Նորագավիթում գտնվող համար 98 հիմնական դպրոցում լավ սովորող, կարատե-դոյի Հայաստանի չեմպիոն երեխան պարբերաբար բռնության է ենթարկվել, ինչի վերաբերյալ առկա են բժշկական եզրակացություններ: Ծնողը տարբեր հարցազրույցներում պնդում է, որ տնօրենը, հոգեբանը և դասղեկը պատշաճ իրենց գործը չեն անում, տնօրենն առաջարկել է երեխային հանել դպրոցից: Հարցազրույցներից մեկում մեկնաբանելով կատարվածը՝ երեխան ասում է՝ երևի գողական են իրենց պատկերացնում: Երեխայի ծնողը դիմել է ԿԳՄՍ նախարարություն, վարչապետի աշխատակազմ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, գլխավոր դատախազին և այլ հաստատությունների:
Դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանը Aravot.am-ի հարցերին չցանկացավ պատասխանել, ասաց, որ դիմենք Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն և անմիջապես անջատեց հեռախոսը: Մինչդեռ ուզում էինք հարցնել՝ ճիշտ է արդյոք մեզ փոխանցված այն տեղեկությունը, որ իր որդիներից մեկը կալանավայրում է, մյուսը՝ տնային կալանքում, ինչից ելնելով էլ ծնողները կասկածի տակ են առնում նրա՝ դպրոց ղեկավարելու ու մանկավարժական ունակությունները, նաև դժգոհում են հագուկապից, ասում են՝ աշխատավայր է գնում ոտքին շղթա հագցրած, մի՞թե տնօրենը նման աքսեսուար կարող է կրել դպրոցում, նաև համոզված են, որ տնօրենը վայելում է Երևանի քաղաքապետարանի հովանավորությունը:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանը Aravot.am-ին հետևյալը փոխանցեց. «Մինչև հրապարակային անդրադարձը խնդրին, մենք արդեն գիտեինք խնդրի մասին, և մեր կողմից, մեր ողջ գործիքակազմի ընդգրկմամբ և կիրառմամբ, խնդրի ուսումնասիրությունն արդեն իսկ իրականացվում էր: Նման դեպքերում, երբ առկա է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության դրսևորման որևէ ահազանգ, մենք համագործակցում ենք հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հետ: Այսինքն՝ քաղաքապետարանն իր ուսումնասիրության մեջ ներգրավել է այնտեղի մասնագետին՝ ախտորոշիչ հոգեբանական ուսումնասիրություն է արվել դասարանում՝ երեխաների ներգրավմամբ, և դիտարկվել է՝ արդյոք առկա է համակարգային ֆիզիկական, հոգեբանական բռնություն: Այս ամբողջ մասնագիտական ուսումնասիրության արդյունքում եզրահանգվել է, որ համակարգային բռնության արձանագրում չկա: Առանձին դեպքեր են, երբ անչափահաս երեխաները միմյանց հետ կոնֆլիկտները լուծել են ծեծի ճանապարհով՝ կռիվ են արել, ինչը, համաձայնեք, որ մեր հասարակության մեջ բոլոր ժամանակներում տեղ գտնում է:
Այստեղ այլ հարց է, թե դպրոցի կողմից ինչ է արվել՝ կանխարգելելու կամ միջամտելու այս հարցին: Լսած կլինեք երեխայի հարցազրույցից, թե ինչպես է գովում դասղեկին, այնպես չէ, որ դպրոցում աշխատանք չկա արված: Երեխան իր խոսքում ասում է՝ այո, ես էլ եմ խփում, սա այդ տարիքի երեխաների միջև կոնֆլիկտների ոչ կառուցողական լուծման հերթական օրինակն է: Բնականաբար, կա դպրոցի բացթողումը, բացթողում կա՞ ծնողական, ընտանեկան դաստիարակության, իհարկե, կա: Այսինքն՝ բոլոր կողմերի ներգրավմամբ պետք է իրավիճակը հաղթահարենք, երեխաներին բացատրենք, հասկացնենք, որ կոնֆլիկտները բռունցքներով լուծելը խելամիտ ճանապարհը չէ: Հիմա մեր ջանքերն ուղղված են դրան:
Կարդացեք նաև
Բացի դրանից, որ մեր պրոտոկոլային հանդիպումները ու հանձնարարականներն արդեն իսկ եղել են դպրոցին, նաև աշխատանքներում ներգրավել ենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը, որտեղ հոգեբանական աջակցություն են իրականացնում, և դպրոցին տրվում է մեթոդական աջակցություն: Որովհետև եթե դպրոցը իր կարողություններով, իր հոգեբանի ներգրավմամբ չի կարողանում իրավիճակը շտկել, այստեղ նաև մասնագիտական աջակցության կարիք ենք տեսնում և խնդրել ենք մեր տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի գործընկերներին հետևողականորեն և պարբերաբար ուշադրության արժանացնել այս դպրոցը: Իրականում, եթե ապահովի այս դպրոցում երեխայի ծնողի կողմից երեխայի մասնակցությունը դասապրոցեսին, իրավիճակը կշտկվի, և միմյանց նկատմամբ երեխաների տարիքային նեղացածությունը կշտկվի, իրենք էլ այսպիսի հանրային արձագանքից հետո կհասկանան, որ այն, ինչ ասվում էր իրենց դպրոցում, զուտ խոսքեր չէին, իսկապես պետք է գտնել կոնֆլիկտները կառավարելու ավելի փոխհասկացողության տարբերակներ»:
