Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու տոն՝ բարերարի միջոցներով, առանց կառավարական հյուրերի մասնակցության․ ի՞նչ նվեր արեց Սամվել Կարապետյանը

Հոկտեմբեր 17,2026 22:37 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր նշվեց Գյումրու օրը՝  տարբեր թաղամասերում տոնական համերգներով, պարային խմբերի ելույթներով, համայնքապատկան թանգարաններում կազմակերպված միջոցառումներով, արհեստի ու արվեստի  փառատոնով, ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի վերաբացմամբ, կոչումերի շնորհմամբ, Գյումրու ոսկե մեդալի հանձնմամբ ու «Տաշիր» բարեգործական ընկերության հետ  հուշագրի ստորագրմամբ։

Տոնակատարությունն ավարտվեց Վարդանանց հրապարակում տեղի ունեցած տոնական համերգով, որը կազմակերպվել էր Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։

Գյումրու տոնին կառավարության ներկայացուցիչներից և ոչ մեկը չէր մասնակցում, նրանցից ոմանց կողմից կային շնորհավորանքներ՝ ուղղված գյումրեցիներին, կային նաև խիստ քննադատություններ առ այն, թե ինչու պիտի տոնը կազմակերպվի բարերարի միջոցներով, նրա սրտի ուզածով ու  ճաշակով։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության  ղեկավար Նարեկ Կարապետյանի և Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց։

Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ բովանդակության մասին կխոսի տոնական համերգի ժամանակ, կհայտարարի, թե  Սամվել Կարապետյանը ինչ նվեր է անելու Գյումրիին։

Համերգի ժամանակ պարզ  դարձավ, որ Սամվել Կարապետյանի  նվերը  Գյումրու սրտում գտնվող Աբովյան ճեմափողոցի վերանորոգումն է։

«Ես ուզում էի գայի ու ձեզ պատմեի, թե ինչքան բնակարաններ են ստացել տնակներում ապրող մարդիկ, թե ինչքան նոր ծրագրեր ենք մենք նախատեսում։ Սակայն մենք տեսնում ենք, որ վերջին օրերին մեր երկիրն այլ  ճանապարհով է  գնում։ Փոխանակ Գյումրիում լուծվի հազար գյումրեցիների տնակների հարցը, մեր կառավարությունը 30 միլիոն դոլար այս պահին ծախսում է մի միջոցառման վրա՝  COP միջոցառման վրա։ Մենք հաշվել ենք, որ դա 1000 գյումրեցի ընտանիքի կապահովեր բնակարանով։

Ինչու է բարեգործը օգնում քաղաքին, որպեսզի քաղաքի օրը շողա, որովհետև քաղաքը պետք է իր գումարը տնտեսի, որպեսզի գյումրեցիների համար բնակարաններ սարքի և բաժանի։ Քանի մեր քաղաքներում կան անտուն, տնակներում ապրող մարդիկ, մենք ճոխություններ մեզ թույլ տալու իրավունք չունենք»,- իր ելույթում ասաց Նարեկ Կարապետյանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում էլ անդրադառնալով այն քննադատություններին, որ Գյումրին բարեգործության կարիք չունի ասաց․ «2000-ից ավելի ընտանիք ապրում է դոմիկներում, բարեգործության կարիք ունի՞ Գյումրին․ թե՞ չէ։ Հնարավոր է այդ ասողները չունեն բարեգործության կարիք, իշխանության գալուց հետո իրենց կյանքը լավացել է, բայց շատ մարդկանց կյանքը չի լավացել, այդ մարդիկ ունեն բարեգործության կարիք, եթե չունենային, մենք ավելի ուրախ կլինեինք։

Այն միջոցները, որոնք պետք է գնային այդ մարդկանց բնակարանային ապահովման, այս մի քանի ժամանակվա ընթացքում քաղաքը կհանձնի բնակիչներին մի քանի տասնյակ տներ, այդ միջոցները խնայվել են, որպեսզի մարդկանց տնով ապահովեն։ Դա լավ լուծում չէ՞, կարծում եմ հրաշալի լուծում է, ոչ թե Երևանում  30 միլիոն դոլար ծախսում են մի միջոցառման վրա, բայց այդ գումարով կարող են հազարավոր ընտանիքների տուն գնել, հազար ընտանիք կա անտուն։ Մարդիկ եթե ունեն այդ կարիքը, ինչու մի միջոցառման վրա ծախսել, երբ քո քաղաքացիների զգալի մասը տուն չունի դեռ, այն էլ բնական, մեծ աղետից հետո»։

 

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել