Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Հոկտեմբեր 23,2026 23:23 Share
Աջակցեք aravot.am-ին

Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալել եմ ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքն ու դրանց առաջընթացը, այդ թվում՝ CertScan ծրագրի ներդրման, ռիսկերի կառավարման համակարգի, սահմանային անցման կետերին մաքսային արդի սարքավորումների տրամադրման, ինչպես նաև նոր տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում համագործակցային ծրագրերը։

Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների հետ երկարամյա գործընկերությունը, մասնավորապես՝ Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի շրջանակում ձևավորված համագործակցությունը, որը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի մաքսային ծառայության զարգացման, սահմանային անվտանգության ամրապնդման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման գործում։

Այցի շրջանակում ներկայացրել ենք նաև ՊԵԿ կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը, որը ԱՄՆ EXBS ծրագրի և S2 Global ընկերության հետ շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի արդյունքն է։

2026 թվականի մայիսից գործող կենտրոնը հնարավորություն է տալիս Երևանից իրական ժամանակում մշտադիտարկել սահմանային անցման կետերում տեղակայված ռենտգենյան սարքավորումների աշխատանքը և իրականացնել ստացված պատկերների երկաստիճան վերլուծություն՝ բարձրացնելով մաքսային հսկողության արդյունավետությունը։

Վստահ եմ, որ այս համագործակցության շարունակական զարգացումը կնպաստի Հայաստանի մաքսային համակարգի տեխնոլոգիական կարողությունների ընդլայնմանը և սահմանային անվտանգության հետագա ամրապնդմանը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել