«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի դիտարկմանը, թե Հայաստանի մասին ԵԱՏՄ զեկույցում թվերը 50 %-ով ուռճացված են եւ իր կարծիքով արդյոք իմպերատի՞վ է Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելը, ասաց. «Գեւորգ Պապոյանին չեմ լսել, քանի որ լսում էի Արարատ Միրզոյանին, որը արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարն է եւ այդ հարցի շուրջ հավանաբար այլեւս պետք է խոսի Արարատ Միրզոյանը։ Ինչո՞ւ։ Հարցրեք Նիկոլ Փաշինյանին եւ իր կառավարությանը։
Հաշվարկների ամբողջականությունը, ճշտությունը չեմ կարող ոչ փաստել, ոչ հերքել, որովհետեւ չորս կառավարություն մայիս ամսից հաշվարկներ է անում, իսկ ես 24 ժամից էլ պակաս ժամանակ եմ ունեցել։ Բայց նույնիսկ եթե հաշվարկները 50 %-ով են իրական, ապա մեզ սպառնացող ապագան իրոք ապոկալիպտիկ կարող է լինել։ Ես հասկանում եմ ինքն ինչ է ասում։ Ասում է՝ ծիրանը չենք տանի Ռուսաստան, կտանենք Օման, այնտեղ կվաճառենք։ Այդ փողը միեւնույն է, գալու է։ Հիմա ես ուզում եմ՝ տարին փակվի եւ Օմանի վիճակագրությունն էլ նայեմ։ Որովհետեւ խոսում էին Ուզբեկստան ծիրան արտահանելու մասին՝ ուզբեկական վիճակագրության թվերը տեսել եմ։ Թվերի հետ անհամատեղելիություն կա։
Բայց եւ այնպես, եկեք հասկանանք, որ տնտեսական հաշվարկների ներքո կա նաեւ քաղաքական ուղերձ։ Ի՞նչ առավելություններից կզրկվի Հայաստանի Հանրապետությունը, եթե այլեւս ԵԱՏՄ անդամ չլինի։ Կրկնում եմ, եթե ԵԱՏՄ-ն հաշվարկել է, որ, օրինակ, մեր ՀՆԱ անկումը կկազմի մոտ 17 %, բավականաչափ լուրջ խնդիր է։ Անգամ եթե դրա կեսը կազմի։ Եթե գազ մենք ստանանք թանկ գնով, այլընտրանքը ո՞րն է լինելու, եթե դա չառնես»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Գեւորգ Պապոյանի մեկ այլ հայտարարության մասին, թե ԵԱՏՄ-ի սառեցումը էական մեծ արձագանք չի ունենա Հայաստանի տնտեսության համար, բայց գազի գնի հետ կապված, խնդիրներ կլինեն, տնտեսագետ պատգամավորն ասաց. «Եթե այդ զեկույցի մեջ գրված է, թե որտեղից կարող են գալ Հայաստանի տնտեսությանը սպառնացող վտանգները, օրինակ, արտագնա աշխատանքի սահմանափակումները։ Եթե նայենք դրամական հոսքերը, որ եկել են Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով, բանկային համակարգի միջոցով, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմել է երեք միլիարդ։ Հիմա եթե այդ երեք միլիարդը չգա, հասկանում եք չէ՞ դրամ-դոլար փոխարժեքը ինչ փոփոխություն կկրի։ Հիմա դրան էլ ավելացրեք գազի գնի հնարավոր թանկացումը, որի համար ամենայն հավանականությամբ կպահանջեն, որ էլի դոլարով վճարենք։ Հասկանում ենք չէ՞, թե դրա գնաճային ազդեցությունը ինչ կարող է լինել Հայաստանի համար։
Մյուս խնդիրը։ Արտահանման եւ ներմուծման մեր սպառման շուկաները հիմնականում ԵԱՏՄ-ն է։ Մինչեւ դու կարողանաս քո ապրանքը հարմարեցնել երրորդ երկրների շուկաների պահանջներին, չեմ ասում նույնիսկ սպառողների ցանկության վրա ազդելու մասին, այդ ամենը 45 րոպեի ընթացքում չի լինում։ Հիմա պետք է նայել, թե ինքն ինչը նկատի ունի։ Պղինձը թանկանում է, բայց ինքը պղինձ է։ Իսկ եթե ուզում ես սպառողական ապրանք վաճառել, դրա համար պետք է սպառողների մոտ ցանկություն առաջացնես»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































