվել դրանցից։
Այս հայտարարությունները կարեւոր են ոչ միայն դրանց բովանդակության, այլեւ ժամանակագրության պատճառով։ Դրանք հնչում են այն պահին, երբ Երեւանը փորձում է վերանայել Ռուսաստանի մասնակցությունը ռազմավարական ենթակառուցվածքներում, այդ թվում՝ երկաթուղու կառավարման մոդելը, եւ միաժամանակ ընդլայնել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կապերի շրջանակը։
Մոսկվայի համար սա կարող է ընկալվել որպես ոչ միայն առանձին տնտեսական գործարքների փոփոխություն, այլ ազդեցության նախկին համակարգի աստիճանական վերափոխում։ Ռուսական կողմի հայտարարություններից ակնհայտ է, որ Հայաստանում տնտեսական ակտիվների նկատմամբ ցանկացած փոփոխություն Մոսկվան դիտարկում է նաեւ քաղաքական համատեքստում։
Այսինքն, եթե նախկինում ռուսական տնտեսական ներկայությունը Հայաստանում հիմնականում ներկայացվում էր որպես փոխշահավետ տնտեսական համագործակցության բաղադրիչ, ապա այժմ ռուսական պաշտոնական հռետորաբանության մեջ այդ ներկայությունը ավելի հաճախ հանդես է գալիս որպես Ռուսաստանի ռազմավարական շահերի մաս։
Երկաթուղու դեպքում դա առավել ակնհայտ է։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովը հայտարարել էր, որ ընկերությունը պատրաստ է կատարել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սակայն կոնցեսիայի պայմանների փոփոխության կամ դադարեցման դեպքում ակնկալում է իր կատարած ներդրումների վերադարձը։ Նրա ներկայացրած տվյալներով՝ 2008-2025թթ.։ Հայաստանում կատարված ներդրումների ծավալը կազմել է մոտ 396,3 միլիոն դոլար։
Այս փաստարկը Մոսկվայի համար ունի երկակի նշանակություն։ Առաջին՝ այն իրավատնտեսական հիմք է ստեղծում կոնցեսիայի հնարավոր դադարեցման դեպքում փոխհատուցում պահանջելու համար։ Երկրորդ՝ այն քաղաքական հռետորաբանության մեջ հնարավորություն է տալիս պնդելու, որ Ռուսաստանը ոչ թե պարզապես վերահսկում է հայկական երկաթուղին, այլ տարիներ շարունակ ներդրումներ է կատարել դրա զարգացման գործում։
Հայաստանի իշխանությունների հակափաստարկն էլ այլ տրամաբանության վրա է հիմնված։ Երեւանի համար հարցն այն է, թե որքանով է գործող կառավարման մոդելը թույլ տալիս օգտագործել տարածաշրջանային նոր հնարավորությունները։ Այսինքն՝ քննարկումը աստիճանաբար տեղափոխվում է «ո՞վ որքան է ներդրել» հարցից դեպի «ո՞վ եւ ինչպե՞ս պետք է կառավարի ռազմավարական ենթակառուցվածքը ապագա տարածաշրջանային պայմաններում» հարցը։ Այս հակադրությունը դժվար թե հնարավոր լինի լուծել միայն տնտեսական հաշվարկներով։ Այն հստակ քաղաքական խնդիր է։
ԵԱՏՄ–ն, արտահանման սահմանափակումները եւ տնտեսական կախվածության հարցը
Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մյուս կարեւոր դաշտը ԵԱՏՄ-ն է։ Այստեղ եւս վերջին զարգացումները ցույց են տալիս, որ տնտեսական ինտեգրման շրջանակը, որը պետք է ապահովեր ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի ավելի կանխատեսելի պայմաններ, սկսել է վերածվել քաղաքական տարաձայնությունների դաշտի։
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը, սակայն միաժամանակ բարձրացրել է հայկական ապրանքների արտահանման շուրջ առկա ռուսական սահմանափակումների հարցը։ Նրա խոսքով՝ այդ սահմանափակումները խոչընդոտում են ընդհանուր շուկայի լիարժեք եւ արդյունավետ գործունեությանը, եւ անհրաժեշտ է շարունակել կառուցողական երկխոսությունը՝ Հայաստանի արտադրանքի արտահանման եւ տարանցման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։
