Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է Եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ

Հոկտեմբեր 23,2026 17:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանը շարունակում է իր ներկայացվածությունը եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ոլորտի առանցքային կառույցներից մեկի ղեկավար մարմնում։

Հոկտեմբերի 22-ին Իսպանիայի Լաս Պալմաս դե Գրան Կանարիա քաղաքում կայացած Եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ասոցիացիայի (ENQA) գլխավոր ասամբլեայի ընթացքում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանն ընտրվել է ENQA-ի կառավարման խորհրդի անդամ՝ երեք տարի ժամկետով։

Ընտրությունը տեղի է ունեցել ENQA-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում։

Այս ընտրությունը կարևոր ձեռքբերում է Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի համար և միջազգային մասնագիտական հանրության վստահության արտահայտություն՝ հայ մասնագետների փորձի, կարողությունների և մասնագիտական ներուժի նկատմամբ։

ENQA-ի կառավարման խորհուրդն առանցքային դեր ունի ասոցիացիայի ռազմավարական ուղղությունների սահմանման, գործունեության առաջնահերթությունների ձևավորման և դրանց իրականացման վերահսկման գործում։ Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը հնարավորություն է ընձեռում անմիջականորեն մասնակցելու եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման քաղաքականության և ռազմավարական որոշումների մշակման ու ընդունման գործընթացներին։

ENQA-ն եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի առաջատար մասնագիտական կառույցներից է։ Ասոցիացիան կարևոր դերակատարություն ունի Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում որակի ապահովման քաղաքականության զարգացման, Որակի ապահովման եվրոպական չափանիշների և ուղենիշների (ESG) կիրառման խթանման, ինչպես նաև որակի արտաքին ապահովման համակարգերի կատարելագործման գործում։

Հայաստանի ներկայացվածությունը ENQA-ի կառավարման խորհրդում սկսվել է 2019 թվականին՝ ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանի ընտրությամբ, որը 2022 թվականին վերընտրվել է երկրորդ անգամ։ Վարդուհի Գյուլազյանի ընտրությունը շարունակում է Հայաստանի մասնակցությունն ասոցիացիայի կառավարման գործընթացներին։

ՈԱԱԿ-ը 2017 թվականից ENQA-ի լիիրավ անդամ է և ակտիվորեն ներգրավված է եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման նախաձեռնություններում։ Կառավարման խորհրդում Հայաստանի ներկայացվածությունը նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային համագործակցության խորացման, հայկական փորձի ներկայացման և եվրոպական որակի ապահովման քաղաքականության զարգացման գործում Հայաստանի ներդրման ընդլայնման համար։

Գլխավոր ասամբլեայի ընթացքում ENQA-ի նախագահ է ընտրվել Հունգարիայի հավատարմագրման կոմիտեի (MAB) գլխավոր տնօրեն Պետեր Լևենտե Լակատոշը, իսկ կառավարման խորհրդի նոր անդամ՝ նաև Գերմանիայի AQAS որակի ապահովման գործակալության ներկայացուցիչ Ռոննի Հայնցեն։

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել