Aravot.am-ի զրուցակիցն է «Գոլոս Արմենիի» թերթի նոր սեփականատեր, հայտնի փաստաբան, իրավաբանական գիտությունների դոտկոր Սամվել Կարախանյանը
Վերջերս «Գոլոս Արմենիի» թերթը հայտնեց իր երկարամյա գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանի փոփոխության մասին։ Նա նաև երկար տարիներ թերթի սեփականատերն էր։ Սակայն, պարզվում է, որ դեռևս ավելի քան մեկ տարի առաջ է փոխվել թերթի սեփականատերը՝ պայմանավորվածության համաձայն նվազագույնը մեկ տարի անփոփոխ թողնելով գլխավոր խմբագրին։ Նոր սեփականատերը հայտնի փաստաբան, իրավաբանական գիտությունների դոտկոր Սամվել Կարախանյանն է, որն իր մասնագիտական գործունեությունից բացի հայտնի է նաև «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության թիմի կազմում իր ծավալած բարեգործական և հասարակական գործունեությամբ։
Սամվել Կարախանյանը պատասխանել է մեր հարցերին։
– Պարոն Կարախանյան, ի՞նչը Ձեզ դրդեց ձեռք բերելու «Գոլոս Արմենիի» թերթը։
– Անկեղծ ասած, նախապես թերթի ձեռքբերման ձրագիր և մղում չեմ ունեցել։ Նախորդ տարի մեր թիմին եղել է դիմում թերթին աջակցելու համար։ Թերթ ձեռք բերելու և որևէ գիծ վարելու խնդիր չի եղել, հարցին մոտեցել ենք «Գոլոս Արմենիի» դիմումին ընդառաջելու հոգեբանությամբ։ Կհամաձայնեք, որ այս հնագույն լրատվամիջոցը, որը հիմնադրվել է դեռևս 1926 թվականին, իսկ 1992 թվականից գործում է իբրև «Գոլոս Արմենիի»՝ ինքնին արժեք է։ Ըստ իս, պատմություն ունեցող այս ինստիտուտը Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ ինտելեկտուալ ելքի պատուհաններից մեկն է, ուստի նրա պահպանելն ու արժանապատիվ բովանդակությամբ զարգացնելը կարևոր նշանակություն ունի նաև ինձ համար։
Քանի որ թերթն իրոք տեխնիկական վերազինման և կայքի բարելավման լուրջ կարիք ուներ, այդ հարցում հնարավոր աջակցություն ցուցաբերելու թեմայով մենք 2025 թվականի գարնանից սկսել ենք շփվել այն ժամանակվա սեփականատեր և գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանի հետ։ Եվ նախորդ տարվա մայիսին մեր հանդիպում-քննարկումները բերել են այն եզրահանգմանը, որ օգնության պահանջվող ծավալը դուրս է ընթացիկ աջակցության ընդունված սահմաններից։ Մեր կողմից տրամադրվող աջակցության դիմաց առաջացել է թերթի բաժնեմասերը ձեռք բերելու հարցը և մենք 2025 թվականի հունիսի 6-ին տիկին Նախշքարյանի հետ այդ մասին փոխշահավետ պայմանագիր ենք կնքել։ Դրա համաձայն մենք դարձել ենք թերթի նոր սեփականատերը, բայց պայմանով, որ գլխավոր խմբագիրը նվազագույնը մեկ տարի չի փոխվի։ Ինչպես տեսնում եք, փոփոխությունը տեղի է ունենում մեր պայմանագրից ավելի քան մեկ տարի չորս ամիս անց միայն։
Նշեմ, որ մեր ներդրումների շնորհիվ որոշակիորեն ընդլայնվել են թերթի հնարավորությունները, տեղի է ունեցել տեխնիկական վերազինում, հավանաբար ինքներդ կայքի աշխատանքից նկատած կլինեք այդ բարելավումը։ Ընդգծեմ նաև, որ այս ընթացքում մեր կողմից որևէ միջամտություն չի եղել թերթի խմբագրական քաղաքականությանը։ Մենք նաև որևէ կերպ հրապարակայնորեն հանդես չենք եկել նոր սեփականատիրոջ դիրքերից։
– Կհամաձայնեք, որ դա բացառիկ դեպք է հայաստանյան ներկա իրականությունում, շատ դեպքերում դա նաև սկանդալային նորություն կամ ինչպես ընդունված է ասել՝ լավ վերնագիր կարող էր լինել․․․