Այսինքն, մի կողմից՝ Հայաստանը հայտարարում է, որ չի հրաժարվում ԵԱՏՄ-ում համագործակցությունից, մյուս կողմից՝ Մոսկվայի սահմանափակումները ընկալվում են որպես տնտեսական ճնշման գործիք։ ՌԴ-ն, իր հերթին, այդ սահմանափակումների հարցը կապում է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության փոփոխության հետ։
Այսպիսով, տնտեսական հարաբերություններում ձեւավորվել է բավական բարդ իրավիճակ։ Հայաստանը շարունակում է օգտվել ռուսական շուկայից եւ ԵԱՏՄ անդամակցության տնտեսական հնարավորություններից, սակայն միաժամանակ փորձում է ընդլայնել այլ ուղղություններով իր տնտեսական կապերը։ Մոսկվան, իր հերթին, ունի տնտեսական լծակներ, որոնց միջոցով կարող է ազդել Հայաստանի վրա, բայց այդ լծակների կիրառումը եւս ունի հակառակ ազդեցություն՝ այն կարող է արագացնել Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման ձգտումը։
Այս իմաստով տնտեսական ճնշումը երկակի գործիք է։ Կարճաժամկետ կտրվածքով այն կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի տնտեսության առանձին հատվածների համար, հատկապես այն ոլորտներում, որոնք կախված են ռուսական շուկայից։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում չափազանց կոշտ տնտեսական ճնշումը կարող է Երեւանին ավելի արագ մղել այլ շուկաների եւ այլ գործընկերների որոնման։ Այսինքն, Մոսկվան փորձում է պահպանել իր տնտեսական ներկայությունը եւ ազդեցությունը, սակայն այդ ազդեցության չափազանց բացահայտ ու կոշտ գիծը կարող է նպաստել նրան, որից ՌԴ-ն փորձում է խուսափել, դա Հայաստանի տնտեսական եւ քաղաքական դիվերսիֆիկացումն է։
Մոսկվայի հերթական նախազգուշացումները
Եթե տնտեսական հայտարարությունները կարելի է դիտարկել որպես ճնշման գործիք, ապա Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի վերջին գնահատականները ցույց են տալիս, որ Մոսկվայի դժգոհությունը Հայաստանի քաղաքականությունից հասել է շատ ավելի բարձր հռետորական մակարդակի։ Նա վերջերս հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական վեկտորը «ոչ մի լավ բանի չի բերի», իսկ Հայաստանի համար ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։ Միաժամանակ նա նկատել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները ներկայումս «ամրության փորձություն» են անցնում։
Մեդվեդեւի մեկ այլ հայտարարության մեջ արդեն ավելի հստակ ձեւակերպված է Մոսկվայի աշխարհաքաղաքական ընկալումը։ Նա պնդել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասը եւ վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Նրա խոսքով՝ Արեւմուտքը փորձում է ազդել տարածաշրջանի երկրների արտաքին քաղաքական կողմնորոշման վրա, իսկ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները ներկայումս փորձության են ենթարկվում։
Մեդվեդեւի՝ «նոր Ուկրաինա» ձեւակերպումը վտանգավոր ուղերձ է։ Այն ենթադրում է, որ Մոսկվայում Հայաստանի արեւմտյան ուղղությամբ շարժը դիտարկվում է ոչ միայն որպես դիվանագիտական ընտրության փոփոխություն, այլ որպես ՌԴ-ի համար անվտանգության եւ աշխարհաքաղաքական ազդեցության հարց։
