Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական պատմություն՝ Գյումրու Հաղթանակ զբոսայգու բարեկարգման շուրջ․ ո՞վ և ինչո՞ւ է հատել ծառերը. Ավետիս Առաքելյանի պարզաբանումը

Հոկտեմբեր 20,2026 21:01 Share
Աջակցեք aravot.am-ին

Վերջերս քրեական պատմություն է ծավալվել Գյումրու կենտրոնում՝ Շիրակի մարզի դատախազության շենքի դեմ-դիմաց գտնվող Հաղթանակ զբոսայգու բարեկարգման շուրջ: Մասնակցային բյուջետավորման ծրագրով՝ կառավարության և համայնքապետարանի միջոցներով (սկզբնական բյուջեն 86 մլն․ դրամ է եղել, որից 68 մլն 800 հազար դրամ պիտի հատկացներ կառավարությունը, 17 մլն 200 հազար դրամը՝ համայնքապետարանը, բայց հետագայում ծրագրի արժեքը 86 մլն դրամից դարձել է 172 մլն դրամ, համայնքապետարանը իր մասնակցության չափն ավելացրել է՝ հատկացրել է 103 մլն․ դրամ, կառավարության մասնաբաժինը մնացել է նույնը), նախատեսված է բարեկարգել այգին, սակայն շինաշխատանքները սկսելուն պես՝ ապօրինի ծառահատումներ են տեղի ունեցել, որի հիմքով էլ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) հատկանիշներով: Ավելին, շինաշխատանքները դեռ չսկսած՝ կարճ ժամանակ անց դադարեցվել են։

ՀՀ քննչական կոմիտե հաղորդում ներկայացնողը եղել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որը լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ուսումնասիրություններ է կատարել Հաղթանակ զբոսայգում՝ ծառահատումների օրինական հիմքերը պարզելու նպատակով։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ զննել են հատված ծառերի տեղանքը ու հայտնաբերել տարբեր տեսակների և տրամագծերի 12 ծառի կոճղ։

Ըստ տեսչական մարմնի պաշտոնական հաղորդագրության՝ դրանցից մի քանիսը հատվել են մինչև աճի դադարեցման աստիճան, իսկ մյուսներն արմատախիլ են արվել։ Հաշվարկվել է բուսական աշխարհին հասցված վնասը, որը կազմել է 630.000 ՀՀ դրամ։

Բարեկարգման աշխատանքներ կատարելու մրցույթը շահել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն՝ 159 միլիոն դրամ առաջարկով։

Ո՞վ է հատել ծառերը, ինչո՞ւ են կիսատ մնացել բարեկարգման աշխատանքները, ի՞նչ է սպասվում կանաչ այս գոտուն, լրագրողների հարցերին պատասխանել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը։

«Աշխատանքները դադարեցվել են, քանի որ շինարարը պատճառաբանել է, թե ուրիշ աշխատանքներ ունի անելու։ Շինարարն ասած է եղել, թե շինթույլտվության հետ է կապված, բայց շինթույլտվությունը կա, գոյություն ունի։ Ես անձամբ զրուցել եմ շինարարի հետ, պայմանավորվել ենք՝ անպայման վերսկսեն։

Բայց ասեմ, մի օբյեկտիվ պատճառ էլ կա, նախագծի մեջ նախատեսված չի եղել այգու տակով անցնող գետակի հունի կարգավորումը, բետոնացումը, բացելուց հետո ենք մենք ամբողջը տեսել։ Մենք գրություն ենք ուղարկել նախագծող կազմակերպությանը, որ այսպիսի խնդիր է առաջացել, եթե չեմ սխալվում, փորձաքննությունն անցել է, փորձում ենք կարգավորել»,- ասաց Ավետիս Առաքելյանը։

Իսկ ո՞վ է թույլատրել ծառերը հատել, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը նշում է, որ կա գրություն, որով հիմնավորվում է, թե ծառահատումը շինաշխատանքներով է պայմանավորված։

«Փորել են և 70 տարվա տարվա ծառերի արմատները, այնպես էլ չէ, որ դրանք դալար ծառեր են, մտել են գետակի հունի մեջ, դրա հետ կապված ծառերը հեռացրել են», – ասում է Ավետիս Առաքելյանը։ Նա ասում է, թե նոր ծառեր են աճեցնելու, թարմացնելու են այգին։

Հարցին՝ կա՞ արդյոք փորձաքննություն անցած նախագիծ, կա՞ դենդրոլոգի եզրակացություն ծառերը հատելու մասին, կա՞ հանրային լսում այս հարցի շուրջ, Ավետիս Առաքելյանը նշում է, որ նախագիծը փորձաքննություն անցել է, որից հետո նոր միայն մրցույթ են հայտարարել։

Ըստ նրա՝ անհարկի ծառահատումներին ինքն էլ դեմ է ու թույլ չի տա ինչ-որ մեկի քմահաճույքով ծառ հատեն, բայց այս դեպքում ստիպված են եղել, դրանք խանգարել են շինաշխատանքներին։ Ավետիս Առաքելյանի պնդմամբ՝ հատվել են ընդամենը 1-2 հաստաբուն ծառեր։

«Անհարկի ծառահատումներին ես էլ եմ դեմ ու երբևէ թույլ չեմ տա, որ ինչ-որ տեղից ինչ-որ ծառեր հեռացնեն՝ ինչ-որ մեկի քմահաճույքով, բայց եթե դրա կարիքը կա, որպեսզի ընդհանուր աշխատանքը չտուժի և ստանանք վերջնական արդյունք, այգին միանշանակ ավելի գեղեցիկ կլինի, ավելի բարեկարգ, այգին մթությունից ու տգեղությունից կազատենք, կլուսավորենք, հիմա ոչ մեկը չի ուզում մտնել, այդպիսի բաներին կարելի է ընդառաջ գնալ», – ասաց Ավետիս Առաքելյանը։

Նա նշեց, որ ծառերի տեղափոխման որոշումը ինքն է կայացրել, որ գնան, պահեստավորեն ու տրամադրեն փայտի կարիք ունեցող բնակիչներին։

«Ինչ վերաբերում է ծառահատումներին, ես եղել եմ տեղում ու տեսել եմ, արմատներից են պոկված եղել, որովհետև աշխատանքների ընթացքում մտել են գետի հունի մեջ, դրա հետևանքով փլվել է հաստաբուն ծառը։ Իմ աչքով եմ տեսել, հարցրել եմ՝ էս ի՞նչ է, պատասխանել են, որ արմատները մեջն են խրված, փորելու ընթացքում ծառերը շրջվել են», – ասում է Ավետիս Առաքելյանը։

Հիշեցմանը, թե կա քրեական վարույթ, Ավետիս Առաքելյանն արձագանքում է․ «Թող լինեն, թող ուսումնասիրեն, քաղաքապետարանը ոչ մի անօրեն գործողություն թույլ չի տվել, նախագծից դուրս գործողություններ չենք արել»։

Նշենք, որ մենք ևս եղանք այգում, ակնհայտ երևում էր, որ այնպիսի ծառեր էին հատված, որոնք բավական հեռու էին գտնվում այգու տարածքով անցնող ստորգետնյա ջրերից, նկատել էինք, որ դրանք ընդհանրապես չեն խանգարել ընթացող շինարարությանը, և բնապահպանների՝ քաղաքի զբոսայգին սպանդի ենթարկելու մասին բարձրացրած աղմուկը հենց այս պատճառով է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031