Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատմությունը ոչ թե տեղի ունեցածն է, այլ այն, ինչ տեղի է ունենալու, ապա դրանով ամենեւին անցյալի բեռից չէ, որ ուզում է ազատել իր քաղաքական տապալումը։ Այո, այդ խնդիրը կա, եւ վարչապետ Փաշինյանի համար որքան էլ հռետորաբանության տեսանկյունից թեթեւ, այդուհանդերձ հանրային ընկալման առումով ծանր է հաղթանակներն անվերջ նենգափոխել ու վերածել պարտության, իսկ պարտությունը՝ որ եղել է իր պաշտոնավարման շրջանում, մատուցել իբրեւ հաղթանակ։ Այդ նենգափոխումը սպառվող ռեսուրս է, որովհետեւ վերջին հաշվով՝ մենք գործ ունենք բազմաթիվ թերություններով ու թերուսություններով, սակայն այդուհանդերձ ողջախոհության կորստի կրիտիկական աստիճանից շատ հեռու գտնվող հասարակության հետ։ Ըստ այդմ, հնարավոր չէ անվերջ համոզել, որ հաղթանակը պարտություն էր, իսկ պարտությունը հաղթանակ է։
Ըստ այդմ, նա ձեռնամուխ է եղել հարցը «փաթեթով» լուծելու տարբերակի, ազդարարելով, որ՝ չի եղել պատմություն, պատմություն չկա, հետեւաբար չկա թե հաղթանակ, թե պարտություն։ Սակայն, այստեղ է, որ ուշադրության է արժանի ձեւակերպումը՝ պատմությունն այն է, ինչ պետք է լինի։ Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ այդ՝ «ինչ պետք է լինին», անվերջ է։ Այսինքն, երբեք չես կարող ասել, թե ահա սա այն է, ինչ պետք է լիներ ու եղավ։ Միշտ էլ այսօր կա՝ «այն, ինչ վաղը դեռ պետք է լինի»։ Այսինքն, միշտ կա վաղը։ Հետեւաբար, միշտ հնարավոր է ասել, որ պատմությունն անընդհատ ստեղծման պրոցեսում է։
Դա էլ իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը «չեղարկում» է, կամ ձգտում է հանրային ընկալումներում «չեղարկել» ոչ միայն երեկը՝ որպես այսօրվա չափման միավոր կամ ելակետ, այլ նաեւ այսօրը առհասարակ, որպես իրավիճակի գնահատման հանգրվան։ Նա դե ֆակտո առաջարկում է իրավիճակը գնահատել «վաղը»–ով։ Իսկ, քանի որ «վաղը» անվերջ է, միշտ կա «վաղը», որը գալու է վաղը, Նիկոլ Փաշինյանը փաստորեն առաջ է քաշում պատասխանատվության անվերջ ձգձգման իր բանաձեւը, կամ պարզապես անպատասխանատվության ռետինն անվերջ ձգելը։ Պարզապես այն ավելի «փափուկ բանաձեւ» է, չի ենթադրում ակնհայտ հաղթանակի նենգափոխում եւ մատուցում իբրեւ պարտություն, եւ աղետալի պարտության նենգափոխում ու մատուցում իբրեւ «ձեռքբերում»։
Բայց կարո՞ղ է անպատասխանատվության ռեզինը ձգվել այդպիսի «անվերջությամբ»։
Կարդացեք նաև
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով



















