Միաժամանակ պետք է տարբերակել քաղաքական նախազգուշացումը եւ իրական գործողության սպառնալիքը։ Մեդվեդեւի հայտարարությունը ինքնին չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանի նկատմամբ որեւէ կոնկրետ քայլի։ Սակայն նման ձեւակերպումների պարբերականությունը ցույց է տալիս, որ Մոսկվան փորձում է սահմանել այն «կարմիր գծերը», որոնց հատումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ երկկողմ հարաբերությունների համար։
Երեւանի կողմից Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցել ռուսական գազի գնի հետ կապված Հայաստանի առավելությունների կորստին, օրերս «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, նշել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը: «Հայաստանի հետ մենք ծավալուն պայմանագրաիրավական բազա ունենք, որն ամրագրում է երկկողմ հարաբերությունների արտոնյալ, դաշնակցային կարգավիճակը: Եթե հայաստանյան իշխանությունները արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» շրջանակում ցանկանում են վերանայել այդ կարգավիճակը, դա իրենց իրավունքն է: Սակայն այդ ժամանակ հարկ կլինի նաեւ հրաժարվել առավելություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին: Այդ առավելությունների օրինակներից մեկն է գազի գինը», – ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ ռուսական կողմը դեմ չէ, որ Հայաստանը գազ գնի այլ երկրներից, նման հնարավորություն արձանագրված է 2013-ի ռուս-հայկական «գազային» համաձայնագրում: «Սակայն պետք է հասկանալ՝ որն է ռուսաստանյան մատակարարումների այլընտրանքը: Բերեմ որոշ թվեր: ՌԴ-ից Հայաստան մուտք է գործում հանրապետության կողմից սպառվող գազի մինչեւ 85 տոկոսը՝ տարեկան շուրջ 2.2-2.7 միլիարդ խորանարդ մետր: Մատակարարումներն իրականացվում են առանց արտահանման մաքսատուրքերի, հազար խորանարդ մետրի դիմաց 177.5 ԱՄՆ դոլար ֆիքսված գնով: Հայաստանը նաեւ ՌԴ-ից նավթամթերք է ստանում առանց մաքսատուրքերի», – նշել է Կալուգինը: Նրա պնդմամբ՝ Հայաստանը ոչ մի տեղ չի գտնի գազի գնման նույնքան արտոնյալ պայմաններ, որքան այսօր առաջարկում է ՌԴ-ն:
Կալուգինը նաեւ այլ թեմայի է անդրադարձել, նկատելով, թե Հայաստանը փորձում է Շիրակում գտնվող ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա։ Նրա փոխանցմամբ՝ պաշտոնական Երեւանի ներկայացուցիչները փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես Մոսկվան է նախաձեռնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարունակական ներկայության հեռանկարների քննարկումը։ «Բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձերը տեղավորվում են ժամանակակից հայկական քաղաքական մտքի տարօրինակ օրինաչափության մեջ։ Երեւանի իշխող վերնախավը հաճախ ակնկալում է, որ ամենակարեւոր որոշումները կայացվեն արտաքին խաղացողների կողմից»,- ասել է Կալուգինը։
Կալուգինի վերոնշյալ հայտարարությունների հիմնական քաղաքական նշանակությունն այն է, որ Մոսկվան Հայաստանի «դիվերսիֆիկացումը» փորձում է ներկայացնել ոչ թե որպես պարզապես արտաքին քաղաքականության ընդլայնում, այլ որպես Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունների պայմանների փոփոխություն, որի դիմաց Հայաստանը պետք է վճարի տնտեսական եւ, հնարավոր է, անվտանգային գին։
