Հոկտեմբերի 14-ին Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիոն պայմանագրի իրականացումը։
Օլեգ Բելոզյորովը ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերության գործունեության արդյունքները։ Այդ ընկերությունն ապահովում է կոնցեսիոն պայմանագրի իրականացումը։ Նա նաև վարչապետի դեմքով հավաստիացրել է Հայաստանի կառավարությանը, որ ընկերությունը հավատարիմ է իր ստանձնած բոլոր պարտավորություններին։
«Երկաթուղայինների խնդիրն է ապահովել մեր երկրների տնտեսությունների տրանսպորտային կապը։ Կոնցեսիան հնարավորություն է տվել պահպանել և զարգացնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը՝ վերականգնման և պահպանման ծախսերը չդնելով հանրապետության բյուջեի վրա։ Ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։
Կոնցեսիայի գործողության ընթացքում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջոցներից կատարված ներդրումների և «Հարավկովկասյան երկաթուղու» եկամուտների ընդհանուր ծավալը կազմել է 146 միլիարդ հայկական դրամ կամ շուրջ 400 միլիոն ԱՄՆ դոլար։
Կարդացեք նաև
Մենք պատրաստ ենք երկխոսել Հայաստանի կառավարության հետ և համատեղ գնահատել կոնցեսիոն համաձայնագրի արդյունավետությունը։ Մեր կողմից մտադիր ենք հաստատակամորեն կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները», — հայտարարել է Օլեգ Բելոզյորովը։
Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիոն համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականին՝ 30 տարի ժամկետով, երկարաձգման իրավունքով։ Ներկայումս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խոշորագույն հարկատուներից է, որը զգալի ներդրում ունի հանրապետության բյուջեի ձևավորման գործում։ Այն նաև երկրի կարևորագույն և խոշոր գործատուներից մեկն է։
«Հայաստանի երկաթուղիները 1520 մմ լայնությամբ երկաթուղային ցանցի անբաժանելի մասն են, որը գործում է հետխորհրդային ողջ տարածքում։ Հայ գործընկերների հետ համագործակցությամբ ռուսական կողմը պատրաստ է ապահովել անհրաժեշտ բեռնահոսքերը և պայմաններ ստեղծել փոխադրվող ուղևորների թվի աճի համար», – նշել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ղեկավարը։
Նա հավելել է, որ այդ նպատակով «Հարավկովկասյան երկաթուղին» հետևողականորեն արդիականացնում է ենթակառուցվածքներն ու ուղևորատար շարժակազմը։ Մասնավորապես՝ 2021 թվականին մատակարարվել է «Տրանսմաշհոլդինգ» ԲԲԸ-ի արտադրության 27 նոր վագոն, իսկ մի քանի տարվա ընթացքում ձեռք է բերվել նաև ԷՊ2Դ մոդելի չորս նոր էլեկտրագնացք։
Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Հայաստանի երկաթուղային ցանցի օգտագործմամբ տարանցիկ հաղորդակցությունների հնարավորությունները գնահատելու նպատակով։
«ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



















































