Իզուր է խորհրդարանական «ընդդիմությունը» կուրծք ծեծում՝ իրեն վերագրելով ԵԽԽՎ զեկույցում արտացոլված գնահատականները, նշեց «Առավոտի» զրուցակիցը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ Ազգային անվտանգության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
– Պարոն Շահնազարյան, վերջերս ձեր հարցազրույցներում երկու կարեւոր թեմաների չանդրադարձաք։ Մեկը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հրապարակած ամփոփիչ զեկույցի թեման էր։ ԵԽԽՎ–ն մտահոգիչ համարեց ԿԸՀ–ի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»։ Այդ ընտրատեղամասերի արդյունքների չեղարկման հետեւանքով խորհրդարանից դուրս մնաց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը», իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» վճռորոշ քվեարկությունների համար հավելյալ մանդատներ ստացավ՝ կազմելով խորհրդարանի 3/5-ը։ Ըստ ԵԽԽՎ դիտորդների՝ ԿԸՀ–ի այս որոշումն ազդել է ընդհանուր արդյունքի եւ խորհրդարանի ներկայացուցչականության վրա։ Ինչպե՞ս կգնահատեք ԵԽԽՎ–ի զեկույցում այս արձանագրումները։
– Նախ նշեմ, որ 2026 թվականի հայաստանյան ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում ներառված գնահատականները համապատասխանում են իրականությանը՝ դրանցում արտացոլված բոլոր խախտումներով։ Ցանկանում եմ հստակ ընդգծել, որ եթե չլինեին «Բարգավաճ Հայաստանի» եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանությունների գործողությունները, ապա կարծում եմ, որ գուցե ընդհանրապես բացասական գնահատականներ չլինեին այդ զեկույցում, կամ, գուցե, լինեին, սակայն շատ ավելի մեղմ։
Կարդացեք նաև
Այսինքն՝ եվրոպական կառույցի կողմից բոլոր այդ գնահատականների համար հիմք են հանդիսացել հենց «Բարգավաճ Հայաստանի» եւ Ծառուկյանի դեմ գործողությունները, հիմնական պատճառը, շարժառիթը դա էր։
Ըստ էության, նման գնահատականի համար որեւէ այլ փաստաթուղթ պետք չէ, որովհետեւ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները ինքնըստինքյան ուղղակի արդեն անհերքելիորեն ապացուցում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ կատարվել է անօրինականություն, եւ որ ներկայիս խորհրդարանի կազմը չի համապատասխանում ընտրության արդյունքներին։ Ես շատ ավելի վաղ տեղեկացված էի, որ ԵԽԽՎ-ի կողմից նման գնահատականներ արձանագրվելու են։
Կարծում եմ, որ իշխանության համար դա ծանր հարված էր, որովհետեւ իրենք հստակ հասկանում են, որ արդեն մոտենում են եվրոպական կառույցների կողմից Հայաստանի գործող իշխանության շատ ու շատ գործողությունների նկատմամբ աչք փակելու սահմանագծին։
Իսկ ինչպես կատարվեց եւ իրականացվում է Ծառուկյանի գույքի բռնագրավումը, սա ոչ միայն անընդունելի է եվրոպական կառույցների համար, դա ոչ միայն ուղղակիորեն չափազանց բացասաբար է ազդում ընդհանրապես Հայաստանում ներդրումային մթնոլորտի վրա եւ շարունակելու է առավել բացասական ազդել, այլեւ, կարծում եմ, որ դա լուրջ գնահատականների կարժանանա ոչ միայն եվրոպական քաղաքական կառույցների կողմից, այլեւ միջազգային դատարանների կողմից։ Եվ իզուր են կուրծք ծեծում խորհրդարանում ներկա, իրենց «ընդդիմադիր» համարող ուժերը՝ ներկայացնելով, թե ԵԽԽՎ զեկույցում արտացոլված գնահատականներն իրենց գործողությունների արդյունքն էին։ Իրենք բացարձակապես կապ չունեն դրա հետ։ Դա պետք է տեղի ունենար, եւ եվրոպական կառույցների կողմից հետեւանքները շարունակական են լինելու։
Ըստ էության, ԵԽԽՎ-ի գնահատականները կասկածի տակ են դնում ներկայիս խորհրդարանի լեգիտիմությունը։ Խորհրդարանի կազմը չի համապատասխանում ընտրության արդյունքներին։ Մի կուսակցություն, որը պետք է ներկայացված լիներ խորհրդարանում, այսօր խորհրդարանում չէ։ Արձանագրենք նաեւ, որ այս «ընդդիմությունը» ընդունեց խորհրդարանի լեգիտիմությունը։
