Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական բանականության գործարաննե՞ր, թե՞ հոսանքի դեֆիցիտ․ ինչու է Հայաստանը պատրաստվում Ադրբեջանից էներգիա գնել

Հոկտեմբեր 16,2026 12:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցի ներկայացուցիչները հանդիպել էին Գորիսում, և քննարկվել է TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցը։ Լրագրողները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին խնդրեցին որոշ մանրամասներ հայտնել:

«Ըստ էության՝ այն հայտարարությունը, որ տարածել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ամբողջովին արտացոլում է այն օրակարգը, ինչի մասին քննարկումներ են եղել Ադրբեջանի Հանրապետության էներգետիկ ոլորտի ներկայացուցիչների հետ: Քննարկվել է TRIPP-ով պայմանավորված ենթակառուցվածքների, էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված հարցը: Սա երկրորդ հանդիպումն է այս տրամաբանության մեջ»,- ասաց նախարարը:

«Դրանից կարճ ժամանակ առաջ մի հանդիպում է եղել, որին մասնակցել են մեր երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուները: Այդ հանդիպմանն էլ քննարկվել է էներգետիկ համակարգերը իրար միացնելու հարցը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանից կարողանա գնել էլեկտրաէներգիա, և Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունից կարողանա գնել էլեկտրաէներգիա: Մենք այս ընթացքում ուսումնասիրել ենք առկա ենթակառուցվածքները: Ներդրումներ՝ փոքր ներդրումներ անելու տրամաբանության մեջ էլ ենթակառուցվածքներն արդեն պատրաստ են, և, ըստ էության, կարող ենք այդ հարցն արդեն ավելի գործնական փուլ փոխադրել»,- ասաց Խուդաթյանը:

Նա հավելեց, որ հանդիպումները շարունակական կլինեն, որովհետև, նրա ձևակերպմամբ՝ TRIPP-ի շրջանակում մեծ ծավալի անելիք կա. «Էներգետիկ ոլորտում մեր ռազմավարությունը հետևյալն է՝ որքան հնարավոր է մեծ թողունակությամբ, տարբեր հատվածներով միանալ հարևան երկրների էներգետիկ համակարգերին: Իհարկե, այս օրակարգը մեզ համար նոր չէ: Այս օրակարգի տրամաբանության մեջ մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացնում ենք «էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» ծրագիրը:

Ըստ անհրաժեշտության՝ տարվա որոշակի սեզոնների վաճառում են, կամ որոշակի սեզոնների Վրաստանի Հանրապետությունից են գնում էլեկտրաէներգիա, և մեր ռազմավարությունը այս առումով չի փոխվել»:

Հարցին՝ առաջիկայում Հայաստանը անհրաժեշտություն կունենա՞ Ադրբեջանից էլեկտրաէներգիա ձեռք բերելու, նա այսպես արձագանքեց. «Եթե մեկ տարի առաջվա մեր թվերը նայենք, Հայաստանի Հանրապետությունում կար էլեկտրաէներգիայի ավելցուկ, և առհասարակ տարածաշրջանում Հայաստանը դիրքավորված էր որպես էլեկտրաէներգիա վաճառող երկիր, իսկ հիմա արհեստական բանականության գործարանների առկայությամբ և դրա պահանջարկով պայմանավորված՝ այնպիսի իրավիճակ ունենք, երբ տեսականորեն որքան էլեկտրաէներգիա արտադրի Հայաստանի Հանրապետությունը, կամ որքան էլեկտրաէներգիա լինի Հայաստանի Հանրապետությունում, այն կարող ենք տրամադրել արհեստական բանականության գործարաններին, և այդ տրամաբանության մեջ, այո, չի բացառվում իրավիճակ, երբ մենք գնենք, այնպես, ինչպես, օրինակ, Վրաստանից ենք գնում և ժամանակ առ ժամանակ գնում ենք»:

Ատոմակայանի վերաբերյալ էլ Խուդաթյանը հավելեց. «Մենք ամենասկզբնական շրջանում դիտարկում էինք փոքր մոդուլային ռեակտորներով ատոմակայանի կառուցումը: Մենք մի քանի երկրներից առաջարկներ ունենք, ուսումնասիրում ենք, 2027 թվականի տարեսկզբին արդեն մոդելի հետ կապված որոշում կունենանք և դրա մասին կհայտարարենք, կանցնենք գործնական փուլ: Սրան զուգահեռ երկարացրել ենք Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը… Տրամաբանությունը հետևյալն է՝ շահագործել Մեծամորի ատոմակայանն այնքան ժամանակ, քանի դեռ էներգետիկ համակարգին նոր ատոմակայան միացված չէ: Մենք դրա համար առնվազն, այս պահի դրությամբ, 10 տարի ժամանակ ունենք, և կարծում եմ՝ այս տեմպերով առաջ գնալու դեպքում խնդիրներ չենք ունենա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031