Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

«Կարող ենք հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և վերընտրվելու քողարկված ակնարկ տեսնել»

Հոկտեմբեր 19,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Արման Մելիքյանը՝ Փաշինյանի՝ մինչև 2031-ը խաղաղության համաձայնագրի վավերացման ժամկետ սահմանելու առիթով

-Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ Ի՞ նչ եք կարծում՝ ՀՀ իշխանությունները կօգտագործեն այն փաստը, որ տարբեր երկրների ղեկավարներ ՀՀ-ում են և կբարձրացնե՞ն արցախահայերի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցերը։ Արցախահայերը հակառակ տպավորությունն ունեն, պնդում են՝ ոչ միայն չեն բարձրացնում, այլև հորդորում են մոռանալ վերադարձի՝ իրենց իրավունքը։

-Ալիևյան զնդանում պահվող մեր հայրենակիցները ռազմագերի չեն՝ ֆիզիկական ու բարոյական խոշտանգումների ենթարկվող քաղաքական պատանդներ են։ Նրանց ազատ արձակման հետ կապված պահանջ ու հորդոր դժվար թե հնչի Հայաստանի անունից ելույթ ունեցող առանցքային պաշտոնյաների ելույթներում, թեև այդ հնարավորությունը լիովին չեմ բացառում։ Այդուհանդերձ, ավելի հավանական եմ համարում, որ այդ թեման կարծարծվի առանձին երկկողմ հանդիպումների ընթացքում, այն էլ՝ գլխավորապես օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների նախաձեռնությամբ։ Ինչ վերաբերվում է արցախցիների՝ նախնյաց օջախներ վերադարձի հարցին, ապա կարևոր եմ համարում, որ նրանք շարունակեն առավել համակարգված ու հետևողական կերպով պնդել հայրենի օրրան վերադառնալու՝ իրենց իրավունքն ու հաստատակամ նպատակադրումը։ Միջազգային զարգացումների այս փուլում և մեր խորհրդարանական ընդդիմության առկա որակի պայմաններում այդ պահանջը գործող իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը խանգարելու ներուժ չունի, սակայն արցախցիների համար խնդիրը կենդանի պահելու միակ տարբերակն է։

-Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքը, երբ ադրբեջանցի զինվորը ներթափանցել էր ՀՀ սահման, կրակել Շաքիի բնակչի ոտքին, Նիկոլ Փաշինյանը բնութագրեց սովորական կրիմինալ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս մոտեցումն ու արդյոք այս միջադեպին համապատասխան արձագանք եղա՞վ։ Ի՞նչ հետևություններ պետք է անել։

– Այս մտահոգիչ միջադեպը կարող է դիտարկվել քաղաքական, իրավական ու անվտանգային տեսանկյունից։ Խաղաղության օրակարգն առաջ մղող գործող իշխանությունը, շեշտը դնելով կատարված հանցագործության իրավական բաղադրյալի վրա, այն որակեց՝ որպես պարզ քրեական իրավախախտում, ինչը, ինքնին, բացառում է դրա պատճառով Հայաստանի համար առկա անվտանգային որևէ սպառնալիք։ Կատարվածի համար անգամ մեղադրվեց իր անզուսպ մայրական բնազդին տուրք տված ու հրազենային վիրավորում ստացած կինը։ Ընդդիմությունը կատարվածը դիտարկեց առավելապես քաղաքական տեսանկյունից և դեպքը որակեց՝ որպես Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հետևողականորեն իրականացվող դիվերսիոն գործունեության հերթական դրվագ։ Քաղաքական տեսանկյունից վարչապետ Փաշինյանի արձագանքը սպասելի էր, թեև տուժողին հանդիմանելու դրվագը միանգամայն ցինիկ շեշտադրություն ուներ։ Անկասկած, նրա այդ քաղաքական պահվածքն ադրբեջանական կողմին չգրգռելու, չսադրելու նպատակ էր հետապնդում։ Միաժամանակ, առավել կարևորն այն է, որ ադրբեջանցի զինծառայողն անմիջապես չի հանձնվել Ադրբեջանի իշխանություններին։ Եթե նա դիվերսանտ չէ և ինքնակամ լքել է իր զորամասը Ադրբեջան չվերադառնալու նպատակադրմամբ, ապա տրամաբանական կլինի, եթե խնդրի ՀՀ իշխանություններին՝ իր հանցագործության համար օրենքով նախատեսված պատիժը հայկական բանտում կրելուց հետո իրեն արտահանձնեն երրորդ երկիր։ Բայց սա տեսականի ոլորտից է՝ միջադեպի հետ կապված տեղեկատվությունն այնքան հակասական է, որ դրա իրական հանգամանքները մեր շարքային քաղաքացու համար մնում են մշուշոտ և անորոշ։