Երբ ընտրություններից անմիջապես հետո քննարկվում էր մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը, դեռ այն ժամանակ եմ հրապարակայնորեն նշել, որ «քառատրոփ» են վազելու խորհրդարան։ Եվ այս առիթով մի հիշեցում. «ընդդիմության» ներկայացուցիչները իբրեւ հակափաստարկ մատնանշում էին Վրաստանի ընդդիմությանը, ասելով՝ «նրանք էլ չվերցրեցին մանդատները, ի՞նչ շահեցին…»։ Իրենք, իսկապես, չեն կարող հասկանալ, թե ինչ շահեցին։ Վրաստանի ընդդիմությունը շահեց արժանապատվություն, ցուցաբերեց քաղաքական կեցվածք եւ չկորցրեց, եթե չասենք՝ ավելացրեց վստահությունը իր ընտրողների եւ համակիրների հանդեպ։
Եվ, ի դեպ, ո՞ւր են ընտրություններից առաջ «սնկի պես» արագ առաջացող, բայց ընտրություններից հետո կայծակնային արագությամբ անհետացող մեկ տասնյակից ավելի կուսակցությունները, որոնք իբր «հայրենիք էին փրկում»…
– Հաջորդը՝ աղմկահարույց թեմա է. Սյունիքի մարզի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումը, պարոն Շահնազարյան։ Մեծ հնչեղություն ստացած այս փաստը լայնորեն քննարկվում է հասարակության կողմից։ Իշխանությունն ակնհայտորեն հակված է մեղմ գույներով ներկայացնել տեղի ունեցածը, մինչդեռ հասարակությունը իշխանություններին անգործության մեջ է մեղադրում։ Ի՞նչ տեղի ունեցավ Շաքիում, եւ ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների կեցվածքը։
– Այս դեպքը իշխանությունները փորձում են ներկայացնել Ադրբեջանի հետ իրենց պայմանավորվածության շրջանակներում, երբ զինծառայողները մոլորվում են, ապա՝ վերադարձվում են։ Սակայն այս դեպքը բացարձակապես կապ չունի այդպիսի պայմանավորվածության հետ, որովհետեւ ադրբեջանցի զինծառայողի կողմից կատարվել է ծանր հանցագործություն՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ՝ հրազենի կիրառմամբ։
Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, ըստ էության, իրենց պաշտպանության տակ են վերցրել ծանր հանցագործությունն իրականացրած ադրբեջանցի զինծառայողին։ Նույնիսկ ադրբեջանական մամուլում, ադրբեջանական սոցիալական ցանցերում այդ աստիճանի պաշտպանություն չկա նրա նկատմամբ, ինչպիսին որ իրականացնում են այս իշխանությունները եւ նրանց հավատարիմ ծառայող «քաղաքագետները» կամ իրենց «քաղաքացիական հասարակություն» համարող գործիչները։
Ամոթալի է, երբ արդեն մեղադրանքներ են հնչում Անի Ավետիսյանի հասցեին, թե՝ «ինչո՞ւ նա ոստիկանություն զանգահարելուց հետո մտավ իր տուն», «ինչո՞ւ չի սպասել»… Այն դեպքում, երբ ինքնաձիգով զինված ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել նրա մանկահասակ երեխաներին։ Անի Ավետիսյանի նկատմամբ նման մեղադրանքներ հնչեցնողները, հավանաբար, իրենք չէին համարձակվի իրենց բնակարան ներս մտնել։ Այսինքն, նրանց տրամաբանությամբ, պետք էր սպասել, որպեսզի ինչ-որ տեղից, հավանաբար Սիսիանից, ոստիկանությունը հասնե՞ր։ Նման զարգացումների պարագայում, ամենայն հավանականությամբ, կժամանեին ոստիկանության ներկայացուցիչներ, ոչ թե հատուկ նշանակության ուժեր, օրինակ՝ Անվտանգության «Ալֆա» ջոկատը, որն ունի հմտություններ պատանդ վերցրած ահաբեկչի դեմ գործողություններ իրականացնելու։
Ցանկացած իրեն հարգող ծնող, պարզ է, որ կվարվեր այնպես, ինչպես վարվել է Անի Ավետիսյանը։ Մենք այսօր ազգովի պետք է հպարտանանք Անի Ավետիսյանով։ Նրան պետք է շնորհվի Հայաստանի ազգային հերոսի կոչում՝ իր ընտանիքին, երեխաներին նման անձնուրաց կերպով պաշտպանելու համար։ Ես վստահ եմ, որ դա երբեւէ կիրականացվի։ Զինված հանցագործը պատանդ է վերցրել մանկահասակ երեխաների, դա ահաբեկչություն է՝ բոլոր հատկանիշներով։ Սակայն նման մեղադրանք չի առաջադրվել։
