Լրագրողի հարցին, որ Իրանը բազմիցս է ասել, որ մտահոգություններ ունի տարածաշրջանում և մեր հարևանությամբ ամերիկյան ուժերի ներկայության հետ կապված, արդյոք այդ մտահոգությունները պահպանվում են՝ հաշվի առնելով վերջին շրջանի հայ-իրանական բանակցությունները, Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին այսպես արձագանքեց. «Ըստ էության, մենք մտահոգություններ ունենք տարածաշրջանում և մեր հարևանությամբ ցանկացած ներկայության վերաբերյալ։ Սակայն կոնկրետ այս հարցում մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ բարեկամների հետ և վստահում ենք նրանց։ Մենք գիտենք, որ նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ։ Ուստի մենք շարունակում ենք խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ»։
Իրանի ԱԳ նախարարը նաև հավելեց. «Իմ շատ լավ բարեկամն է Հայաստանի արտաքին գործերի նախարարը, վերջերս Թեհրանում էր, մենք արդյունավետ խորհրդակցություններ ունեցանք, իսկ այսօր մեր նախագահը կհանդիպի վարչապետ Փաշինյանի հետ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ: Այնպես որ մենք սերտ կապի մեջ ենք»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































