Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է համատեղ մշակել Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) շրջանակում տրանսպորտային փոխկապակցվածության ռազմավարություն։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Տոկաևը հայտարարել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում։
Նրա խոսքով՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող տարածաշրջանը տրանսպորտի և փոխկապակցվածության ոլորտում լայն հնարավորություններ ունի։
Ղազախստանի նախագահը նշել է, որ «ընդհանուր միջանցքները պետությունների միջև երկարաժամկետ վստահության ձևավորման ամենաարդյունավետ գործիքներից են», և հավելել, որ ավտոմոբիլային ճանապարհները, երկաթուղիները և ծովային նավահանգիստները միավորում են երկրների տնտեսություններն ու ժողովուրդներին։
Տոկաևն ընդգծել է, որ իրենք տեսնում են Հարավային Կովկասում հեռատես առաջնորդության արդյունքները և ողջունել Ադրբեջանի և Հայաստանի միջև ձևավորվող հաշտեցման գործընթացը։ Նրա խոսքով՝ տասնամյակների առճակատումից հետո երկու երկրների մերձեցումը նոր հնարավորություններ է բացում և նոր հեռանկարներ ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար։
Կարդացեք նաև
Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ ԱՓՎՄԽ-ն, ունենալով ուժեղ քաղաքական կամք և զգալի տնտեսական ներուժ, խոշոր անդրսահմանային նախագծերին աջակցելու հնարավորություններ ունի։
Տոկաևի խոսքով՝ «առաջարկվող ռազմավարությունը կօգնի ուսումնասիրել տարածաշրջանի հիմնական միջազգային տրանսպորտային երթուղիների ներուժը։ Դրանց թվում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, Միջին միջանցքը և TRIPP-ը»:
Ղազախստանի նախագահը նաև հայտարարել է, որ էներգետիկ անվտանգությունը բախվում է լուրջ սպառնալիքների, իսկ մատակարարման շղթաներում խափանումներն ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում։
Տոկաևը նաև առաջարկել է ստեղծել ԱՓՎՄԽ երկրների միջև ջրային համագործակցության հարթակ։ Նա ընդգծել է, որ Կասպից ծովի ջրային ռեսուրսներն ու էկոլոգիան պետք է պաշտպանվեն համատեղ ջանքերով, որպեսզի Կասպից ծովը մնա խաղաղության և համագործակցության տարածք՝ հանուն տարածաշրջանի երկրների և այլ ժողովուրդների բարեկեցության։
Ղազախստանի նախագահը նշել է, որ ԱՓՎՄԽ գործունեության բնապահպանական ուղղությունն ավելի ու ավելի մեծ արդիականություն է ձեռք բերում։ Ըստ նրա՝ ջրի պակասը և էկոհամակարգերի դեգրադացիան Ասիայի ամենալուրջ խնդիրներից են։
Տոկաևը հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բնակվում է աշխարհի բնակչության 60%-ը, սակայն դրան բաժին է ընկնում համաշխարհային ջրային ռեսուրսների ընդամենը 35%-ը։ Այդ պատճառով տարածաշրջանն աշխարհում մեկ շնչի հաշվով ջրային ռեսուրսներով ապահովվածության ամենացածր ցուցանիշներից մեկն ունի։
Ընդգծելով, որ կարևոր է՝ ջուրը միշտ մնա համագործակցության աղբյուր, Ղազախստանի նախագահն առաջարկել է ԱՓՎՄԽ շրջանակում ստեղծել ջրային գործընկերության հարթակ։
Նա նշել է, որ նախաձեռնությունը կնպաստի տեխնոլոգիաների փոխանակմանը, համատեղ հետազոտությունների անցկացմանը և ջրախնայող լուծումների ներդրմանը։



















