-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում նկատվում է լարվածություն։ Ադրբեջանը Թուրքիային անգամ մեղադրել է իր դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ։ Ադրբեջանական դպրոցներում հիջաբի կրման արգե՞լքն է պատճառը, թե այլ խնդիրներ էլ կան։

-Կարծում եմ, որ Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի առաջացրած բողոքի գործողություններն են Բաքվի ու Անկարայի միջև քաղաքական առկա լարման արդյունք ու հետևանք, այլ ոչ թե հակառակը։ Թուրքիայի համար աստիճանաբար հասունանում է նախագահ Ալիևին պաշտոնանկ անելու և Անկարայի քաղաքական շահերը լիարժեքորեն սպասարկելու պատրաստ ձեռնասուն նոր ղեկավարի նշանակման անհրաժեշտությունը։ Այլ հարց է, որ նախագահ Ալիևին այժմ լիարժեքորեն հովանավորում է Իսրայելը, իսկ Իրանի հետ դիմակայության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է նրան ծանրակշիռ ու բազմաբնույթ ռազմական աջակցություն ցուցաբերել՝ առնվազն քանի դեռ նախագահ Թրամփն ի զորու կլինի դա անել։ Հատկանշական է, որ դպրոցականների բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում նաև այլ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում և Ալբանիայում։ Այսինքն՝ հարցը համակարգային բնույթ ունի, թեև աշակերտների զանգվածային բողոքների միջոցով ինչ-ինչ քաղաքական նպատակների իրագործումը տարբեր տեղերում տարբեր թիրախներ կարող է ունենալ։ Ինչևէ, Ալիևին տևական ժամանակ է, որ «բտում» են, տեսնենք, թե ով ու երբ դանակը կքաշի վզին։

-Ի՞նչ փոփոխություններ եք նկատում ՀՀ-ՌԴ հարաբերություններում այս փուլում, կարծես հայկական կողմի՝ Ռուսաստանին ուղղված քննադատությունների հռետորաբանությունը մեղմվել է։

-Վարչապետ Փաշինյանը ՌԴ իշխանությունների հետ իր հարաբերությունները լրացուցիչ սրելու և ոչ մի առարկայական դրդապատճառ այժմ չունի։ Նա վերահաստատվել է իր պաշտոնում և այժմ խնդիր ունի բարելավելու հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հատկապես տնտեսական ոլորտում առկա սահմանափակումները մեղմելու կամ վերացնելու համատեքստում՝ ընդ որում՝ առանց ԵՄ կողմից Հայաստանի համար սահմանված առևտրային արտոնությունները վտանգելու։ Այսինքն, անգամ եթե Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ առևտրային կապերը կրկին աշխուժանան, ապա դրա հետ կապված ուրախության աղմուկ հանելը նպատակահարմար չի դիտարկվի։ Կարծում եմ, որ մինչ այս տարվա վերջը հայ-ռուսական հարաբերություններում պարզորոշ կերևան նոր միտումները, թեև գտնում եմ, որ դրանք որակապես նոր դրսևորումներ կունենան։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա իր ամենակարևոր անելիքը համարում է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը։ Կառավարության նիստում հայտարարեց, որ իր համար դրել է այդ կոնկրետ խնդիրն ու ժամանակացույցը՝ մինչեւ 2031 թվական։ Ինչպե՞ս կմեկնաբանեք՝ ուրեմն այս հարցում այդքան շատ կնճռոտ հարցե՞ր կան, որ այսքան երկար ժամկետ է սահմանել իր համար Փաշինյանը։

-Ըստ էության, վարչապետ Փաշինյանն ասում է, որ պաշտոնավարման համար սահմանված ողջ ժամկետն է նվիրելու այս խնդրի լուծմանը։ Բայց նաև, կարող ենք այստեղ հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և վերընտրվելու քողարկված ակնարկ տեսնել։ Բնական է չէ՞, որ մարդը կուզի իր նախաձեռնած գործն ավարտին հասցնել ու եթե դա նրան չհաջողվի անել մինչ հաջորդ ընտրափուլը, ապա ուղղակի պարտավոր է լինելու պայքարել սկսած գործի բարեհաջող ավարտն ապահովելու համար՝ կրկին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու միջոցով։ Ու չգիտես՝ այս դեպքում արդյունքն է ավելի կարևոր, թե՝ ինքնին, գործընթացը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել