Շիրակի մարզի ամենակոլորիտային՝ դիմագիծ ու համարձակ բնավորություն ունեցող, հերոսամարտերով հայտնի համայնքներից մեկում ՝ Սառնաղբյուրում, բացվեց ժամանակակից տեխնիկական միջոցներով, գրադարանով, ինտելեկտուալ խաղերով հագեցած «երիտասարդական տարածք»։
ՀՀ կառավարությունը 2025 թվականին «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումից հետո համայնքների ու հասարակական կառույցների հետ համագործակցությամբ՝ Հայաստանի տարբեր տեղանքներում սկսել է երիտասարդական տարածքներ ու կենտրոններ բացել՝ այսպիսով ստեղծելով ոչ ֆորմալ կրթական միջավայր ու հատկապես գյուղական համայնքներից կանխելով երիտասարդների շարժը դեպի մեծ քաղաքներ։ Այսինքն՝ երիտասարդական միջավայր ստեղծելով՝ գյուղերը փորձում են փրկել դատարկվելուց։
Պաշտոնապես 3564 բնակիչ ունեցող Սառնաղբյուրը Անիի տարածաշրջանի ամենամեծ բնակավայրն է, այն երիտասարդների պակաս չունի, սակայն հին սրբավայրերով, ուխտատեղիներով, մասնավորապես Զաղայով՝ Գրիգոր Լուսավորչի ճգնարանով, սառնորակ բուժիչ ջրով՝ «անձավաջրով», Կարմիր վանքով ու այլ հին եկեղեցիներով ու վանական համալիրներով հայտնի պատմական տեղանքի պատվախնդիր բնակիչներն այս դեպքում մեծ շահագրգռվածություն են ցուցաբերել, որ իրենց համայնքում էլ «երիտասարդական տարածք» ստեղծվի։
Այս համայնքի «երիտասարդական տարածքը» բավականին ընդարձակ է․ սահմանված 60 քառակուսի մետրի փոխարեն 120 քառակուսի մետր է, առանձնացված լուսավոր սենյակներով՝ ընդունարանով, գրադարանով, խաղասենյակով, խոհանոցով, միջոցառումների սենյակով։
Կարդացեք նաև
«Երիտասարդական տարածքներն» անվտանգ, ապահով ու ներառական միջավայրեր են, որոնք կրթվելու, ինտելեկտուալ ժամանց անցկացնելու, աշխարհայացք ձևավորվելու, ինքնադրսևորվելու, ստեղծագործելու, համայնքային կյանքին ակտիվորեն մասնակցելու մեծ հնարավորություն են տալիս պատանիներին ու երիտասարդներին (13-35 տարեկան)։
Մինչ պաշտոնական բացումը, այս տարածքում արդեն իսկ անգլերենի խոսակցական ու նկարչական ակումբներ են գործել։
Սառնաղբյուրի «երիտասարդական տարածքը» հիմնվել է քառակողմ՝ ՀՀ կառավարության, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Անիի համայնքապետարանի, Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (այս հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում) համագործակցությամբ։ Համագործակցության այս ձևաչափը նոր մշակույթ են համարում։
Բացման պաշտոնական արարողությանը Շիրակի մարզպետից, նրա աշխատակազմից, Անիի համայնքապետից ու համայնքապետարանի պաշտոնատար անձանցից, ավագանու անդամներից բացի մասնակցում էին նաև ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Քրիստինա Թաթարյանն ու երիտասարդական ոլորտը համակարգող պաշտոնյաները։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն իր ելույթում ասաց, երբ քննարկել են՝ Շիրակի մարզի որ համայնքում հիմնել «երիտասարդական տարածք», Անիի բոլոր պաշտոնյաները՝ սկսած համայնքապետից մինչև ավագանու անդամներ, մեծ շահագրգռվածություն են ցուցաբերել, սկսել են համոզել, որ Շիրակի մարզի հենց այս գյուղը ընտրեն։
Արթուր Նաջարյանն ասաց․ «Ազդարարում ենք Սառնաղբյուրի «երիտասարդական տարածքի» բացումը, սա ենթակառուցվածք է, որը մեզ համար ունի իր ուրույն նշանակությունը, որովհետև մենք «երիտասարդական տարածքը» դիտարկում ենք համայնքում մարդկային կապիտալի զարգացման կարևորագույն միջոց։
