Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կրկին պետք է վիրահատվի։ Վիրահատությունը նախատեսված է կա՛մ շաբաթվա վերջին, կա՛մ հաջորդ շաբաթվա սկզբին։ Այս մասին ասաց Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ Անիի առողջական վիճակի հետ կապված նոր խնդիրներ ու բարդություններ են առաջ գալիս, այս պահին սպասում են՝ առողջական վիճակը մի քիչ կայունանա, որպեսզի հերթական վիրահատությունն իրականացնեն։
«Անին կրծքավանդակի հատվածում ցավեր ունի, թոքերում, թե սրտի հատվածում ջուր է հավաքվել՝ թե՛ ստացած հարվածներից, թե՛ իր երկար պառկած վիճակից։ Արդեն 3-4 օր է՝ կրծքավանդակի ուժեղ ցավերը չեն դադարում։
Մեզ մոտ էլ սպասողական վիճակ է, տեսնենք՝ ինչպես է լինելու։ Առողջական բարդություններն աստիճանաբար են ի հայտ գալիս»,- նշեց Արփի Ավետիսյանը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է երեխաներին, զրուցակիցը տեղեկացրեց, որ երեխաները դեռ հոգեբանական ծանր վիճակում են։
«Երեխաներն այստեղ են, դպրոց են գնում, Մասիս են ժամանակավոր տեղափոխվել։ Նրանք Շաքիում են դպրոց գնացել, հիմա ո՛չ Շաքիի անունն են ուզում լսել, ո՛չ Սիսիանի, շատ են լացում, ասում են՝ վատ հիշողություն ունենք, չենք ուզում գնալ»,- նշեց Անիի քույրը։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում



















