Այսպիսով, Մոսկվայի առանցքային ուղերձը հետեւյալն է՝ Երեւանը կարող է փոխել իր արտաքին քաղաքական ուղղությունը, սակայն այդ փոփոխությունը չի կարող լինել առանց հետեւանքների։ Այդ հետեւանքների պատասխանատվությունը Կրեմլը փորձում է նախապես վերագրել հենց Երեւանին։ ՌԴ-ից կոշտ քաղաքական հայտարարությունները զուգորդվում են տնտեսական եւ ենթակառուցվածքային ազդակների հետ։ Մի կողմից՝ խոսվում է ռուսական տնտեսական ակտիվների պաշտպանության մասին, մյուս կողմից՝ երկաթուղու կոնցեսիայի պահպանման անհրաժեշտության մասին, երրորդ կողմից՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հնարավոր հետեւանքների մասին։
Ի՞նչ սպասել հայ–ռուսական հարաբերություններում
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առաջիկա զարգացումների ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ կողմերը, չնայած կոշտ հրապարակային բանավեճին, դեռեւս չեն անցել հարաբերությունների ամբողջական խզման տրամաբանության։
Սա կարեւոր հանգամանք է։ Հայաստանի իշխանություններն իրենք են հայտարարում, որ չեն ցանկանում ընդհատել Ռուսաստանի հետ կապերը եւ ցանկանում են հարաբերությունները խորացնել, բայց՝ նոր պայմաններում։ Միաժամանակ Երեւանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, քննարկում է ռուսական կողմի հետ երկաթուղային հարցերը, չի բացառում ռուսական առաջարկը նոր ատոմակայանի տեխնոլոգիայի ընտրության հարցում եւ պահպանում է տնտեսական բազմաթիվ կապեր Ռուսաստանի հետ։
Այսինքն, Հայաստանի ներկայիս քաղաքականությունն ավելի ճիշտ է բնութագրել ոչ թե որպես «Ռուսաստանից հեռացում», այլ որպես հարաբերությունների վերակառուցման փորձ։
Հետեւաբար առաջիկա փուլում առանցքային նշանակություն կունենա ոչ միայն այն, թե ինչ հայտարարություններ կարվեն Երեւանից եւ Մոսկվայից, այլեւ, թե ինչ գործնական որոշումներ կկայացվեն երկաթուղու, ռուսական ակտիվների, ԵԱՏՄ շրջանակում առեւտրային սահմանափակումների եւ ռազմավարական ենթակառուցվածքների վերաբերյալ։
Երկաթուղու հարցը այստեղ կարող է դառնալ առաջին փորձությունը։ Եթե կողմերը կարողանան գտնել կոնցեսիայի կառավարման այնպիսի մոդել, որը միաժամանակ կպահպանի Ռուսաստանի ներդրումային շահերը եւ Հայաստանին հնարավորություն կտա լիարժեք օգտագործել տարածաշրջանային նոր տրանսպորտային հնարավորությունները, ապա դա կարող է դառնալ հարաբերությունների վերակազմավորման օրինակ։
Հակառակ դեպքում երկաթուղին կարող է վերածվել հայ-ռուսական հարաբերությունների ամենախոշոր տնտեսական վեճերից մեկի։
Մյուս կարեւոր ուղղությունը ռուսական տնտեսական ակտիվների հարցն է։ Եթե Մոսկվայից հնչող նախազգուշացումների հետ պահպանվեն տնտեսական երկարաժամկետ պատժամիջոցները, ապա Հայաստանի համար կստեղծվեն կարճաժամկետ խնդիրներ։
Հետեւաբար, առավել հավանական է թվում ոչ թե հարաբերությունների կտրուկ խզումը, այլ երկարատեւ բանակցային եւ ճնշումների փուլը։ Մոսկվան փորձելու է պահպանել իր դիրքերը տնտեսական եւ ենթակառուցվածքային ոլորտներում, իսկ Երեւանը՝ հնարավորինս մեծացնել իր մանեւրի տարածքը։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ ՏԱՍՍ–ի։
«Առավոտ» օրաթերթ
08.10.2026



















































