Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաների խոցելիությունը բռնության նկատմամբ աճել է․ կառավարությունները պետք է ապահովեն սեռական համապարփակ կրթություն՝ տարիքին համապատասխան»․ ԵԽ Նախարարների կոմիտե

Հոկտեմբեր 15,2026 20:05 Share
Աջակցեք aravot.am-ին

«Տեխնոլոգիական արագ փոփոխությունների պատճառով երեխաների խոցելիությունը բռնության նկատմամբ աճել է»,- այսպիսի մտահոգություն կա Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեի՝ դպրոցներում և կրթական այլ միջավայրերում սեռական կրթության մասին տարածած հանձնարարականում։

ԵԽ-ն անդամ երկրներին հորդորում է երեխաներին տալ համապարփակ սեռական կրթություն՝ միաժամանակ փաստելով ծնողների պատասխանատվությունը երեխայի դաստիարակության հարցում։

ԵԽ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ ամրագրված է․ «Անվտանգ, առողջ և հարգանքի վրա հիմնված հարաբերությունները երեխայի բարեկեցության հիմքն են։ Սեռական կրթությունն օգնում է երեխաներին հասկանալ համաձայնությանը, մարմնական անձեռնմխելիությանը, անձնական ինքնավարությանը, անձնական սահմաններին վերաբերող հարցեր։ Այն օգնում է երեխաներին կառուցողական կերպով արտահայտել սեփական հույզերը, ճանաչել բռնության տարբեր ձևերը և արձագանքել դրանց, այդ թվում՝ սեռական բռնությանը և տեխնոլոգիաների միջոցով իրականացվող բռնությանը՝ ինչպես առցանց, այնպես էլ առցանց միջավայրից դուրս, անկախ նրանից՝ բռնություն գործադրողը չափահաս է, թե այլ երեխա։ Այն նաև օգնում է երեխաներին օգտվել ազդարարման և աջակցության ծառայություններից»։

ԵԽ Նախարարների կոմիտեն իր հանձնարարականով նշում է, որ եվրոպական կառավարությունները պետք է ապահովեն սեռական համապարփակ կրթություն, որը կլինի տարիքին համապատասխան, ներառական և գիտականորեն հիմնավորված։ Նրանք պետք է ընդունեն անհրաժեշտ իրավական ակտերը կամ մշակեն համապատասխան քաղաքականության շրջանակներ և հատկացնեն բավարար ֆինանսական, նյութական և մարդկային ռեսուրսներ՝ այդ կրթությունն ապահովելու համար բոլոր համապատասխան կրթական միջավայրերում՝ պետական կամ մասնավոր, ֆորմալ կամ ոչ ֆորմալ։ Սեռական համապարփակ կրթությունից շեղումները՝ օրենսդրությամբ կամ գործնականում կատարվող, խաթարում են երեխաների պաշտպանությունը բռնության տարբեր ձևերից»։

Նախարարների կոմիտեն մտահոգված է նաև այն հանգամանքով, որ երեխաները գնալով ավելի վաղ տարիքից են առնչվում պոռնոգրաֆիկ բովանդակության և երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութերի հետ, որոնք կարող են դառնալ սեռականության մասին տեղեկատվության հիմնական աղբյուր՝ նպաստելով մարմնի և հարաբերությունների վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումների ձևավորմանը։

Հանձնարարականում արտացոլված են 12 երկրից 9-22 տարեկան 245 երեխաների և երիտասարդների տեսակետները, որոնք հավաքագրվել են փաստաթղթի նախապատրաստման ընթացքում անցկացված հարցումների միջոցով։ Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ երեխաների ընկալմամբ՝ սեռական կրթությունը հաճախ սահմանափակ է, ընտրովի, հիմնականում կենսաբանության վրա կենտրոնացած և բավարար չափով հարմարեցված չէ նրանց տարիքին։ Նրանց կարծիքով՝ բավարար ուշադրություն չի դարձվում այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են համաձայնությունը, անձնական սահմանները, բռնության կանխարգելումը, բազմազանությունը և առցանց միջավայրի ռիսկերը։

Հարցմանը մասնակցած երեխաներն ու երիտասարդները կոչ են արել, որ սեռական կրթությունը սկսվի վաղ տարիքից և զարգանա երեխայի տարիքին համապատասխան։ Նրանք ընդգծել են հավաստի, գիտականորեն հիմնավորված տեղեկատվության անհրաժեշտությունը, ինչպես նաև հարաբերություններին, հույզերին, համաձայնությանը, անձնական սահմաններին, սեռական և առցանց բռնությանը, բազմազանությանը և օգնություն խնդրելու եղանակներին անդրադառնալու կարևորությունը։ Հարցմանը մասնակցած երիտասարդները նաև ընդգծել են անվտանգ, չդատապարտող միջավայրերի անհրաժեշտությունը և երեխաների՝ դասընթացների բովանդակության մշակմանը մասնակցության կարևորությունը։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն խորհուրդ է տալիս երեխաներին տրամադրել տեղեկատվություն համաձայնության նշանակության և սեռական հարաբերությունների համար օրենքով սահմանված տարիքի մասին։ Հանձնարարականում ամրագրված է․ «Երեխաներին պետք է նաև տեղեկացնել, որ որոշ սեռական գործողություններ միշտ համարվում են անօրինական՝ անկախ զոհի տարիքից կամ այն հանգամանքից, թե իբր «համաձայնություն» է տվել։ Օրինակ՝ այդպիսի դեպք է, երբ վստահության և հեղինակություն վայելող անձը նման գործողություններ է կատարում երեխայի նկատմամբ»։

Ըստ հանձնարարականի՝ ուսումնական ծրագրերը պետք է հաշվի առնեն սոցիալ-մշակութային նորմերը և գենդերային կարծրատիպերը․ «Սեռական համապարփակ կրթությունը ուսումնական ծրագրերում ներառելուց առաջ և հետո ծնողները և ծնողական պատասխանատվություն կրող այլ անձինք պետք է տեղեկացվեն դրա բովանդակության, նպատակների և հնարավոր իրականացնողների մասին։ Նրանք պետք է նաև տեղեկացված լինեն երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձևերի և դրանց նշանները ճանաչելու եղանակների, օգնություն ստանալու հնարավորությունների, ինչպես նաև այն կրթական ռեսուրսների մասին, որոնց միջոցով կարող են երեխայի հարցերին պատասխանել նրա տարիքին համապատասխան ձևով»։

Հանձնարարականը նախատեսում է նաև վերապատրաստված մանկավարժների ներգրավում, որոնք տեղեկացված կլինեն երեխաների նկատմամբ բռնության իրականացման նոր եղանակների, այդ թվում՝ տեխնոլոգիաների միջոցով իրականացվող բռնության ռիսկերի մասին։ Այն նաև խրախուսում է երեխաների իմաստալից մասնակցությունը, քաղաքացիական հասարակության աջակցությունը, ինչպես նաև արդյունավետ մշտադիտարկումը, գնահատումը և տվյալների հավաքագրումը։

Նախարարների կոմիտեի հանձնարարականը հիմնված է Եվրոպայի խորհրդի Լանզարոտեի կոնվենցիայի վրա («Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա), որին մասնակից են բոլոր 46 անդամ պետությունները։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը պետություններից պահանջում է երեխաներին տրամադրել տեղեկատվություն սեռական շահագործման և սեռական բռնության ռիսկերի մասին։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031