2021 թ․ հուլիսին աշխատանքի բերումով այցելեցի Երևանի Սեբաստիա-Մալաթիա վարչական շրջանի Բատիկյան փողոց 99/1 շենքում տեղակայված սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Այստեղ սենյակներ էին հատկացվել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միասնական ծառայության գործակալության կենտրոնական բաժնին, որտեղ աշխատում են Հադրութի, Քաշաթաղի և Շուշիի շրջանների նույն բաժինների աշխատակիցները։
Զրույցի ընթացքում պարզվեց, որ Արցախյան վերջին պատերազմում զոհվել է հադրութցի Լյուբա Սարգսյանի ամուսինը՝ Հայոց բանակի լեյտենանտ Սերգեյ Սարգսյանը՝ ՀՕՊ-ի կառավարման պետը։ Ունեն երեք երեխա։ Այժմ վարձով բնակվում են Երևանում։ Դժվար է Լ․ Սարգսյանի համար, բայց պետք է շարունակել կյանքը, մեծացնել զավակներին։ Միաժամանակ աշխատում է՝ աջակցելու հայրենի տնից հարկադրաբար հեռացած հայրենակիցներին, որոնց շարքերում իր նման շատերը կան։
Հադրութեցի Մելիք և Իդա Սարգսյաններն ունեցել են երեք երեխա։ Կրտսերը Սերգեյն էր․ ծնվել է 1982 թ․ Հադրութ քաղաքում։ Միջնակարգ կրթություն ստացել է հայրենի քաղաքի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում՝ 1989-1999 թվականներին։ 2007-2012 թթ․ ընդունվել և ավարտել է ՀՀ պետական ագրարային համալսարանը։ Ավարտելով բուհը՝ ծառայել է Հայոց բանակում՝ ԱՀ ՊԲ Հադրութի Ն զորամասում՝ որպես ՀՕՊ կառավարման կետի պետ։
Կարդացեք նաև
Հայոց բանակի լեյտենանտը շարունակել է ծառայել հայրենիքին մինչև կյանքի վերջը՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ը։ Հերոսաբար մարտիրոսվել է Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի պաշտպանական մարտերում։ 2016 թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ գերազանց է կատարել բազում առաջադրանքներ՝ թշնամուն հասցնելով մեծ կորուստներ։ Նույն ոգով էր կռվում նաև Արցախյան վերջին պատերազմի առաջին օրվանից։
Հերոսի շիրիմը գտնվում է հայոց ամենասրբավայրում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ իր զինակից բազում քաջորդիների շարքում։ 2020 թ․ դեկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով։
Սիրով ու կարոտով են խոսում հերոսի մասին մարտական ընկերները, հարազատները, համաքաղաքացիները, ովքեր ճանաչում էին Սերգեյին։ Բարի ու համեստ երիտասարդ էր՝ օժտված մարդկային դրական հատկանիշներով։ Խելացի էր ու համարձակ թե՛ խաղաղ, թե՛ կռվի օրերին։ Մի քանի խոսքից զինվորները գիտեին՝ ինչպես վարվել։
Բացի զինվորական կյանքից՝ զբաղվում էր նաև գյուղատնտեսությամբ, շարունակում էր հոր կիսատ թողած աշխատանքը։ Սիրով էր մշակում սեփական այգու միրգը, գինի ու օղի թորում, հյուրասիրում ընկերներին, բարեկամներին ու հարևաններին։
Այդ ժամանակ հերոսի մայրը, կինն ու զավակները՝ 14-ամյա Մարտինը, 11-ամյա Ալենը և 3-ամյա Կետրինը, բնակվում էին Երևանում՝ հայրենի Հադրութից հեռու՝ հավատով, որ մի օր տուն են վերադառնալու։ Վերադառնալու են այն տուն, որտեղ երեկոները դիմավորում էին զինվորական հայրիկին և միասին մշակում իրենց այգին։
Զոհրաբ Ըռքոյան




















