– «Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել–դառնալու պրոցեսներն անջատ ենք նայելու բոլոր դեպքերից: Հիմա ենթադրենք, ասում ենք՝ գերիներից մեզ տվեք, որ էս զինվորին տանք, բա որ մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Իշխանության այսպիսի դիրքորոշումը ենթադրելու հիմքեր է տալիս, որ ապագայում էլ նման դեպքերին իշխանության արձագանքը նույն է լինելո՞ւ։
– Նախ, ես կոչ եմ անում իշխանություններին՝ պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբին, կրկնապատկել եւ բազմապատկել վերահսկողությունը, որպեսզի մոտ ապագայում որեւէ հայ զինծառայող չմոլորվի։ Երկրորդ, ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ պետք է ահաբեկչության մեղադրանք առաջադրվի։ Եվ երրորդ, այն, ինչ կատարվել է, իսկապես փաստեց, որ թե՛ սահմանապահները, թե՛ բանակը, թե՛ իրավապահ պատկան մարմինները, մեղմ ասած, մեծագույն թերացումներ ունեն։ Տեղի ունեցածը պետք է ուսումնասիրվի, անհրաժեշտ է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել՝ դրանք բացառելու համար։
Նաեւ ուզում եմ մի պահ պատկերացնենք, որ հայ զինծառայողը հայտնվեր ադրբեջանական տարածքում եւ նման գործողություններ իրականացներ այնտեղ։ Ի՞նչ կկատարվեր Ադրբեջանում… Միջազգային բոլոր ատյաններում, եվրոպական բոլոր մայրաքաղաքներում Ադրբեջանը կթմբկահարեր, թե՝ «ագրեսոր, ահաբեկիչ հայ զինծառայողը գործողությունների է դիմել խաղաղ բնակիչների նկատմամբ», «սա Հայաստանի վարած քաղաքականությունն է» եւ այլն։ Իսկ այդպիսի ինքնապաշտպանություն իրականացրած կնոջ կերպարն Ադրբեջանում վստահաբար կհերոսացվեր, նա անմիջապես հերոսի կոչման կարժանանար, Բաքվում բնակարան ստացած կլիներ, նյութական աջակցության կարժանանար՝ պետական մակարդակով, տարբեր նախարարներ ու երկրի առաջին տիկինը նրան այցելած կլինեին, եւ անկասկած նրան՝ երեխաների հետ, եվրոպական որեւէ երկիր արդեն բուժման ուղարկած կլինեին։
– Իշխանությունները մատնանշում են, որ Ադրբեջանում եւս իրենց զինծառայողի՝ ծառայության վայրն ինքնակամ լքելու համար գործ է հարուցված։ «Միանշանակ ու աներկբա՝ ՀՀ–ում տեղի ունեցած քրեական հանցագործություն է, գործը պետք է քննվի, գործը պետք է ուղարկվի դատարան, դատարանը պետք է վճիռ կայացնի, այն պետք է մտնի օրինական ուժի մեջ, եւ պատժի կրումը՝ առնվազն մի մասը, պետք է տեղի ունենա ՀՀ–ում», – ասել էր Փաշինյանը։ Այսինքն, իշխանություններն անընդհատ ձգտում են ապացուցել, թե սա սովորական հանցագործություն է։ Այդպիսի պնդումներ անելու համար բավարար հիմքեր չե՞ն անհրաժեշտ ունենալ։
– Ես, մեղմ ասած, վստահ չեմ, որ դա Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործողությունը չի եղել։ Մի փոքր պարզաբանեմ, թե ինչ նկատի ունեմ։ Այս հանցագործը կարող էր օգտագործվել՝ «կուրորեն»։ Այսինքն, երբ նրա հետ աշխատանքներ են տարվում, նրան հուշում են, այսինքն՝ ոչ թե կոնկրետ հանձնարարություն են տալիս, այլ օգտագործում են «կուրորեն»։ Իսկ դա պարզելու համար անհրաժեշտ է իրականացնել ճշգրիտ ու երկարատեւ հարցաքննություններ։
Հետեւաբար, տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա, քանի որ վերջինս այդ երկրի գերագույն հրամանատարն է, նա է զենք հանձնել այդ վիժվածքին։ Ադրբեջանի նախագահը, մինչդեռ, ոչ միայն այդ պատասխանատվությունը չի ընդունում ու ներողություն չի խնդրում Հայաստանի Հանրապետությունից, այլեւ հանցագործության հաջորդ օրը նա հանդես եկավ ելույթով եւ հերթական ծանրագույն մեղադրանքները ներկայացրեց Հայաստան պետությանը, նախկին իշխանություններին, ինչպես նաեւ՝ Հայաստանի ներկա իշխանություններին։
