Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրապարակայնորեն վերահաստատել արցախահայության անվտանգ, արժանապատիվ և կամավոր վերադարձի իրավունքը

Հոկտեմբեր 18,2026 09:59 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին

«Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։

Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և միջազգային հանրության պատասխանատվության մասին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որևէ անդրադարձ չի կատարել Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը և հայրենի հող վերադառնալու իրավունքին։

Մենք դատապարտում ենք այս լռությունը, հատկապես այն պայմաններում, երբ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100 հազար արցախահայեր Ադրբեջանի ռազմական գործողությունների և դրանց նախորդած երկարատև շրջափակման հետևանքով հարկադրված եղան լքել իրենց հայրենիքը։

Ինչպե՞ս կարելի է խոսել բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության մասին՝ գտնվելով մի երկրում, որտեղ ապաստան են գտել իրենց հայրենիքից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր մարդիկ, և միաժամանակ անտեսել նրանց վերադարձի իրավունքը։

Արցախի հայության կապն իր հայրենի հողի, մշակույթի, պատմական բնակավայրերի և բնական ժառանգության հետ անքակտելի է։ Բռնի տեղահանումը ոչ միայն մարդու իրավունքների ծանր խախտում է, այլև սպառնալիք այդ ժառանգության պահպանությանը։

Հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Արցախից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։

Խաղաղությունը չի կարող նշանակել բռնի տեղահանման հետևանքների լեգիտիմացում։ Խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքի անտեսման գնով։

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրապարակայնորեն վերահաստատել արցախահայության անվտանգ, արժանապատիվ և կամավոր վերադարձի իրավունքը, աջակցել Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարմանը և ապահովել, որ Արցախի ժողովրդի իրավունքները չանտեսվեն միջազգային խաղաղության և բնապահպանական գործընթացներում։

Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար։

Ակնկալում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հստակ հրապարակային դիրքորոշումն ու գործնական արձագանքը»։

Արցախի Հանրապետության Հանրային Խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031