Ucom-ի աջակցությամբ Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է արհեստական բանականությամբ աշխատող վայրի բնության մշտադիտարկման ԱԲ նոր տեսախցիկային համակարգ։ Ընկերությունն ապահովել է համակարգի անխափան կապն ու տվյալների պահպանման համար անհրաժեշտ սերվերային ենթակառուցվածքը։
Նոր համակարգը հնարավորություն է տալիս իրական ժամանակում ստանալ, անվտանգ փոխանցել և պահպանել մոնիթորինգային տվյալները՝ ապահովելով տարածքի շուրջօրյա վերահսկողություն։
«Մեզ համար կարևոր է, որ Ucom-ի տեխնոլոգիական կարողությունները կիրառվեն նաև այնտեղ, որտեղ դրանք կարող են երկարաժամկետ արժեք ստեղծել բնության համար։ Այս նախագիծը կապի, տվյալների և բնապահպանական աշխատանքի համադրման օրինակ է, երբ տեխնոլոգիան դառնում է ոչ միայն ենթակառուցվածք, այլև պահպանության գործիք։ Մենք շարունակելու ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի բնության պահպանությանը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Կարդացեք նաև
ԱԲ-ով աշխատող տեսախցիկային համակարգը կարևոր նշանակություն ունի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքների պահպանության համար։ Այն հնարավորություն է տալիս դժվարանցանելի և բնապահպանական առումով զգայուն հատվածներում վաղ փուլում հայտնաբերել ծուխն ու հնարավոր հրդեհի օջախները, ինչպես նաև արձանագրել ոչ ստանդարտ շարժումներ, որսագողության փորձեր և ապօրինի մուտքեր՝ պահպանության ծառայությանը հնարավորություն տալով արագ արձագանքել։
Միաժամանակ, շուրջօրյա մշտադիտարկումն իրականացվում է առանց կենդանիների բնական կենսագործունեությանը միջամտելու կամ նրանց անհանգստացնելու։
«Այս համակարգի ներդրումը կարևոր քայլ է տարածքի կենսաբազմազանության առավել արդյունավետ պահպանության համար։ Շնորհակալ ենք Ucom-ին՝ վայրի բնության պահպանության գործում տեխնոլոգիական լուծումներով մեր կողքին լինելու համար», – նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Վայրի բնության պահպանությանն ուղղված տեխնոլոգիական լուծումների ներդրումը Ucom-ի բնապահպանական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի կարևոր ուղղություններից է։ Ընկերությունը շարունակում է աջակցել Հայաստանի էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանությանը՝ ժամանակակից կապի և տեխնոլոգիական լուծումների հնարավորությունները ծառայեցնելով բնապահպանական նախաձեռնություններին։























































