Սկիզբը՝ այստեղ:
Մաս 12
«Փաստինֆոն» շարունակում է «Արդարադատություն ըստ Ադրբեջանի» խորագրով հրապարակումների շարքը՝ վերլուծելով Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը: Մասնագիտական վերլուծության համար ներգրավել ենք միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանին:
Այսօր վերլուծում ենք «Կազմակերպված հանցավորություն» խմբի մեղադրանքները.
Կարդացեք նաև
VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 218.1 — Հանցավոր միավորման (կազմակերպության) ստեղծում կամ դրա ղեկավարում
Վերագրվող արարք. Պետնախարարի պաշտոնավարման ընթացքում (04.11.2022–23.02.2023) զինված դիմադրության, կազմավորումների ֆինանսավորման և գնումների մասին որոշումներ. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» ստեղծում (18.05.2023), «ASALA» և «Nemesis» խմբեր։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ռուբեն Վարդանյանի ղեկավարման շրջանի վերաբերյալ ապացույցները բացակայում են. չկա ոչ մի հրաման, որոշում, արձանագրություն կամ ենթակայության փաստաթուղթ։ Ներկայացված են պաշտոնում նշանակման և ազատման փաստը, ՊԱԾ-ի գրությունները, iPad-ի զննությունը և ձերբակալության պահին առգրավված պայուսակի զննության արձանագրությունը։ Ներկայացված փաստաթղթերում և նյութերում որևէ խմբերի գոյության մասին, դրանց մասնակիցների ցուցակ, գրանցում կամ վկայություն չկա։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 11 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Ըստ դատարանի՝ «կազմակերպությունը» գործում է 1987 թվականից, և նրա առաջնորդներից է անվանվում Ռոբերտ Քոչարյանը։ Վարդանյանը «միացել» է 2020-ին, ուստի չէր կարող լինել դրա ստեղծողը։ Մնում է ղեկավարումը, բայց նրա միակ պաշտոնը 3,5 ամիս տևած պետնախարարի պաշտոնն էր, որի գործառույթները սահմանափակված էր տնտեսական և սոցիալական հարցերով, իսկ դրանից հետո նա մասնավոր-քաղաքացիական անձ էր։ Ղեկավարման ոչ մի հրաման կամ որոշում դատավճռում չկա։
Ամենաէականը «հանցավոր միավորում» հասկացության կիրառումն է։ Օրենքով դա ծանր հանցագործությունների համար ստեղծված կայուն խումբ է, իսկ դատարանն այդ անվանումը տալիս է մի ամբողջ պետական կազմավորմանը՝ Արցախի Հանրապետությանը, դրա վարչակազմի՝ կառավարությամբ, բանակով, դպրոցներով և ընտրված մարմիններով։ Հետևողական կիրառման դեպքում հանցավոր միավորման անդամ է ստացվում այդ համակարգում աշխատած ցանկացած ուսուցիչ կամ բժիշկ։
Հոդված 218.2 — Մասնակցություն հանցավոր միավորմանը (կազմակերպությանը)
Վերագրվող արարք. Միացումը Ադրբեջանի որոկմամբ «հանցավոր միավորմանը»՝ Արցախի Հանրապետությանը, «2020 թ. դեկտեմբերի սկզբին» և մասնակցություն մինչև ձերբակալությունը՝ 27.09.2023։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ինքնուրույն ապացույցներ չկան. կրկնվում են հոդվածներ 100.2-ի և 218.1-ի նույն նյութերը՝ «Ավրորայի» 09.12.2020 թ. ֆինանսավորումը, «օպերատիվ տեղեկությունները» և ՊԱԾ-ի գրությունները։
Սահմանված պատիժ. Պատիժ չի նշանակվել։ Հոդվածով սահմանված սանկցիան 6–12 տարի է։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Հոդվածը կա մեղավոր ճանաչման ցանկում, բայց պատիժների ցանկում բացակայում է։ Օրենքը պահանջում է պատիժ նշանակել յուրաքանչյուր հանցագործության համար առանձին (ՔՕ 66.1), և այս պահանջը պարզապես չի կատարվել։
Կա նաև ավելի խորը խնդիր. նույն կառույցի համար անձը միաժամանակ դատապարտվում է և՛ որպես ղեկավար, և՛ որպես շարքային մասնակից, թեև ղեկավարն անխուսափելիորեն նաև մասնակից է։ Հատկանշական է, որ 279.1-ի և 279.2-ի դեպքում դատարանը հենց այդ պատճառով հանել է ավելորդ հոդվածները, իսկ այստեղ չի արել։ Ընդ որում, խոսքը հենց այն հոդվածի մասին է, որի վրա կառուցված է ողջ մեղադրանքը։



















































