Հայաստանը որոշել է դիմել Ֆրանսիայի աջակցությանը՝ «կարողությունների մեծացման ու ժողովրդի անվտանգության ապահովման նպատակով»
2023-2024թթ. Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինության պայմանագրեր, հայտնի է դարձել Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կողմից երկրի խորհրդարանին ներկայացրած զեկույցից։
Ֆրանսիայի ՊՆ-ն այդ փաստաթղթում նշում է՝ պաշտպանության ոլորտում համագործակցության բազմազանեցման շրջանակում Հայաստանը որոշել է դիմել Ֆրանսիայի աջակցությանը՝ կարողությունների մեծացման ու ժողովրդի անվտանգության ապահովման նպատակով։ «Նոր սարքավորումների արտահանումը, զորավարժությունների անցկացումն ու օպերատիվ գործողություններն ունեն խիստ պաշտպանական բնույթ։ 2023-ին Երեւանում Ֆրանսիայի պաշտպանական առաքելության ստեղծումը թույլ է տալիս հնարավորինս սերտ կապեր հաստատել հայ գործընկերների հետ՝ համագործակցությունն ամրապնդելու լավագույն տարբերակների համար»,-ըստ «Ազատության»` նշվում է զեկույցում։
Նշյալ զեկույցի համաձայն՝ մինչ 2022-ը Ֆրանսիան գործնականում սպառազինություն չի մատակարարել Հայաստանին, սակայն 2023-2024թթ. ցամաքային զորքերի սպառազինության բազմաթիվ պայմանագրեր են կնքվել, քննարկման փուլում են նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում տարբեր նախագծեր։ Ի թիվս սրա, հայ-ֆրանսիական պաշտպանական գործընկերությունը ներառում է լեռնային տեղանքում մարտերի վարման կարողությունների մեծացում, որի շրջանակում համագործակցում են Վազգեն Սարգսյանի եւ Սեն-Սիրի ռազմական ակադեմիաները։ Զեկույցում նշվում է, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարում է Caesar հաուբիցներ. այդ մասին հայտնի էր դարձել դեռ 2024-ին, իսկ փաստաթղթի մեկ այլ մասում նշվում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին 15 հակատանկային հրթիռներ ու հրթիռային կայանքներ մատակարարելու մասին։
Կարդացեք նաև
2023թ. հոկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Ֆրանսիա էր մեկնել, որտեղ հանդիպեց իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Նրանք քննարկեցին պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս հանդիպմանը նախանշվեցին համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, եւ կողմերը պատրաստակամություն հայտնեցին նոր ջանքեր գործադրել համագործակցությունն առավել զարգացնելու նպատակով:
2024թ. փետրվարին Երեւանում Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարեց, որ Հայաստանն արդեն ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը. «Ձեր Փարիզ այցելության ժամանակ Դուք ստորագրեցիք առաջին վաճառքի նյութ հանդիսացող զենքի տեսականին, երեկ երեկոյան Դուք արդեն առաջին խմբաքանակը ստացաք։ «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը նույնպես կլինի։ Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության սարքավորումներ են, որովհետեւ առաջնահերթ է այս տարածաշրջանում՝ եւ՛ բնակչության, եւ՛ սահմանների պաշտպանությունը»։
Անդրադառնալով ՀՕՊ համակարգերին՝ նախարարն ասաց, որ եթե Հայաստանը դրա կարիքն ունենա` ՀՕՊ հրթիռներ նույնպես կտրամադրվեն։ Լըկորնյուն նաեւ տեղեկացրեց, որ Պապիկյանի հետ խոսել են, մասնավորապես, «Միստրալ» հրթիռների մասին. «Tales ռադարների մասին է նաեւ խոսքը: GM200 ռադարների մատակարարում շատ շուտով կլինի, եւ տեսնում եք, որ ամեն անգամ խոսում ենք պաշտպանական զենքերի մասին»։
Լըկորնյունի՝ Հայաստան այցին ընդառաջ ֆրանսիական «Ֆիգարոն» գրել էր, որ Երեւան է ուղեւորվում ոչ միայն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, այլեւ «ֆրանսիական զինամթերքը»։ Խոսքը, մասնավորապես, ըստ «Ֆիգարո»-ի, մինչեւ 250 կմ հեռավորության վրա ինքնաթիռներ հայտնաբերող 3 ռադարների, ինչպես նաեւ գիշերային տեսողության հեռադիտակների մատակարարման մասին է։
Ասուլիսի մեկնարկին Պապիկյանն, անդրադառնալով հայ-ֆրանսիական համագործակցությանը, տեղեկացրեց, որ թեեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմական համագործակցության գործնական փուլը երկու տարին չի բոլորել, այն արդեն իսկ համակարգային եւ հեռահար բնույթ ունի։ Պապիկյանը բովանդակային եւ գործնական որակեց նախարարի հետ այդ օրը կայացած քննարկումները, ընդգծելով, համագործակցության օրակարգն ընդգրկում է Զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները, մասնավորապես, պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը, ԶՈւ եւ պաշտպանական միջոցների արդիականացման եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործընթացը։ «Երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա եւ զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով», նշեց Պապիկյանը։
2024թ. հունիսին Սեբաստիեն Լըկորնյուն Ֆրանսիայում` ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո X-ի իր էջում գրեց. «Ֆրանսիան շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ»։ Նա նաեւ հայտնել էր, որ ջերմ եւ արդյունավետ երկխոսություն է ունեցել Պապիկյանի հետ, ինչպես նաեւ կնքվել է CAESAR-ի ձեռքբերման պայմանագիրը։ Լըկորնյուն սա կարեւոր իրադարձություն է որակել։
Նկատենք, որ Caesar-ը 155մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից է, որի հեռահարությունն առավել առաջադեմ արկերի կիրառման դեպքում գերազանցում է 50 կիլոմետրը: Այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինայում ընթացող պատերազմում: 2023թ. դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատը հորդորել էր հնարավորինս արագացնել Հայաստանին հաուբիցների ուսումնասիրության հարցը:
Այսպես, պաշտոնական Փարիզը երկու-երեք տարի առաջ առաջնահերթ էր համարում մեր տարածաշրջանում բնակչության եւ սահմանների պաշտպանությունը` շեշտելով Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության կարեւորությունը։ Այսօր Ֆրանսիան Ադրբեջանի հետ սկսել է ավելի մեղմ քաղաքականություն վարել, ֆրանս-ադրբեջանական երբեմնի լարվածությունը, կարծես, մնացել է անցյալում: Հենց այստեղ է երեւալու Հայաստանի իշխանությունների հետեւողականությունը` երկրի պաշտպանական խնդիրները լուծելու հարցում: Ադրբեջանի հետ խաղաղության ձգտելու նպատակը չի կարող լինել ի հաշիվ Հայաստանի թուլացման, ինչին, ի դեպ, հետեւողականորեն ձգտում է Ադրբեջանի իշխանությունը:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.11.2025


















































