Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը կրկին Հայաստանին է մեղադրել պատերազմը սկսելու համար

Հոկտեմբեր 15,2026 16:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է՝ «մենք վրեժ լուծեցինք մարտադաշտում և խաղաղություն առաջարկեցինք Հայաստանին»:

«Մենք խաղաղություն առաջարկեցինք և արդեն մեկ տարուց մի փոքր ավելի է, ինչ ապրում ենք խաղաղության մեջ: Այս խաղաղությունը դեռևս փխրուն է և պետք է պաշտպանվի և ամրապնդվի»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի 7-րդ գագաթնաժողովում ելույթ ունենալիս ասել է Ալիևը:

«Նրա կողմնակիցները, ըստ երևույթին, չէին սպասում, որ Ադրբեջանը ուժի միջոցով կվերականգնի իր ինքնիշխանությունը և միջազգային իրավունքը: Բայց նրանք բոլորը սխալվում էին», – ասել է Ալիևը։

«1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է չորս բանաձև, որոնք պահանջում էին հայկական զորքերի անհապաղ, լիակատար և անվերապահ դուրսբերումը օկուպացված տարածքներից, սակայն այդ բանաձևերը մնացել են թղթի վրա 30 տարի։ Այս հարցը լուծելու համար 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը մեծ մասամբ համարժեք էր իմիտացիայի։

Հայաստանի նախորդ ղեկավարությունը՝ բոլոր երեք նախկին նախագահները և նրանց կողմնակիցները՝ ռազմական հանցագործներ, դեռևս չեն ստացել իրենց արժանի պատիժը։ 2018 թվականից ի վեր Հայաստանի ներկայիս ղեկավարությունը շարունակել է իր նախորդների հանցավոր քաղաքականությունը։

2019 թվականին Հայաստանի ներկայիս վարչապետը այն ժամանակ օկուպացված Ղարաբաղի Խանքենդիի (Ստեփանակերտի-խմբ․) շրջանում հայտարարեց. «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Միևնույն ժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարը սպառնաց Ադրբեջանին նոր պատերազմով՝ նոր տարածքների դիմաց։ Միջազգային հանրությունը, այսպես կոչված միջազգային հանրությունը, աչք է փակել այս անսահման անամոթության վրա։ Ոչ ոք չդատապարտեց Հայաստանին օկուպացիայի, ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, կոտորածների և ադրբեջանական ժողովրդի կրոնական սրբավայրերի պղծման համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ կիրառել իր բանաձևերը, իսկ ԵԱՀԿ-ն մնաց անտարբեր»,-ասել է նա։

Նրա խոսքով, «Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը՝ միջազգային հարաբերություններում անախրոնիզմի և ատավիզմի երկու օրինակներ, անընդհատ թիրախավորում էին ագրեսիայի զոհ Ադրբեջանին և խրախուսում ագրեսոր Հայաստանին»։

«Մեկ օրից էլ պակաս ժամանակում Հայաստանի «օկուպացիոն բանակը» Ղարաբաղում ջախջախվեց, իսկ «անջատողականների առաջնորդները, մանկասպանները» կանգնեցին ադրբեջանական դատարանի առջև: Նրանք, ովքեր սպառնում էին մեզ տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են Ռազմական ավարների պուրակում:

Այս հարցն ունի գլոբալ նշանակություն, ուստի ես կանգ առա դրա վրա: Եթե Հայաստանի նկատմամբ ժամանակին պատժամիջոցներ մտցվեին «օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների համար», Ադրբեջանը ստիպված չէր լինի մարտի դաշտում ոտնատակ անել «հայկական ֆաշիզմը»: Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը»,- ասել է Ալիևը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել