Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ներկայում գտնվում է պարադոքսալ իրավիճակում։ Մի կողմից՝ պաշտոնական հայտարարություններ են հնչում ձեռքբերումների, ռեկորդային հոսքերի և «զբոսաշրջության գերազանցության կենտրոն» դառնալու հավակնությունների մասին, մյուս կողմից՝ պարզ են դառնում զբոսաշրջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք տեղ են գտնում անգամ միջազգային զեկույցներում։
Համաշխարհային տնտեսական համաժողովի «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսի» 2026 թվականի զեկույցը, որի շուրջ «Լույս» հիմնադրամն օրերս մանրամասն վերլուծություն է ներկայացրել, բոլորովին նոր լույս է սփռում առկա իրավիճակի վրա։ 110 երկրի շարքում Հայաստանը 3,81 միավորով զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը, մինչդեռ 2019 թվականին երկիրը 64-րդն էր։ Ութ հորիզոնականով նահանջը նշանակում է, որ ժամանակին մեզանից հետ մնացող բազմաթիվ երկրներ վերջին տարիներին առաջ են անցել՝ ավելի հետևողականորեն ներդրումներ անելով իրենց ենթակառուցվածքներում, մարքեթինգում և միջազգային վստահության կառուցման մեջ։ Հայաստանի ինդեքսը 6,4 տոկոսով ցածր է համաշխարհային միջին 4,07 միավորից և 13,2 տոկոսով զիջում է «Եվրոպա և Եվրասիա» տարածաշրջանի միջին 4,39 միավորին, ինչը ցույց է տալիս, որ խնդիրը միայն համաշխարհային մրցակցության բարձր չափանիշները չեն, այլ նաև մեր անմիջական տարածաշրջանում ձևավորված մրցակցային ֆոնին համընթաց չզարգանալը։
Այս պատկերն առավել ցայտուն է դառնում, երբ այն դիտարկում ենք զբոսաշրջիկների թվաքանակի աճի հետ մեկտեղ։ Վերջին տարիներին Հայաստան այցելողների թիվն իսկապես աճել է, սակայն այդ աճի բնույթը, մեծ հաշվով, զբոսաշրջության ոլորտի հետ կապ չունի։ Ռուս-ուկրաինական պատերազմի, Մերձավոր Արևելքի զինված հակամարտությունների և տարածաշրջանային այլ ցնցումների հետևանքով Հայաստան են եկել կամ այստեղ հաստատվել ու ժամանակավորապես ապրել զգալի թվով մարդիկ, որոնց ներհոսքը պայմանավորված է եղել առավելապես արտաքին, հաճախ ժամանակավոր հանգամանքներով։
Երբ երկրի ինդեքսը և վարկանիշը տարեցտարի վատանում են, իսկ զբոսաշրջիկների թիվը միաժամանակ աճում է, դա լավագույն ապացույցն է, որ աճը ոչ թե համակարգային քաղաքականության արդյունք է, այլ արտաքին բարենպաստ պայմանների հետևանք։ Պետության մոտեցումը կարելի է բնութագրել որպես «պասիվ կառավարում»՝ զուգորդված ինքնաբուխ աճի սպասմամբ՝ առանց այն կայուն մրցակցային առավելության վերածելու հստակ գործիքների։
Կարդացեք նաև
Եթե ուշադիր դիտարկենք ինդեքսի կառուցվածքը, ապա առավել մտահոգիչ է այն, որ վատթարացումը գրանցվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հիմնական ուղղությամբ։ «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականություն և նպաստող պայմաններ» ենթաինդեքսի գծով Հայաստանը թե՛ գնահատականի, թե՛ դիրքի վատթարացում է գրանցել։ Այս ենթաինդեքսի շրջանակում առավել ահազանգող է «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի առաջնայնություն» հիմնասյան անկումը՝ վարկանիշային դիրքի ութ հորիզոնականով նահանջով։ Այս ցուցանիշն, ըստ էության, արտացոլում է, թե ինչ չափով է պետությունը ոլորտը դիտարկում որպես առաջնահերթություն՝ ռազմավարություններով, բյուջետային ծախսերով, մարքեթինգային ջանքերով և քաղաքական կամքով։ Երբ հենց այս հիմնասյունն է զգալիորեն վատթարանում, ակնհայտ է դառնում, որ հայտարարությունների և իրական քաղաքականության միջև առկա է բաց, որը չի կարող լրացվել պաշտոնական հաղորդագրություններով։
Նույն ենթաինդեքսի «Գնային մրցունակություն» հիմնասյան անկումն իր հերթին արտացոլում է մեկ այլ իրողություն. դրամի արժևորման և ներքին գնաճի համադրությունը Հայաստանին զրկել է մատչելի ուղղություն լինելու իր ավանդական առավելությունից։ Երբ երկիրը միաժամանակ չի առաջարկում ենթակառուցվածքային բարձր որակ, չի հաղթահարում անվտանգային ընկալումները և նաև սկսում է թանկանալ, մրցակցային դիրքը բնականաբար թուլանում է, քանի որ այցելուն համեմատում է ոչ թե Հայաստանն իր անցյալի հետ, այլ այն այլընտրանքային ուղղությունների հետ, որոնք նույն գումարով ավելի կանխատեսելի ծառայություններ և ավելի ամուր վստահություն են առաջարկում։ Այս համատեքստում պատահական չէ, որ Ուկրաինայում ընթացող պատերազմից հետո Հայաստան ժամանած բազմաթիվ ռուսաստանցիներ (նաև ուկրաինացիներ) որոշ ժամանակ անց ուղղակի հեռացան Հայաստանից միայն նրա համար, որ մեր երկրում գները էական թանկ էին այլ ուղղություններից։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



















































