Լրահոս
Օրվա լրահոսը

26 ամիս է՝ աշխատավարձ չենք ստացել։ Կառավարությունը խաբար չի՞, տղե՛րք. «Հրազդան ցեմենտի» աշխատակից

Հոկտեմբեր 21,2026 17:08 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հրազդան ցեմենտ» գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով վերաբացել գործարանը և վերսկսել աշխատանքը։

«26 ամիս է՝ աշխատավարձ չենք ստացել։ Կառավարությունը խաբար չի՞, տղե՛րք»,- գործարանի աշխատակիցներից մեկն իր վրդովմունքը հայտնեց Լևոն Կակոսյանին, որը ստանձնել է գործարանի վերաբացման դեպքում նշանակվելիք տնօրենի պաշտոնը։

«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» խմբի ընկերությունների ֆինանսական վերահսկողության ղեկավար Արսեն Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ սեպտեմբերի 30-ին դիմել են սնանկության կառավարչին՝ «Հրազդան ցեմենտ» գործարանի գույքը ձեռք բերելու նպատակով։

«Դիմումը քննարկման է դրվել, հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել պարտատերերի ժողովը։ Դրական եզրակացությամբ արձանագրություն է կազմվել, սնանկության կառավարիչը հավանություն է տվել և միջնորդություն ներկայացրել սնանկության դատարան։ Նիստը տեղի է ունեցել դատավոր Աշոտ Ջավախյանի նախագահությամբ։ Որոշում կայացնելը նրա իրավասության ներքո է։ Սակայն առ այսօր որոշում չկա։

Այսպիսի ռազմավարական նշանակության գործարանի յուրաքանչյուր օրվա պարապուրդը հանգեցնում է նրան, որ համապատասխան աշխատատեղերը չեն համալրվում, իսկ մենք հնարավորություն չենք ունենում որակյալ արտադրանք թողարկել, ինչը շուկայում ամենակարևոր խնդիրներից է»,- նշեց Պողոսյանը։

Գործարանի տնօրենի պաշտոնը ստանձնած Լևոն Կակոսյանն էլ ասաց, որ արդեն իրականացրել են նախապատրաստական աշխատանքներ, ծրագրել ներդրումներ և պայմանավորվածություններ ձեռք բերել մասնագետների հետ՝ անհրաժեշտ աշխատանքները կազմակերպելու համար։ Սակայն, նրա խոսքով, այժմ ստիպված են սպասել համապատասխան որոշմանը։

Աշխատակիցները Կակոսյանից հետաքրքրվեցին, թե ինչու է ձգձգվում գործարանի վերագործարկումը։ Ի պատասխան՝ նա նշեց.

«Ոչ ոք նրանց ցուցում չի տվել, բայց գուցե նստած՝ իրենց աշխատասենյակներում, վախենում են որոշում կայացնել։ Ես որտեղի՞ց իմանամ»։

«Հրազդան ցեմենտի» նոր գնորդը հայտնի գործարար Նարեկ Նալբանդյանն է։ Լրագրողներից մեկը Արսեն Պողոսյանին հարցրեց՝ արդյոք այդ հանգամանքը կարող է պատճառ դառնալ գործարանի վերագործարկման ձգձգման համար։

«Այս հարցը բավականին մեծ հնչեղություն է ստացել։ Վստահ ենք, որ վարչապետը ո՛չ ուղիղ, ո՛չ էլ անուղղակի ցուցումներ չի տվել։ Այլ հարց է, թե հասցեատերերն այդ հայտարարությունից հետո ինչպես են այն ընկալել»,- պատասխանեց Պողոսյանը։

Աշխատակիցները քննարկեցին նաև իրենց պահանջով ստորագրահավաք կազմակերպելու և գործարանի վերաբացման հարցով կառավարությանը դիմելու հնարավորությունը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031