«Մեկ միլիոնից ավելի բջիջ և ոչ մի բանաձև։ Այսպիսին է այն Excel ֆայլը, որը դատախազությունը ներկայացրել է որպես հաշվարկ։ Բոլոր թվերը մուտքագրված են որպես պատրաստի արժեքներ։ Իսկ թե ինչպես է ստացվել դրանցից որեւէ մեկը, ստուգել հնարավոր չէ։ Մինչ հայցի ներկայացումը դատախազությունը երեք տարի ուսումնասիրություն էր անցկացրել։ Ընդ որում, 2024 թվականից ի վեր դատախազությունն արդեն երրորդ անգամ է ամբողջությամբ փոփոխում հայցը։ Ամեն անգամ՝ նոր թվեր, և ոչ մի անգամ՝ ներկայացված հաշվարկ»,-Հակակոռուպցիոն դատարանում Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ կայացած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատական նիստից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Ցանկացած քաղաքացի, որը դատարան նույնիսկ մի քանի հարյուր հազար դրամի հայց է ներկայացնում, պարտավոր է հայցին հաշվարկ կցել։ Եթե հաշվարկը չլինի, հայցը վերադարձվում է։ Իսկ այստեղ պահանջում են միլիոնավոր դրամներ՝ առանց այդպիսի հաշվարկի։ Նման գործերով դրամական պահանջի ստուգելի հաշվարկ չներկայացնելը դատախազության համար արդեն սովորական պրակտիկա է։ Ներկայացված հայցով չի բացահայտվում նաև հաշվարկի մեթոդը»,-ասաց նախկին պաշտոնյան եւ մի պարզ օրինակ բերեց։։ «Հաշվին կա մեկ միլիոն դրամ, որից, ըստ դատախազության, 400 հազարն օրինական է, 600 հազարը՝ ոչ։ Ենթադրենք այդ հաշվից գնվում է 400 հազարանոց գույք։ Եթե մեթոդն այն է, որ նախ ծախսվում են օրինական միջոցները, ապա գույքը 0%-ով է ապօրինի դիտարկվում, եթե համամասնորեն՝ 60%-ով, իսկ եթե հենց սկզբից ապօրինի միջոցները՝ ապա 100%-ով։ Դատախազությունը չի բացահայտում, թե նշվածներից որ կանոնն է կիրառել։ Պատասխանողին տվյալ պարագայում մնում է միայն գուշակություններ անել։
Թվերը փոխվում են նաև հայցից հայց։ 2024-ի հայցում 2001 թվականի փետրվարի 20-ի դրությամբ Դավիթ Հարությունյանի օրինական միջոցները հաշվված էին 3,9 միլիոն դրամ, իսկ 2026-ի հայցում նույն օրվա միջոցներն արդեն 1,9 միլիոն են։ Նախորդ հայցը փոխվեց, և Զաքյան 8-ի բնակարանի «ապօրինի» մասը աճեց 20%-ով։ Բացատրություն չկա, թե ինչու նախկինում նույն դատախազության կողմից օրինական համարված միջոցները հանկարծ ավելի քան երկու անգամ պակասեցին։
Մեկ այլ դրվագ. 2024-ին դատախազությունը պահանջում էր LEXUS և FORD մեքենաների բռնագանձում։ 2026-ին նույն դատախազությունը գրում է, որ դրանք ամբողջությամբ հիմնավորվել են օրինական եկամուտներով։
Կարդացեք նաև
Փաստորեն, ավելի քան երկու տարի իմ ընտանիքի գույքը պահվել է արգելանքի տակ մի հաշվարկով, որն այսօր իրենք էլ չեն պաշտպանում։ Եթե 2024-ի թվերը սխալ էին հաշվված, ինչո՞վ են 2026-ի թվերն ավելի հուսալի»,- հարցրեց Դավիթ Հարությունյանը։
