«Ա1+». Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշել է կարճել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Հիմքը այն է, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Դատարանը նշել է, որ Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջեւ աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։
Դատարանը նաեւ վերացրել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.01.2026 թվականի որոշմամբ կիրառված՝ «Պարտավորեցնել պատասխանող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը եւ այլ անձանց առանց խոչընդոտի ապահովելու Արման Վոլոդյայի Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի) պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը»:
Հիշեցնենք, որ Արման Սարոյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությունը և վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Հենց այս գործի հետ կապված՝ հայցի ապահովման միջոց կիրառելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ եւս 6 բարձրաստիճան հոգեւորականների։
Կարդացեք նաև
Այս որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում եւ կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
Այս գործով դատական ակտը պետք է հրապարակեր դեռևս 2026թ. օգոստոսի 14-ին, սակայն «Դատալեքս»-ում հրապարակվել է հոկտեմբերի 22-ին։



















