– Իշխանությունների պահվածքը, թերեւս, կարելի է բացատրել նրանով, որ նրանք համարում են, որ խաղաղությունն արդեն «հաստատված է», մնում է այն պահպանել, «հոգ տանել», հետեւաբար նման դեպքերը, նրանց պատկերացմամբ, չպետք է խոչընդոտեն ընդհանուր մթնոլորտին։
– Այն, ինչ հիմա գոյություն ունի՝ խաղաղություն չէ, սա ընդամենը զինադադար է, որը հաստատել է ԱՄՆ նախագահ Թրամփը անցյալ տարի օգոստոսին։ Լսելով Ադրբեջանից հնչող հռետորաբանությունը՝ իշխանության առաջին դեմքից մինչեւ փորձագետներ ու բլոգերներ, օրեցօր համոզվում ես, որ ոչ միայն խաղաղություն չկա, այլեւ Ադրբեջանն ընդհանրապես մտադիր էլ չէ խաղաղություն հաստատել Հայաստանի հետ։ Եթե ադրբեջանցի զինծառայողը նույնիսկ «կուրորեն» չի օգտագործվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, ապա նրա գործողություններն ուղղակիորեն արդյունք են այն հայատյացության՝ «արմենաֆոբիայի», որը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, դա Ադրբեջանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության օրակարգում է։ Սա միայն իմ գնահատականը չէ, սա Եվրախորհրդարանի բանաձեւերի արձանագրումն է, ինչպես նաեւ՝ այլ կառույցների ու երկրների պաշտոնական գնահատականն է։
Վստահ եմ, որ Ադրբեջանի հետ խաղաղության որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու, Թուրքիայի հետ սահմանը չի բացվելու, քանի դեռ Հայաստանը չի զիջել Իրանի սահմանի հետ այդ ողջ հատվածը, որը «Զանգեզուրի միջանցք» են կոչում, եւ որը ծրագրված է TRIPP-ի իրագործման շրջանակներում։
Հայաստանի իշխանությունների կողմից վարվող այս շարունակական զիջողական քաղաքականությունը՝ Ադրբեջանի պահանջների նկատմամբ, արդարացում չունի։ Բաքվի պահանջները վերջ չեն ունենալու, հերթական պահանջի բավարարումը Հայաստանի կողմից հանգեցնելու է նոր պահանջների ներկայացման։
Ներկայիս աշխարհում ընթանում են բարդագույն, խորքային եւ վտանգավոր զարգացումներ, եվրոպական եւ շատ այլ երկրներ բացահայտ նախապատրաստվում են պատերազմների, այդ թվում՝ մեր անմիջական հարեւանները։ Հայաստանը պարտավոր է ոչ թե առաջնորդվել միայն գոյություն չունեցող «Խաղաղությունը» գովերգելով, այլեւ հաշվարկել զարգացումների հնարավոր բոլոր սցենարները, թեեւ հնարավոր են նաեւ «սեւ կարապներ» («Սեւ կարապներ»-ը հասկացություն է, որը նկարագրում է անկանխատեսելի իրադարձություններ, որոնք ունենում են հսկայական հետեւանքներ, եւ դրանց տեղի ունենալուց հետո, հետադարձ հայացքով, թվում են ակնհայտ։ – Է.Գ.)։
Մենք գտնվում ենք բավական ծանր իրավիճակում։ Լրջագույն խնդիրներին դիմակայելու եւ դրանք հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է միասնական հասարակություն, ինչպիսին էինք 90-ականների սկզբներին։ Մինչդեռ թե՛ իշխանությունը, թե՛ «ընդդիմությունը» պառակտում են մեր հասարակությանը։
Մեր երկրի անվտանգությունը լրջագույն վտանգների ու սպառնալիքների առջեւ է կանգնած։ Այս իրավիճակում Հայաստանի կողմից ոչ ճշգրիտ արտաքին քաղաքականությունը, նույնիսկ սխալ ու չհաշվարկված որեւէ քայլ կարող են ճակատագրական եւ անշրջելի աղետաբեր դառնալ մեր պետականության համար։
Մեր նպատակը պետք է լինի այնպիսի Հայաստան կերտելը, որը կարողանա զսպել բոլոր մարտահրավերները, կառավարել վտանգները։ Իսկ ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա պետք է այնպիսի Հայաստան ունենանք, որտեղ ոչ թե զսպենք ու կառավարենք այդ սպառնալիքները, այլ ուղղակի ոչնչացնենք դրանք։ Յուրաքանչյուր քաղաքական, դիվանագիտական եւ մեր արժանապատվության դեմ ուղղված սպառնալիքներին ու ոտնձգություններին պետք է տրվի շատ ավելի հուժկու եւ ոչ համարժեք պատասխան։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.10.2026



















































