«Կիեւյան փողոցում դեռեւս ունե՞նք օդում կախված լարեր, ամբողջը վերացված չի՞»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նրան տեղեկացրին, որ Կիեւյան փողոցում եւ Ազատության պողոտայի առաջին հատվածում ամբողջ վերգետնյա մալուխային ցանցն ապամոնտաժված է:
«Այլ լարե՞ր էլ չկան օդում կախված»,- նորից հարցրեց Ավինյանը: Նրան տեղեկացրին, որ դրանք այլ լարեր են, նաեւ հին ալեհավաքներ են, որոնք մտնում են բնակիչների տներ: «Առհասարակ հին ալեհավաքների հետ կապված պետք է գլոբալ ծրագիր անել ամբողջ քաղաքում: Պարոն Փամբուխչյան, ձեզ խնդրենք՝ բոլոր վարչական շրջաններում չգործարկվող հին սարքավորումները համատիրությունների հետ համատեղ ամբողջությամբ մաքրեն, ապամոնտաժեն, որովհետեւ դրանք իսկապես բավականին տգեղ տեսք են տալիս շենքերին»,- փոխքաղաքապետին դիմեց Տիգրան Ավինյանը:
Ի թիվս այլնի՝ անդրադարձ եղավ ավտոբուսների փոխարինմանը: Ավինյանն ասաց, որ ժամանակն է ամբողջապես անցնելու էլեկտրական ավտոբուսներին. «Դա նշանակում է, որ մեր տրանսպորտի վարչությունը պետք է հաջորդ մրցույթը հաղթահարի՝ բացառապես էլեկտրական ավտոբուսների գնման վերաբերյալ: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ավտոբուսային գծերը էականորեն փոխում են հանրային տրանսպորտի որակն ու հաճախականությունը: Ըստ մեր վերլուծությունների՝ ինչ-որ մի գծի վրա աշխատող 25 ավտոբուսներն ընդհանուր հոսքի մեջ ավելի ոչ էֆեկտիվ են, քան 15 ավտոբուսները՝ առանձնացված գծով: Առանձնացված գիծը մեր ավտոբուսային ցանցին տալիս է էական առավելություն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































