Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՐԻՓՓ համաձայնագրում ինքնիշխանություն բառը 8 անգամ կիրառված է՝ ՀՀ-ն պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն»․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 21,2026 11:54 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, ներկայացնելով համաձայնագրի նախագիծը, ասաց, որ համաձայնագրից ՀՀ ակնկալվող օգուտներն ակնհայտ են։ «Դա Հայաստանի ապաշրջափակումն է, Հայաստանի աննախադեպ տնտեսական հնարավորություններն են, դա Հայաստանի կապն է և Արևելքի, և Արևմուտքի հետ։ Բայց նաև տնտեսությունից անդին օգուտները մեզ համար շատ շոշափելի ու կանխատեսելի են։ Հասկանալիորեն տնտեսական կապերը, փոխկապակցվածությունը, ինչու չէ՝ փոխկախվածությունը ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնպես էլ Արևելք-Արևմուտք ճանապարհին եղած երկրների տնտեսական շահագրգռությունն այս հանգույցում էապես ազդում է նաև քաղաքական իրավիճակի կայունության, դրական իմաստով էապես ազդում է խաղաղության ամրապնդման վրա։ Կա մի շերտ ևս՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների պատմության մեջ` սա ՀՀ և ԱՄՆ միջև տնտեսական համագործակցության մի նոր մակարդակ է։ Նորից ուզում եմ ընդգծել՝ սա համաձայնագիր է ՀՀ եւ ԱՄՆ միջև»,- ասաց Միրզոյանը։

Ըստ Միրզոյանի՝ որևէ ենթակառուցվածք, որը կգործի, ամբողջությամբ և դետալներով տեղի է ունենալու մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա կամ դրանց շրջանակներում։ «Եվ այս սկզբունքները բոլորիդ հայտնի են՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն մեր տարածքում գտնվող ենթակառուցվածքների մասով։ Բնականաբար՝ ՀՀ բացարձակ իրավազորություն, ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն։ Այս փաստաթղթում ինքնիշխանություն բառը 8 անգամ կիրառված է հետեւյալ համատեքստում՝ հաստատվում է ՀՀ ինքնիշխանությունը ենթակառուցվածքների եւ գործընթացների նկատմամբ։ ՀՀ-ն պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների եւ մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն ապահովելու իրավունք։ ՀՀ-ն շարունակում է պատասխանատու լինել հետևյալի համար՝ անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն հսկողություն, հարկերի և տուրքերի փոխանցում պետբյուջե, պետական վարչարարություն և վերահսկողություն։ Հաշվի առնելով մեր նախորդ բանավեճերը՝ ինձ թույլ եմ տալիս մտածել, որ այսքանը թվարկելուց հետո բոլոր մտահոգությունները փարատված են։ Բայց նախորդ փորձը թույլ է տալիս մտածել, որ մենք նորից ու նորից ստիպված այս կետերը կրկնելու ենք»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Միաժամանակ նա ասաց՝ իհարկե, ցանկացած խոշոր ընկերություն կարող է ունենալ իր անվտանգային ստորաբաժանումները, բայց պետք է լիցենզավորված լինեն ՀՀ-ում այնպես, ինչպես մասնավոր դեպքերում այսօր էլ կիրառվում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Միրզոյանի խոսքով՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կհիմնադրվի որպես բաժնետիրական ընկերություն՝ ԱՄՆ ընկերության կողմից։ Մշտապես պետք է պատկանի ԱՄՆ կառավարությանը և չի կարող օտարվել որևէ երրորդ կողմից։ ԱՄՆ-ը կունենա բաժնեմասերի 74 տոկոսը, իսկ ՀՀ-ն՝ 26 տոկոսը։ Այս կարգավորումը կգործի 49 տարով, կողմերը կարող են երկարացնել իրենց իրավահարաբերությունները, և այս դեպքում արդեն ավտոմատ կերպով ՀՀ բաժնեմասերը կդառնան 49 տոկոս։

Նրա խոսքով՝ այս համաձայնագրի վավերացումից հետո փաստաթղթային առումով մեկ-երկու քայլ ևս պետք է իրականացվի, օրինակ, պետք է ստորագրել բաժնետերերի պայմանագիրը, հաստատել ընկերության կանոնադրությունը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031