Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքարդյունաբերությունը պարունակում է ռիսկեր ու պահանջում զգուշավոր մոտեցում. Աբաջյան

Հոկտեմբեր 16,2026 20:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի համար զգալի ներդրումային հնարավորություններ է ստեղծում, սակայն միաժամանակ պարունակում է ռիսկեր և պահանջում զգուշավոր մոտեցում։ Այս մասին ՀՀ հանքարդյունաբերության երրորդ ֆորումի ժամանակ ասաց «Ներդրումների խթանման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը խոշոր կապիտալ ներդրումներ պահանջող ոլորտ է, որտեղ նույնիսկ մեկ հաջողված գործարքը կարող է բավարար լինել ներդրումների ներգրավման տարեկան նպատակը կատարելու համար։ Միևնույն ժամանակ, ոլորտը կապված է լուրջ հեղինակային ռիսկերի հետ։

Հետևաբար, Հայաստանը որպես ներդրումային ուղղություն ներկայացնելիս անհրաժեշտ է հատկապես ուշադիր ձևակերպել առաջարկները և հստակ ներկայացնել, թե երկիրն ինչ հնարավորություններ կարող է առաջարկել ներդրողներին։

Աբաջյանի խոսքով՝ հանքարդյունաբերությունը ներդրումների համար գրավիչ ոլորտ է, և Հայաստանը բացառություն չէ։ Սակայն այն բարդ ու զգայուն ոլորտ է, հատկապես երբ խոսքը ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների մասին է։ Դրանց նշանակությունը վաղուց դուրս է եկել զուտ հանքարդյունաբերության սահմաններից և կարևոր տեղ է զբաղեցնում ավելի լայն քաղաքական քննարկումներում։

Օգտակար հանածոների մեծ պաշարներ ունեցող երկրները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բանակցություններում, լրացուցիչ ազդեցության լծակներ են ստանում։ Այդ համատեքստում Աբաջյանի կարծիքով՝ Հայաստանի համար առանցքային հարցն այն է, թե որքան արդյունավետ է երկիրն օգտագործում իր ռեսուրսները և ինչպես կարող է դրանցից առավելագույն արդյունք ստանալ։

Աբաջյանը նշել է, որ հիմնադրամը Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ պարբերաբար քննարկում է Հայաստանի տեղը համաշխարհային արժեքաստեղծ շղթաներում՝ փորձելով հասկանալ, թե որտեղ է ձևավորվում հավելյալ արժեքը և ինչ գին է երկիրը վճարում դրա ստեղծման համար։

Հայաստանը մոլիբդենի խոշոր արտահանող երկրների թվում է, ունի պղնձի պաշարներ, իսկ երկրում գործում են հանքարդյունաբերական և մետալուրգիական ընկերություններ։ Սակայն, ինչպես նշել է Աբաջյանը, Հայաստանը չի արտադրում մաքուր մետաղներ, որոնք օգտագործվում են, օրինակ, հակաօդային պաշտպանության համակարգերի և բարձր տեխնոլոգիական սարքավորումների արտադրության մեջ։

Հենց այս հարցն է հիմնադրամը բարձրացնում կառավարության գործընկերների հետ քննարկումներում և արտացոլում իր տեսլականում, որը ներկայացնում է պոտենցիալ ներդրողներին։
Աբաջյանի համոզմամբ՝ հավելյալ արժեքի ստեղծումը չպետք է սահմանափակվի միայն հումքի վերամշակմամբ․ իրական արժեքը պատրաստի արտադրանքի թողարկման մեջ է։

«Հարցն այն է, թե որքանով ենք մենք մոտեցել վերջնական արտադրանքին և արդյոք արտադրո՞ւմ ենք այնպիսի արտադրանք, որը կիրառվում է տեխնոլոգիաներում, չիպերի արտադրության մեջ և այլն»,- պարզաբանել է նա։

Հիմնադրամը ձգտում է միջազգային ներդրողների համար բացահայտել Հայաստանում արտադրական շղթաների հաջորդ փուլերում գործունեություն ծավալելու հնարավորությունները։

Աբաջյանն ընդունում է, որ օգտակար հանածոների արդյունահանումից մինչև նման արտադրանքի թողարկում ճանապարհը երկար է։ Այնուամենայնիվ, նա այս ուղղությունը կապում է Հայաստանի ռազմավարական նպատակի՝ գիտելիքահեն տնտեսության ձևավորման հետ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031