Ըստ նրա, ծախսերը հաշվելու ելակետն էլ ավելի ուշագրավ է։ «1995 թվականի համար դատախազությունը մեկ անձի «նվազագույն» ամսական ծախսը հաշվել է 5 599 դրամ։ Այդ տարի պետական համակարգում միայն նախագահի, փոխնախագահի և վարչապետի միջին զուտ աշխատավարձն էր այդ գումարից բարձր, այն էլ՝ ընդամենը մոտ 14%-ով։ Անգամ Ազգային ժողովի նախագահի և Գլխավոր դատախազի աշխատավարձերն արդեն պակաս էին այդ «նվազագույնից»։ Այսինքն՝ դատախազության հաշվարկով Գլխավոր դատախազն իր աշխատավարձով չէր կարող կերակրել անգամ ինքն իրեն, էլ չասենք՝ երեխա պահել։ Նման ուռճացված նվազագույն սպառողական զամբյուղով ում ասես կարելի է համարել ապօրինի գույք ունեցող»,- նշեց նախկին նախարարը նշելով, որ եթե ծախսերն ուռճացվում են, ապա օրինական եկամուտները, բնականաբար, նվազում:
Դավիթ Հարությունյանի կնոջ 1991–1993 թվականների 166 860 ռուբլի աշխատավարձը, դատախազությունը վերահաշվել է 834 դրամ՝ դրամի ներդրման պահի հարաբերակցությամբ (200 ռուբլին՝ մեկ դրամ)։ Կարծես երեք տարի աշխատավարձը պահվել է օրեցօր արժեզրկվող ռուբլով։ Արդյունքում՝ երեք տարվա աշխատանքը դատախազությունը «գնահատել է» 834 դրամ։
«Այս արհեսատական ձևով դատախազությունը 1994 թվականին զրոյացնում է մարդկանց նախկին ունեցվածքը, կարծես կյանքը սկսվել է այդ օրվանից։ Եվ հենց այդ զրոյից է սկսվում գույքի ապօրինի լինելու հաշվարկը»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
«Նույն տրամաբանությամբ են հաշվված գործուղումները։ Ավելի քան երկու տասնամյակ պետական պաշտոններ զբաղեցնելով՝ Դավիթ Հարությունյանը բազմիցս գործուղվել է Ազգային ժողովի և Կառավարության որոշումներով։ Հյուրանոցի և ավիատոմսերի ծախսերը դատախազությունը հաշվել է որպես նրա անձնական ծախս, իսկ պետության վճարած փոխհատուցումները որպես եկամուտ հաշվել է միայն սահմանափակ թվով գործուղումների համար։ 1995–2009 թվականների համար՝ ոչ մի դրամ։ Ծախսը հաշվել են, պետության տված փոխհատուցումը` ոչ»։
Դավիթ Հարությունյանը նիստում ցույց տվեց նաև, թե ինչպես կարող է օրինական գումարը «ապօրինի» դառնալ միայն փոխարժեքի տատանման պատճառով։ Օրինակ` 10 հազար օրինական դոլարը հաշվին է մտել, երբ դոլարն արժեր 300 դրամ, իսկ տարիներ անց նույն 10 հազար դոլարով գույք է գնվել, երբ դոլարն արժեր 350 դրամ։ Դատախազությունը հաշվում է այսպես՝ օրինական 3 միլիոն, ծախս՝ 3,5 միլիոն, և գույքի 14%-ն արհեստականորեն դառնում է «ապօրինի»։ Հետո ինքնաբերաբար «ապօրինի» է դառնում այդ գույքի վարձավճարի 14%-ը, հետո՝ վարձավճարից դրված ավանդի տոկոսը, և այսպես շարունակ՝ ձնագնդի էֆեկտի պես։
«Մեկ միլիոն բջիջը տվյալների ծավալի ապացույց է, ոչ թե հաշվարկի»,- ամփոփեց Դավիթ Հարությունյանը։
Հաջորդ լսումները կկայանան հոկտեմբերի 21-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































