Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Ղևոնդյանը և Ռուբեն Մելիքյանը հայց են ներկայացրել ընդդեմ ԵՊՀ-ի

Հոկտեմբեր 20,2026 15:34 Share
Աջակցեք aravot.am-ին

«Փաստինֆո». Քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղևոնդյանը հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի։ Ղևոնդյանը դատական կարգով պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու և աշխատանքից ազատելու մասին հրամանը, բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար։ Հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։

Ալեն Ղևոնդյանի՝ աշխատանքից ազատման մասին հայտնի դարձավ 2026թ․ հուլիսին․ քաղաքագետը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից այլևս չի հանդիսանալու ԵՊՀ աշխատակից և Քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քանի որ մայր բուհում մեկնարկած «բարեփոխումների» շրջանակներում իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվելու։ Ղևոնդյանն ինքը նշված որոշումը քաղաքական է գնահատել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախօրեին ԵՊՀ-ի դեմ հայցադիմում է ներկայացրել նաև իրավաբանական գիտությունների թեկնածու, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ում հետ աշխատանքային պայմանագիրը ԵՊՀ-ն ևս չէր երկարացրել քաղաքական հայացքների պատճառով։ Ռուբեն Մելիքյանը պահանջում է անվավեր ճանաչել 17․08․2026 թ․ թիվ 155/100-Ա հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։ Այս հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՊՀ դեմ հայցեր են ներկայացրել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը երկար տարիներ ղեկավարած Գագիկ Ղազինյանը, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Նրանց հետ պայմանագիրը ևս ԵՊՀ ռեկտորի որոշմամբ չի երկարացվել, ըստ այդմ, նրանք ևս դատական կարգով պահանջել են անվավեր ճանաչել հրամանները և վերականգնել իրենց նախկինում զբաղեցրած պաշտոնում, ինչպես նաև՝ բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել