Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեզ թվում է, թե պատերազմում զոհվածների նկարնե՞րն են ջնջում: Ջնջում են ձեր տեսողական հիշողությունը. «Փաստ»

Հոկտեմբեր 15,2026 09:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Ձեզ թվում է, թե պատերազմում զոհվածների նկարնե՞րն են ջնջում: Ոչ: Ավելի ճիշտ՝ ոչ միայն: Ջնջում են ձեր տեսողական հիշողությունը: Ջնջում են հիշեցումը, որ եղել են պատերազմներ, եղել է դիմակայություն՝ ոսոխի ու նրա նկրտումների դեմ, եղել են հերոսության ու սխրանքի, անձնազոհության, անձնուրաց խիզախության դրսևորումներ: Իսկ հիշեցնել պատերազմների մասին՝ նշանակում է հիշեցնել նաև, թե ում վարած քաղաքականության հետևանքով բանը հասավ պատերազմի: Նշանակում է հիշեցնել նաև, որ ժամանակին հաղթել ենք նույն այն թշնամուն, որը հիմա բացահայտ ծաղրուծանակի է ենթարկում մեր ազգին, մեր հավատը, մեր պատմությունը և պատմամշակութային ժառանգությունը: Նշանակում է նաև հիշեցնել, որ թշնամին նույն թշնամին է, որ չեն փոխվել նրա նպատակադրումներն ու մեզ բնաջնջելու մղումները:

Իսկ այդ ամենը հիշող մարդիկ, բնականաբար, էլ ավելի շատ չեն հավատա «խաղաղության» թղթե, ավելին՝ անձեռոցիկե «շերեփիկին»: Այն պատրանքային «խաղաղությանը», որն այս իշխանության դրոշակն է: Այսինքն՝ հասարակության ու անհատների հիշողությունը, հիշելու կարողությունը տրամագծորեն հակադրվում են օրվա իշխանության նպատակներին:

Բայց շատ ավելի խորքային հանգամանքներ կան: Գործնականում ջնջվում է Արցախյան շարժման պատմությունը, ջնջվում են ամբողջ թվային արխիվներ, Արցախի գրեթե բոլոր պետական կայքերը ջնջված են, ջնջվում է Արցախի ազատամարտի հիշողությունը: Արցախի դրոշն ու զինանշանն ընդհանրապես ընկալվում է որպես իշխանության «աչքի փուշ»: Մեծ հաշվով, ջնջվում ու վերաշարադրվում է բուն Հայաստանի պատմությունը: Կամայական ու խեղաթյուրված մեկնաբանություններով են ներկայացվում թե՛ խոր անցյալում, թե՛ նաև տասնամյակներ առաջ կատարված դեպքերն ու իրադարձությունները, դրանց նշանակությունը: Խեղաթյուրվում է Հայոց ցեղասպանության հետ կապված պատմությունը, առհասարակ՝ ռևիզիոնիզմը գործող իշխանության հիմնական դրսևորումների շարքում է:

Այդ համատեքստում անհնար է շրջանցել նախօրեին Նիկոլ Փաշինյանի գրանցած հերթական «նվաճումը». նա ամենայն լրջությամբ ասում էր, որ պատմությունն այն է, ինչը պիտի լինի… ապագայում. «Պատմություն ասելով՝ նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա»: Այսինքն՝ «պատմական հիշողությունը»… ապագայի մասին վերացական պատկերացումն է: Դա շատ, այսպես ասենք, «փաշինյանական» է: Թեպետ, գործիքակազմն առանձնապես նոր չէ: Դա մանիպուլյատորների փորձված զենքերից մեկն է. նենգախեղել բուն հասկացությունը, խեղաթյուրել դրա բովանդակությունը, ապա հաղորդել նոր «բովանդակություն»:

Դե, եթե պատմությունն այն է, ինչ պիտի լինի ապագայում, ապա էլ ո՞ւմ է պետք Հայաստանի, հայ ժողովրդի մի քանի հազար տարվա պատմությունը: Սա է Փաշինյանի ասածի հիմնական ենթատեքստը:

Ու ջնջվում են զոհվածների նկարները: Ջնջվում է հերոսականության դրսևորման որևէ նշույլ: Պայքարի, ըմբոստության, ընդվզման, անհանդուրժողականության, չհամակերպվելու, քաջության, համարձակության, հերոսության ցանկացած դրսևորում, ըստ օրվա իշխանության «գաղափարաբանության», մերժելի է, անընդունելի, ջնջելի:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031