Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ներկայացնող անդամները զեկույց են ներկայացրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ՝ կապված Եվրամիությանն ինտեգրվելու՝ ՀՀ նախաձեռնած գործընթացի հետ, հայտնում է Interfax-ը, հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը։
Փաստաթուղթը կներկայացվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամների՝ միության անդամ պետությունների ղեկավարների քննարկմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի առաջիկա նիստը պետք է տեղի ունենա 2026 թվականի դեկտեմբերին։
ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ զեկույցը պատրաստվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության կատարման շրջանակում։
Կարդացեք նաև
«Զեկույցը ներառում է տեղեկատվություն ԵՄ-ին անդամակցելուն ուղղված Հայաստանի ձեռնարկած միջոցների, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական ռեժիմների համատեղելիության վերլուծության (մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների և ԵՄ-ին անդամակցելու հետ կապված պարտավորությունների), Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելու որոշման հետևանքով առաջացող ռիսկերը կանխելու նպատակով նախատեսված իրավական մեխանիզմների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների գնահատականները», — նշել են ՌԴ կառավարությունում։
Զեկույցում նշվում է, թե Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում Հայաստան գազի ներմուծումը կթանկանա 69%-ով:
ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի կողմից գազի ներմուծման սցենարային գնահատականը հիմնված է 1 հազար խորանարդ մետրի դիմաց 300 դոլար գնի վրա՝ մատակարարումների ֆիզիկական ծավալի պահպանման պայմանով։ 1 հազար խորանարդ մետրի դիմաց գործող 177,5 դոլար բազային գնի համեմատ գնի աճը կկազմի մոտ 69%։
Բաց աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի շուկայական գինը (առանց սուբսիդավորման հաշվառման) 2013 թվականին կազմել է մոտ 270 դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց։ 2025 թվականին TTF եվրոպական բորսայում գազի միջին շուկայական գինը կազմել է մոտ 422 դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց, հիշեցրել են զեկույցի հեղինակները։
Նշվում է, որ նշված գինը կրում է ինդիկատիվ բնույթ։ «Համաշխարհային գազի շուկայում շուկայական իրավիճակը հաշվի առնելով՝ մատակարարվող գազի իրական պայմանագրային գինը կարող է ավելի բարձր լինել։ Նշված ելակետային պայմանների դեպքում Հայաստանի Հանրապետության կողմից գազի ներմուծումն արժեքային արտահայտությամբ կաճի 268,5 մլն դոլարով կամ 69%-ով՝ 389,0 մլն դոլարից հասնելով 657,5 մլն դոլարի։ Միևնույն ժամանակ, այդ աճը կուղեկցվի արտադրողների և տնային տնտեսությունների ծախսերի ավելացմամբ և միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում բացասաբար կանդրադառնա գնաճի և ՀՆԱ-ի մակարդակի վրա», — ասվում է փաստաթղթում։
Զեկույցը ներառում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետության կողմից ԵՄ-ին անդամակցելուն ուղղված ձեռնարկված միջոցների մասին, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական ռեժիմների համատեղելիության վերլուծություն (մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների և ԵՄ-ին անդամակցելու հետ կապված պարտավորությունների վերաբերյալ), Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելու որոշման հետևանքով առաջացող ռիսկերը կանխելուն ուղղված իրավական մեխանիզմների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև 2014 թվականի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի՝ Հայաստանի նկատմամբ գործողության կասեցման հնարավոր հետևանքների գնահատականներ։



















