– Հավանաբար։ Բայց մեր թիմի պահվածքը նաև ցույց է տալիս, որ անգամ Ձեր մատնանաշած իրականության պայմաններում հնարավոր է հասարակական հարաբերությունների նոր մշակույթ ապահովել։
– Թերթ շարունակելու՞ է մնալ ընդդիմադիր։
– Շտապեմ հայտարարել, որ մենք Հայաստանում քաղաքական որևէ նախընտրություն չունենք, մեր հասարակական գործունեության հիմքում Հայաստանի պետության ամրապնդման և արտաքին աշխարհի հետ արժանապատիվ հարաբերությունների զարգացման հարցն է։
Իհարկե, թերթը գործում է մի պայմաններում, որտեղ քաղաքական անհանդուրժողությունն ու հասարակական լարվածությունը, ցավոք, շատ բարձր են։
Եվ իբրև սեփականատեր, թերթի խմբագրակազմի հետ վերջերս տեղի ունեցած մեր առաջին հանդիպման ժամանակ խնդիր եմ դրել լրատվամիջոցի հնարավորության սահմաններում նպաստել հասարակական մթնոլորտի բարելավմանը և առողջ հարաբերությունների ձևավորմաը։
Իսկ թերթի ընդդիմադիր կամ դիմադիր լինելու հարցում ես լուրջ վերապահումներ ունեմ, քանի որ այն քաղաքական կուսակցություն չէ, նաև որևէ քաղաքական ուժի կցորդ չպետք է լինի։ Թերթի առաքելությունը պետական և հասարակական խնդիրների վերհանումն է և դրանց լուծման հարցերի վերաբերյալ իր բովանդակությամբ բոլոր կողմերի վրա դրական ազդեցություն ունենալը։
Պետք է նկատի ունենալ նաև, որ «Գոլոս Արմենիին» ունի առանձնահատկություն․ այն ռուսալեզու է և իբրև այդպիսին ունի արտաքին հնարավոր մեծ լսարան։ Սա մեծապես պարտավորեցնում է, որ թերթը իրոք Հայաստանի ձայնը լինի արտաքին աշխարհի համար և չհամարվի ներքին ու տեղական բնույթի հակասությունների ու վեճերի արտացոլողը։ Իսկ հայկական պատմական և մշակութային ժառանգության թեմաների լուսաբանման հարցերում, նկատի ունենալով նաև դրսում ռուսալեզու բազմամիլիոն լսարանը՝ ներառյալ հայկական սփյուռքը, իր ուսուցողական և լուսավորչական նշանակությամբ թերթը կարող է բացառիկ առաքելություն ունենալ։ Նույնը՝ Հայաստանի ճանաչողության ապահովման հարցերում։
– Արդեն նոր գլխավոր խմբագիր ունեք։
– Այո, խմբագրակազմում առաջին փոփոխությունը եղել է, հոկտեմբերի 1-ից գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանին փոխարինել է մինչ այժմ թերթի գլխավոր խմբագրի տեղակալ աշխատած Լիանա Գյոզալյանը։ Ինչպես տեսնում եք, գնում ենք էվոլյուցիոն ճանապարհով։ Թերթի շուրջ և խմբագրակազմում կա տարիներով ձևավորված իրավիճակ, ավանդույթներ, կապեր և այստեղ կտրուկ քայլերը տեղին չեն լինի։ Բայց, իհարկե, ընթացքում շատ բան ենթակա է վերանայման։ Այսօր արդեն խմբագրության առջև դրված է գործունեության ընդլայնման առաջադրանք, հասարակական-քաղաքական կյանքը լուսաբանելիս անձնական հակասություններից և վիրավորանքներից վեր մնալու խնդիր։
Շնորհակալ եմ Ձեր հետաքրքրության համար, օգտվելով այս առիթից, լրատվամիջոցներին առողջ ու բովանդակային համագործակցության առաջարկություն եմ անում։
Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ հասարակական առաջնընթացի, Հայաստանի պետության և նրա միջազգային հարաբերությունների զարգացման հարցերում։ Եվ դրանց պետք է ամենայն հպարտությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվել։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ



















































