Լրահոս
Օրվա լրահոսը

Անթույլատրելի ապացույցներով քրեական գործի փլուզում

Հոկտեմբեր 17,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Ինչի՞ մասին էր №0018 գործը եւ ինչի՞ էին մեղադրում.

Գործը վերաբերում էր պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելուն: Ըստ վարույթն իրականացնող մարմնի վարկածի՝ Գրասենյակի շահառուին, ով հանդիսանում էր անտառապահ, մեղադրանք էր առաջադրվել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2021 թվականի ընթացքում, իբրև կատարելով անտառպետի անօրինական ցուցումները, թույլատրել էր մի շարք քաղաքացիների անարգել մուտք գործել անտառ և առանց համապատասխան փաստաթղթերի իրականացնել տարբեր ծառատեսակների ապօրինի հատումներ: Մեղադրող կողմը պնդում էր, որ դրա հետևանքով պետությանը պատճառվել էր առանձնապես խոշոր չափի վնաս:

Պաշտպանի գտած կարեւոր փաստերն ու գործի առանձնահատկությունները.
Հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանը, ստանձնելով անտառապահի պաշտպանությունը, իրականացրեց գրագետ և թիրախային պաշտպանական մարտավարություն՝ կասկածի տակ դնելով ապացույցների ձեռքբերման օրինականությունը: Պաշտպանական կողմը հիմնավորեց, որ գործի հարուցման հիմք հանդիսացող առանցքային ապացույցները, մասնավորապես՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնի լսումներն ու օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումների արդյունքները, ձեռք են բերվել օրենքի կոպիտ խախտմամբ: Արդյունքում դատարանը դրանք ճանաչեց անթույլատրելի և հանեց ապացուցողական զանգվածից: Պաշտպանը հաջողությամբ հիմնավորեց, որ առանց այդ անթույլատրելի ճանաչված ապացույցների՝ մնացած նյութերով անձի մեղավորությունն ապացուցված չէ:

Մարդկային պատմությունը` սկզբունքային պայքար.
Այս գործն աչքի էր ընկնում քաղաքացու նկատմամբ գործադրվող ճնշմամբ՝ հաշվի առնելով կոռուպցիոն բնույթի հանցագործության ծանր մեղադրանքն ու պետությանը հասցված ենթադրյալ խոշոր վնասի փաստարկը: Շահառուն հայտնվել էր իրավապահ համակարգի թիրախում և ստիպված էր պայքարել իր բարի համբավի համար: Չնայած ստեղծված ծանր հոգեբանական իրավիճակին՝ նա և իր պաշտպանը սկզբունքային և հետևողական պայքար մղեցին՝ հասնելու նախաքննության անօրինականությունների բացահայտմանը և մարդու արդարացի իրավունքների վերականգնմանը:

Դատարանի վերջնական խոսքն ու արդարացումը.
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Մերի Մոսինյանի), գնահատելով գործում առկա ապացույցները և հաշվի առնելով պաշտպանական կողմի հիմնավորումները՝ արձանագրեց էական խախտումներ: Դատարանը փաստեց, որ քանի որ վարույթը նախաձեռնվել էր անթույլատրելի ապացույցների հիման վրա, ուստի ողջ նախաքննությունն անօրինական է: Կիրառելով անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ դատարանն արձանագրեց չփարատված ողջամիտ կասկածներ, որոնք մեկնաբանվեցին հօգուտ մեղադրյալի: Դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով Գրասենյակի շահառուի անմեղությունը և, նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցրեց:

Պաշտպանի մասնագիտական ուղին.
Հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանն անցել է մասնագիտական երկար ուղի, որի զգալի մասը ներդրել է հենց հանրային պաշտպանության ոլորտում։ Այդ ընթացքում ձեռք բերված փորձը, ճկուն միտքն ու համբերատար աշխատանքը հաճախ են ապահովել ցանկալի արդյունքներ: Այս բարդ քրեական գործի ելքը, դրա հերթական առհավատչյան է: Նա ոչ միայն կարողացավ վեր հանել և ապացուցել նախաքննական մարմնի թույլ տրված ընթացակարգային կոպիտ խախտումները, այլև հետևողականորեն պաշտպանեց քաղաքացու հիմնարար իրավունքները՝ թույլ չտալով, որ անօրինական ճանապարհով ձեռք բերված նյութերը դառնան դատավճռի հիմք:

Հանրային պաշտպանի գրասենյակ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել