«Այս փուլում նրանք հինգն են։ Աստված իրենց հետ, դա իրենց ընտրությունն է, իրենց ճանապարհն է, իրենց ՔՊ-ն է ու իրենց պատասխանատվությունը: Կարծում եմ, առաջիկայում մի օր նրանք կդառնան արդեն նախկին ՔՊ-ական»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը` բարի ճանապարհ մաղթելով նախկինում ՀՀԿ-ական այն համայնքապետերին, որոնք «իրադրության փոփոխության» արդյունքում առաջիկա ՏԻՄ ընտրություններում հանդես կգան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրոշի տակ։ Այս փուլում նրանք հինգն են. Գավառի երկարամյա քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյան, Մարտունու համայնքապետ Հովիկ Հովեյան, Արմավիրի մարզի Արաքս համայնքի համայնքապետ Ղազար Ղազարյան, Ստեփանավանի համայնքապետ Արայիկ Ներսիսյան, Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյան։
Հոկտեմբերի 25-ին ընտրություններ տեղի կունենան Հայաստանի ևս 19 համայնքներում։ Ընտրությունները, ինչպես Թումանյան համայնքում, մրցակցային չեն լինի ևս հինգ համայնքում՝ Վայք, Արմավիր, Վարդենիս, Գառնի և Ախուրյան։ Այս համայնքներում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Ընդ որում, 19 համայնքներից հինգում իշխող ուժի ցուցակը կգլխավորեն երկարամյա համայնքապետերն, ովքեր նախկինում եղել են Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ։ Այդ հանգամանքը այժմ նրանց կեսագրություններում սրբագրվել է։
«Համաշխարհային քաղաքական իրականության մեջ կա մի տեսակ, որոնք չունեն սեփական գաղափարական հայացքներ: Կարող են լինել ծայրահեղ սոցիալիստ, իսկ հաջորդ օրը դառնալ ազատ դեմոկրատ: Հետո վերափոխվել ու հանդես գալ որպես ռադիկալ ազգայնական: Չզարմանաք, որ մի օր էլ նրանց տեսնեք շվեյցարական կոմունիստների կամ անգլիական լեյբորիստների շարքերում: Զարմանալու բան չկա, ցավոք: Եթե մարդկանց համար Արցախը հայրենիք էր ու հայկական էր, իսկ հետո հանկարծ պարզում են, որ «Ադրբեջանի մաս» է՝ այդ պարագայում կուսակցությունն ի՞նչ է, որ…»,-ասաց Արտակ Զաքարյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