Ինչ վերաբերում է դպրոցի տնօրենի՝ քաղաքապետարանի կողմից հովանավորվելուն, նրա ընտանեկան մանրամասներին և հագուկապին, որոնց մասին մեզ էր փոխանցվել տեղեկատվություն, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալն այսպես արձագանքեց. «Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր դպրոցների տնօրենները վայելում են մեր աջակցությունը առնվազն նրանով, որ մեր գործընկերներն են, և պետք է միմյանց հետ նույն ճանապարհն անցնենք և նույն տեսլականը կիսենք: Սակայն, դա չի նշանակում, որ օրենքի սահմաններից դուրս գտնվող արարք կարող է հանդուրժել քաղաքապետարանը կամ կարող է դրա վրա աչք փակել: Աջակցությունը չի նշանակում հովանավորչություն այդ իմաստով: Չգիտեմ՝ այդ տպավորությունը որտեղից է ծնողների մոտ, որովհետև չեն լինում դեպքեր, երբ արձանագրվի տնօրենի անմիջական մեղավորությունը կամ անմիջական զանցառություն, և դա հետևանք չունենա, մեզ մոտ այդ ամենը շատ խիստ է դրված:
Ինչ վերաբերում է տնօրենի ընտանեկան մանրամասներին, ես ինքս չգիտեմ դրա մասին, ավելին՝ ինձ թույլ չեմ տալիս որևէ մեկի անձնական կյանքը քննարկել, հետեւաբար այդ հարցով զերծ կմնամ մեկնաբանություն անելուց, որովհետև տեղյակ չեմ և առաջին անգամ եմ լսում:
Մենք դպրոցի ղեկավարի մասով կարող ենք քննարկել արտաքին կերպարը, առնվազն այն մասով, ինչով պատկերացնում ենք, որ դպրոցի տնօրենը պետք է այդ կերպարում լինի: Ճաշակները, բնականաբար, տարբեր են, յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր հագուստի ոճը, բայց միևնույն ժամանակ այնպիսի հագուստ, որն անընդունելի է և անհանդուրժելի է կրթական միջավայրում, առնվազն մենք մեր գործընկերային հարաբերություններում չենք տեսել, և եթե լինում են, ինչ-որ ձևով դա շտկում ենք: Այնպես չէ, որ հստակ դրեսկոդ դրված է, բայց գոնե պետք է լինի ուսուցչին վայել կերպար, որ առնվազն երեխաների մոտ որևէ թյուրընկալման տեղիք չտա հագուստը, դա պետք է ապահովվի դպրոցի և մանկավարժական աշխատողի կողմից, ինչը և ակնկալվում է մեր գործընկերների կողմից»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանրային կապերի բաժնից դպրոցի միջադեպի հետ կապված հետևյալը փոխանցեցին. «Երևանի թիվ 98 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի սովորողի իրավունքների պաշտպանության առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության կապակցությամբ ՄԻՊ հաստատությունն իր լիազորությունների շրջանակում անհապաղ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ պատշաճ հաղորդակցություն ապահովելով իրավասու պետական մարմինների հետ։ Երեխաների լավագույն շահը հաշվի առնելով՝ գործընթացի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չենք ներկայացնում։ Հարցի առնչությամբ աշխատանքները շարունակվում են»:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց. «Դպրոցը հանրության մի հատվածն է և, ցավոք, անմասն չէ հանրային դեգրադացիայի համատարած պատկերից, բարոյական նահանջներից, ամենաթողությունից։ Հիշեցի, երբ անցյալ տարի ԱԺ-ում Փաշինյանին հարց ուղղեցի համատարած բռնության մշակույթի և այդ ուղղությամբ կառավարության համակարգված գործողությունների մասին, այնպիսի մի խառնաշփոթ ու մանիպուլյատիվ մթնոլորտ ստեղծեց, որ հարցը մնաց անպատասխան, պատասխանատվությունն էլ հետը։ Այո, բռնությունը, ցինիզմը, անպատասխանատվությունն ու անպատժելիությունը համատարած են, դպրոցն էլ չի կարող որպես օազիս մնալ։
Երբ ոչ նորմատիվ բառապաշարն ու վարքը ԱԺ է հասել, չի կարող մուլտիպլիկատիվ ազդեցություն չունենալ։ Դադարել ենք իրար լսել, հարգել, մեր աչքի առջև ինստիտուտներ են ոչնչանում, բարոյական և ինքնությունաստեղծ ինստիտուտներ։ Երբ Հայ Առաքելական եկեղեցին հալածվում է ամենաստոր բառապաշարով և վարքով, երբ իշխանության ներկայացուցիչները բառիս ուղիղ իմաստով ասպատակում են եկեղեցին ու մնում անպատիժ, սա անհետք չի մնում։ Հատվել են բոլոր կարմիր գծերը։ Աշակերտներն էլ այս պատկերը դպրոց են տանում։ Լսում եմ տվյալ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի արձագանքն ու առերեսվում անպատասխանատվության և ծածկադմբոցի վարքի հետ։
Մեր լրահոսն ու ամեն օրն անպակաս են նման լուրերից։ Երեկ հանդիպեցի Արագածոտնի մարզում անչափահաս աղջկա նկատմամբ անչափահասների կողմից սեռական բնույթի բռնության դեպքի հետ։ Տպավորություն ունեմ, թե հասարակությունն էլ է կորցրել ինքնամաքրվելու և պաշտպանվելու իմունիտետը։ Ես չեմ տեսնում համակարգված քաղաքականություն, չեմ տեսնում քաղաքական կամք՝ փոխելու այս իրականությունը։ Իսկ հիվանդությունը մետաստազներ է նետում բոլոր առումներով․․․․»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով։



















































