Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել հանքարդյունաբերության ոլորտի Mining Armenia Forum 2026-ին, որն այս տարի անցկացվում է «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո։
Վարչապետը հանդես է եկել ելույթով և ողջունել ոլորտի պոտենցիալ գործընկերների նման ձևաչափով հանդիպումը՝ բնագավառի խնդիրներն ու հնարավորությունները քննարկելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Կառավարության տեսակետից այն շատ օգտակար է և ցանկություն հայտնել, որ Հայաստանում ավելի շատ ոլորտներ այս ձևաչափը կօգտագործեն, քանի որ այն երկխոսության լավ հարթակ է․ «Սա թափանցիկ երկխոսություն է, որովհետև շատ կարևոր է խնդիրների մասին բաց խոսել և արձանագրել հնարավորությունը»:
Երկրի ղեկավարն անդրադարձել է միջոցառման շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագրին և դրա գաղափարին՝ հավելելով, որ հանքարդյունաբերության ոլորտը և Կառավարությունը պետք է ստեղծեն համատեղ մի մարմին, որը կլինի երկխոսության մշտական հարթակ։ «Դա ավելի արժեքավոր կդարձնի այս ձևաչափը, որովհետև կլինի մարդկանց խումբ, որը պրոֆեսիոնալ կերպով ամենօրյա ռեժիմով կուսումնասիրի ոլորտի խնդիրները՝ և՛ ոլորտի, և՛ Կառավարության դիտանկյունից», -ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ այս բնագավառում կան մեծ հնարավորություններ, բայց կան նաև մարտահրավերներ։
Կարդացեք նաև
Վարչապետը նշել է, որ այս տարի ֆորումի անցկացումը համընկել է Հայաստանում կենսաբազմազանության վերաբերյալ COP17 գագաթնաժողովի հետ, ինչը ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու երկրում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտներին համապատասխանեցնելու օրակարգին, որն անընդհատ քննարկվում է։ «Այս խնդիրն էլ կապ ունի հանքարդյունաբերության հանրային ընկալման հետ, ինչը շատ կարևոր է։ Ակնհայտ է, որ էկոլոգիական ստանդարտների խնդիրը Հայաստանում և ամենուր, մեզ հայտնի գլոբալ մարտահրավերների բերումով, ավելի արդիական է դառնում», – նշել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, երկիր մոլորակն էկոլոգիական շատ բարդ մարտահրավերների առաջ է կանգնած և բոլոր երկրները պարտավոր են ջանք գործադրել այս ուղղությամբ։
Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ էկոլոգիական ստանդարտներն այն հրատապ խնդիրների շարքին են դասվում, որոնք այդ թվում՝ երկրի միջազգային և տարածաշրջանային հեղինակության համար ունեն շատ կարևոր և էական նշանակություն։ Վարչապետը նշել է, որ թեև այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, սակայն դրանք բավարար չեն։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտի կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանի քաղաքացիներն այն համարեն իրենցը․ «Ընդերքը Հայաստանի Հանրապետության ժողովրդի և պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է, այսինքն՝ տեխնոլոգիական գործունեության իրականացնողը։ Այստեղ հանրություն, պետություն և ներդրողներ համագործակցություն է տեղի ունենում։ Մենք նաև նկատել ենք, որ ինչքան հանրությունը ոլորտն իրենն է համարում, այնքան ընկալումն ավելի դրական է դառնում»։
Այդ ուղղությամբ, ըստ երկրի ղեկավարի, վերջին տարիներին քայլեր ենք ձեռնարկել, սակայն դրանք ինստիտուցիոնալ չեն․ «Գիտեք, որ մի քանի հանքարդյունաբերական ընկերություններում ՀՀ Կառավարությունն ունի մասնաբաժին, բայց դա մեր պատկերացրած մոտեցումը չէ։ Ըստ էության, իրադրությունից բխող, ինչ-որ կոնկրետ առանձին վերցրած քայլեր ենք արել, բայց այստեղ շատ կարևոր է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել։ Ինստիտուցիոնալ մոտեցումը, որը կլուծի մի շարք էական հարցեր, իմ կարծիքով՝ ոլորտի բաց բաժնետիրացումն է: Այսինքն՝ մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա ՀՀ-ում բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու առաջամարտիկը։ Ես նկատի ունեմ ընկերությունների ցուցակման գործընթացը ֆոնդային բորսաներում»։
Վարչապետի դիտարկմամբ՝ այն կլուծի մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կապահովի ընկերությունների թափանցիկ գործունեությունը, չափորոշիչների համապատասխանումը։ Բացի այդ, ըստ Նիկոլ Փաշինյանի, բաց բաժնետիրացումը հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանի Հանրապետության հնարավորին շատ քաղաքացիներ դառնան բաժնետեր և, հետևաբար, բիզնեսը համարեն նաև իրենցը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Կառավարության ընկալումներն իր բաժնեմասերի հետ կապված այդպիսին են և իր օրինակով կխթանի բաց բաժնետիրացման գործընթացը ՀՀ-ում։
Երկրի ղեկավարի խոսքով՝ հանքավայրերի շահագործումը տնտեսության զարգացման շատ մեծ հնարավորություն է և Հայաստանի տարածքում երկրաբանական հետազոտությունների նոր էջ բացելն արդեն հասունացած խնդիր է․ «Պետք է առաջիկայում մեր միջազգային գործընկերների հետ վերահետազոտենք մեր ընդերքը՝ հասկանալու, թե ինչ լրացուցիչ հնարավորություններ կան։ Իսկ որ այդ հնարավորությունները կան, ակնհայտ է։ Պարզ է նաև, որ զուտ ծավալի առումով մետաղական հանքերի հետ կապված օրակարգերն ավելի ու ավելի մեծ ուշադրության են արժանանում, բայց ոչ մետաղական հանքանյութերի շահագործման խնդիրը նույնպես շատ հրատապ է։ Եվ այստեղ էլ մենք հետազոտման խնդիր ունենք»։
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ողջունել է նման ձևաչափով քննարկում կազմակերպելու նախաձեռնությունը, որը ոլորտի մասնակցային կառավարման շատ լավ օրինակ է և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին նման հնարավորություն ստեղծելու համար․ «Կարծում եմ, որ բոլորիս նպատակը զարգացումն է՝ տնտեսության, ոլորտի, որն իր հետ բերում է նաև կրթության, գիտության զարգացման և, ի վերջո, պետության զարգացման։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս բոլոր ոլորտների և պետության զարգացման գործում ձեր ունեցած ներդրման համար»։
Mining Armenia Forum-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Այս տարվա ֆորումը համախմբել է հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ 50 խոսնակների, այդ թվում՝ միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, քաղաքականություն մշակողներ, կայունության ոլորտի փորձագետներ, տեխնոլոգիական մատակարարներ, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ





















































