Հոկտեմբերի 16-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրության 35-ամյակին նվիրված «ԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը և «Անկախություն» նկարագիրքի շնորհանդեսը։
1991 թվականի հոկտեմբերին ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրված առաջին նախագահի քաղաքական կերպարն ու անկախ պետականության կերտման դժվարին ուղին ներկայացնող միջոցառմանը մասնակցում էին պետական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ և մտավորականներ։
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը անդրադարձավ ֆիլմի ստեղծման նախապատմությանն ու հիմնական շարժառիթներին.
«Մի տարի առաջ 80-ամյակն էր լրանում Առաջին նախագահի: Այդ ժամանակ գաղափար առաջացավ, իհարկե, ուշ առաջացավ, և արդեն հոբելյանին չհասցրեցինք, բայց և վաղուց հասունացած գաղափար էր, որ պետք է Առաջին նախագահի քաղաքական կերպարը ինչ-որ ձևով ֆիլմով բացահայտել: Այն կոչվում է «Գիտությունից պետություն՝ քաղաքական դիմանկարի ուղեգծեր»:
Եվ ուրեմն, բնականաբար, ամբողջ սպեկտրով չի ներկայացնում Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարը, այլ միայն ուղեգծերով, որովհետև մի ժամ հինգ րոպե է ֆիլմի տևողությունը»:
Խոսելով ֆիլմի հիմնական շարժառիթի մասին՝ Պասկևիչյանը շեշտեց.
«Շարժառիթը հետևյալն է․ ամենագլխավոր շարժառիթն այն է, որ մեր նորագույն պատմությունն ընդհանրապես հայտնվել է ստվերում: Դա եղել է և՛ երկրորդ, երրորդ նախագահների ջանքով, և՛ ներկա իշխանությունների ջանքով: Այսինքն՝ նրանք բոլորը ամեն կերպ աշխատում են ստվերել այն պատմությունը, որ եղել է Հայաստանի անկախություն ձեռք բերելու առաջին տարիներին և ընդհուպ մինչև 2000-ականների սկիզբը: Եվ այդ պատճառով սա ևս մեկ առիթ էր ոչ միայն բացահայտելու Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարը, այլև խոսելու այն ամենի մասին, ինչը, ուրեմն, հիմք դարձավ Հայաստանի Հանրապետության համար»:
Անդրադառնալով ֆիլմի գլխավոր ուղերձին՝ հեղինակը նշեց.
«Վերջերս մի այդպիսի միտք, ուրեմն, դրվեց շրջանառության մեջ, որ պատմությունը այն չէ, ինչ եղել է, պատմությունն այն է, ինչ լինելու է: Ինձ թվում է, այս ֆիլմի ուղերձն այն է, որ նախ՝ խորքի հետ կապված, սա մարդկային հիմնարար միտք է… Այս պատմությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարի շուրջ հյուսված պատմությունը, նրա մասին է, թե ինչպես կարելի է անհնարին պայմաններում անել բաներ, որոնք կհանգեցնեն պետության կերտմանը, անվտանգության հաստատմանը, հաղթանակին պատերազմում և այլն»:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Անկախություն» նկարագիրքի շնորհանդեսը, որը հրատարակել է «Անտարես» մեդիա հոլդինգը (կազմողներ՝ Արամ Մանուկյան, Արմեն Մարտիրոսյան, ձևավորող՝ Գարեգին Զաքոյան):
Արամ Մանուկյանն իր ելույթում պատմեց գրքի ստեղծման դժվարին ու երկարամյա ճանապարհի մասին.
«Մի խումբ մտավորականներ և քաղաքական գործիչներ հույս էին փայփայում, որ Հայաստանում ժողովրդական իշխանություն է եկել՝ ժողովրդավարական, եւ կարող ենք պահպանել վերանկախական արժեքները, ստեղծել ֆիլմեր, գրքեր եւ մատուցել սերունդներին մեր անկախության արժեքները: Միամիտ էինք, հույս էինք կապում մեզ իշխանությունների հետ եւ ձախողվեցինք այդ բնագավառում: Տիգրան Պասկևիչյանը այն ժամանակ նկարեց «Անկախության ֆիլմը», որ արգելվեց»:
Նա նշեց նաև գրքի տեխնոլոգիական հագեցվածության մասին.
«Այստեղ մենք օգտագործել ենք մի շատ հետաքրքիր ծրագիր, QR կոդերով ներկայացված է որոշ փաստեր, որոշ ֆիլմեր, որոնք մինչ այժմ չեն եղել և հրապարակվում են առաջին անգամ… QR կոդով տրված է Գարեգին Զաքոյանի, որը այս գրքի ձևավորողն է, ֆիլմը՝ 20 րոպեանոց ֆիլմ է Ազատության հրապարակի, որը կրկին շատերդ չեք տեսել»:
Զաքարիա Սրբազանն իր ելույթում շեշտեց առաջին նախագահի բնորոշ հատկանիշների մասին.
«Մենք ավելի գերադասում ենք քաղցր սուտը, քան՝ դառը ճշմարտությունը։ Եվ կարծում եմ, որ նախագահին բնորոշ ամենակարևոր հատկություններից մեկը ազնվությունն է։ Նա ազնիվ էր մեզ հետ, բայց մենք շատ հաճախ չկարողացանք [պահպանել այդ նույն բարձր նշաձողը]»:
Հիշատակվեց նաև 1990-ական թվականներին Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Աստվածաշունչը աշխարհաբարի վերածելու գործընթացում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած դերակատարումը՝ որպես եկեղեցու ավանդությունները և հոգևոր գրականությունը նախանձախնդրությամբ պաշտպանող հայորդու։
«Ֆակտում» փաստագրական կենտրոնի արտադրած 65-րոպեանոց ֆիլմը ստեղծվել է «Անտարես» մեդիա հոլդինգի և Խաչիկ Հարությունյանի աջակցությամբ։
Արգինա Փահլևանյան
























































