Այսօր առավոտից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բերման ենթարկեց երկու ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների թեկնածուներին:
«Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանին ձերբակալելուց ժամեր անց ազատ արձակեցին, իսկ «Հայրենիք» կուսակցության դեպքում, ըստ շրջանառվող տեղեկությունների, երեքամսյա կալանքի ենթարկեցին ցուցակի 6-րդ համարին՝ Զեփյուռ Աբգարյանին։
Ինչպես քիչ առաջ ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել փաստաբան Արսեն Բաբայանը․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը»։
Իսկ ո՞վ է Զեփյուռ Աբգարյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ 61 տարեկան թեկնածուն Մեղրաշեն գյուղից է, նա աշխատանք չունի, ամուսնացած է, բացի հայրենի գյուղում ունեցած տնից ու հողամասից, այլևս ոչինչ չի hայտարարագրել` ո՛չ շարժական գույք, ո՛չ եկամուտներ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր․ «Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