Երիտասարդը մարդկային կապիտալի հենաշարժիչ ուժն է, սրանով պայմանավորված՝ մենք տարբեր համայնքներում իրականացնում ենք երիտասարդական կենտրոնների և տարածքների բացում։
Ինչով է սա հատկանշական, մասնավորապես 2025 թվականին «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումից հետո մեր կազմակերպությունը իր առջև դրեց կարևոր առաքելություն, որ պիտի շարունակենք նոր թափով աջակցել համայնքներին, տեղում երիտասարդական քաղաքականություն իրականացնել։ Իսկ դա նախևառաջ իրականացվում է երիտասարդական միջավայրեր ունենալով,որտեղ երիտասարդներին հնարավոր կլինի տրամադրել զանազան հնարավորություններ՝ ներուժի զարգացման, բացահայտման, համայնքում ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների համար»։
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն էլ իր ելույթում նշեց, որ Սառնաղբյուրը պատահական չեն ընտրել, այն Անի խոշորացված համայնքի ամենամեծ բնակավայրն է, որը մշտապես աչքի է ընկել տարբեր ոլորտներում իր ակտիվությամբ։
«Սառնաղբյուրում «երիտասարդական տարածքի» բացումը չի նշանակում, որ այն միայն սառնաղբյուրցիներին պիտի ծառայի, այն կարող է համախմբել հարևան բնակավայրերի երիտասարդներին, որոնք ի շահ համայնքի՝ ծրագրեր իրագործեն։ «Երիտասարդական տարածքը» կծառայի երիտասարդական ներուժի բացահայտմանը, երիտասարդներին հետաքրքրող հարցերի բարձրաձայնմանն ու լուծումներ փնտրելուն»,- ասաց համայնքապետը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն էլ շնորհակալություն հայտնեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ «հայրենանվեր, երիտասարդասեր ու երիտասարդացնող» նախագծեր իրականացնելու, Սառնաղբյուրի երիտասարդների աչքերին փայլ բերելու համար։
«Մենք ինքներս էլ պիտի հաճախենք նման կենտրոններ, որպեսզի հնարավորություն ունենանք մեր ժամանակը մի քիչ ավելի հետաքրքիր անցկացնելու։
Գիտեք, մենք լայնածավալ աշխատանքներ ենք կատարում մարզում՝ դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ սարքում, եթե այդ ամենին զուգահեռ չեն զարգանում նման կենտրոնները գյուղական բնակավայրերում, էդ ասֆալտները, դպրոցները, մանկապարտեզները որոշ ժամանակ հետո մի քիչ անհետաքրքիր են դառնում։ Երիտասարդներին պետք է ամբողջ օրը զբաղեցնել, ոչ միայն մանկապարտեզ, դպրոց կամ այլ աշխատանքով, այլ պետք է նրանք ամբողջ օրը զբաղված լինեն իրենց սիրելի զբաղմունքով, իսկ նման կենտրոններն առաջին հերթին հենց նման հնարավորություն են տալիս, հնարավորություն են տալիս նոր ընկերներ ձեռք բերելու և ամենակարևորը՝ կրթվելու, աշխարհայացքն ընդլայնելու։
Վստահ եմ՝ այն, ինչ դպրոցում չեն սովորում, երիտասարդական կենտրոններում կարողանում են սովորել, որոնք կյանքի հմտություններն են, ու ոչ պակաս կարևոր են, քան դպրոցներում ստացած կրթությունը»,-ասաց մարզպետը։
Նա նաև նշեց, որ գյուղական կյանքը երիտասարդների համար այդքան էլ հետաքրքիր չէ, իսկ նման կենտրոնների առկայություն դեպքում նրանց կյանքը բովանդակալից է դառնում, հետաքրքրություն են տեսնում՝ գյուղում մնալու, ապրելու ու հետագայում իրենց երեխաներին այնտեղ մեծացնելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի































































