«Նախագահ Քոչարյանի չորրորդ ապօրինի կալանավորումը և այս ապօրինի քրեական գործը որևէ պարագայում չի կարող առօրեական և նորմալ դառնալ քաղաքական դաշտի ակտիվ, պասիվ, թե ստվերային գործող մասնակիցների համար։ Արցախի ու ՀՀ նախագահի ապօրինի քրեական հետապնդումը մինչև չդադարեցվի, ՀՀ-ում քաղաքական կյանքի բնականոն ընթացքի մասին խոսելը կլինի ավելորդ շռայլություն»,-մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը (լուսանկարում)։
Նա ահազանգեց՝ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ քաղաքական թիմի անդամների հետ հանդիպումներից, քաղաքական գործունեության իրականացումից զրկված է՝ առանց դատական ակտի․ «Սա քաղաքական հետապնդման առաջին իսկ ցուցիչն է։ Երբեմն ասում են, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը Նիկոլ Փաշինյանի հրահանգն է։ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը կալանավորման որևէ միջնորդության և որևէ որոշման տակ չկա։ Վաղը, մյուս օրը Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով ասելու է, որ ես չկամ, իմ անուն, ազգանունը դրա տակ չկա, այդ ապօրինի միջնորդությունների որոշումների տակ կան կոնկրետ անուններ, ազգանուններ՝ Աննա Վարդապետյան, Ծովակ Մնացականյան, վճիռներ տվող դատավորներ, և սա կարող են համարել զգուշացում, խնդրանք, հորդոր՝ վաղը մյուս օրը մորքուրները, հորքուրները, քեռիները և առավել ևս բաջանաղները որևէ միջնորդությամբ չգան, չասեն, թե երեխաները չէին հասկանում։ Երեխաներն արդեն հասուն են, կոնկրետ նախագահի դեմ կատարված ապօրինություններն ունեն կոնկրետ անուն ազգանուններով կատարողներ։ Իսկ պատասխանատվության պահը գալիս է անսպասելի և անակնկալ ձևով։ Սա կարող են համարել բարեկամական հորդոր ու զգուշացում։ Աստված մի արասցե՝ կատարողների անձնական որևէ վրեժի հարց լինի, բայց, եթե այդպես լինի, գոնե ընկալելի է։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ սրա պատվերը ևս գալիս է կողքի պետությունից, և կատարողները հայկական անուն, ազգանուններով են»։
Բագրատ Միկոյանը նաև նկատեց․ «Նույնիսկ Ադրբեջանի մտքով չի անցել որևէ մեկի որդուն կալանավորել․ «Բաքվի բանտում մենք չունենք հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան մասնաճյուղում ունենք հայր ու որդի։ Ժամանակն է՝ կատարողները սթափվեն ու մտածեն՝ ինչ են իրենք կատարում»։
Կարդացեք նաև
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին ինչո՞վ է խանգարում Ռոբերտ Քոչարյանը՝ անձնական, թե՝ քաղաքական վրեժխնդրություն է, Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Ես չեմ կիսում այն կարծիքը, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է։ Սա Նիկոլ Փաշինյանի ղեկավար Ալիևի անձնական վրեժխնդրությունն է։ Նախկինում շատ են նեղվել Ալիևները Քոչարյանների ընտանիքից, և սա հենց դրա ուղիղ հետևանքն է։ Սա աշխարհաքաղաքական կոնկրետ պատվեր է։ Պետք է նայել նախագահ Քոչարյանի պատասխանը Էրդողանի նամակին, նրա վերաբերմունքը հայ-թուրքական արձանագրություններին, նախագահ Քոչարյանի բանակցությունները Ադրբեջանի հետ, ու նրա այդ դիրքորոշումներից ադրբեջանական ու թուրքական նեղվածությունը։ Նրա մշտական վերաբերմունքը բարեկամական Ռուսաստանի հետ։ Այս համատեքստում է նախագահ Քոչարյանի կալանավորումը։ Այս հարցն անձնական վրեժի տիրույթում չի տեղավորվում»։
Բագրատ Միկոյանը մի ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանի՝ ԵԽԽՎ-ում հարցուպատասխանից, որտեղ խոսում է իր ընտանիքի, իր ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մասին՝ հիշեցնելով, որ երբ նա 7 տարեկան էր, 1991-1994-ն իր ընտանիքն ապրել է ադրբեջանական ռմբակոծությունների տակ՝ «պադվալում», նշեց․ «Այսօր Սեդրակ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի և Ալիևի սիրելի ԱԱԾ պադվալում հայ իրավապահների ապօրինությունների ռմբակոծությունների տակ է։ Ոնց նախագահն է ասել՝ հպարտ է, որ հաղթել է, ես էլ ասեմ՝ վատ լուր ունեմ, երբ Քոչարյանները հայտնվում են ինչ-որ պադվալում, դա ավարտվում է հաղթանակով»։
Բագրատ Միկոյանի, Արթուր Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































