Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածված հիմնական խախտումները շարունակում են մնալ չնախատեսված վայրերում քարոզչական տպագիր նյութի տեղադրման դեպքերը. «Միասնության թեւերը»` Վաղարշապատում քարոզարշավի մասին

Նոյեմբեր 14,2025 23:35

«Միասնության թեւեր»-ն ամփոփել է Վաղարշապատի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մշտադիտարկման արդյունքները (մաս 2)

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը ամփոփել է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 13-24-րդ օրերի՝ նոյեմբերի 3-14 ժամանակահատվածի, մշտադիտարկման արդյունքները։

Այսպես, ուսումնասիրվել է ընտրություններին մասնակցող բոլոր 8 քաղաքական ուժերին վերաբերող 450-ից ավելի մամուլի և սոցիալական ցանցերի  հրապարակում։

Տարածված հիմնական խախտումները շարունակում են մնալ չնախատեսված վայրերում քարոզչական տպագիր նյութի տեղադրման դեպքերը։

Օրինակ, «Ժառանգություն» կուսակցության  թեկնածուն հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պաստառները փակցված են կոպիտ խախտումներով, իսկ «Հաղթանակ» դաշինքի թեկնածուն դժգոհում է նախընտրական պաստառների բաշխումների հարցում խտրական վերաբերմունքից։

Դիտարկվող ժամանակահատվածում ամենաակնառու դեպքը Գեղակերտի դպրոցի տնօրեն, Վաղարշապատի  14/27 ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանի կողմից Վաղարշապատի բնակիչներին օգնություն բաժանելն է եղել բարեգործական հասարակական կազմակերպության անունից։ ԶԼՄ-ների այս հրապարակումներից հետո վերջինս Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ ձերբակալվել է, ապա նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանքը որպես խափանման միջոց։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ  վերոհիշյալ դեպքը ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ և 6.1.-ին մասերով արգելված գործողություն է։

Այս ժամանակահատվածում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դեպքեր, որոնցից առաձնացրել ենք ասֆալտապատման աշխատանքների իրականացումը և նորակառույց մանկապարտեզների բացումը՝ որպես քարոզչության գործիքների օգտագործում: Այսպես. «Մայր Հայաստան» դաշինքը և մի քանի լրատվամիջոցներ հայտնել են, որ «Վաղարշապատի համայնքապետարանը մի շարք բնակավայրերում իրականացնում է հապճեպ, մասնագիտական տեսանկյունից չհիմնավորված ասֆալտապատման աշխատանքներ», որոնք, ըստ տեղեկությունը հայտնողների, «չեն համապատասխանում շինարարական նորմերին և կարող են դիտարկվել որպես նախընտրական կաշառք»։

Վերջին օրերին ՏԿԵՆ-ի և Արմավիրի մարզպետարանի սոցիալական ցանցերի էջերում լայնորեն լուսաբանվել է նաև Կառավարության և համայնքային համաֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզի բացումը Էջմիածին քաղաքում։ Նմանօրինակ վարքագծի դրսևորումը խնդրահարույց է և կարող է դիտարկվել որպես քարոզչություն՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի, հատկապես, եթե նկատի ունենանք, որ օրեր անց՝ 12.11.2025-ին, Արգիշտի Մեխակյանը տեսանյութ է հրապարակել՝ մանկապարտեզի ֆոնին հանդես գալով ուղերձով:

Հարկ ենք համարում նշել, որ Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» (Վենետիկի) հանձնաժողովի «Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման մասին» 2013թ. զեկույցում (այսուհետ նաև՝ Զեկույց) անդրադարձ է կատարվել համանման դեպքերին: Մասնավորապես՝ Զեկույցի 102-րդ կետի համաձայն՝ ընտրական գործընթացների ընթացքում ընտրված պաշտոնյաների և բարձրաստիճան պետական ծառայողների կողմից վարչական ռեսուրսների օրինական օգտագործում կարող է լինել այն դեպքում, երբ քաղաքական հարթակը (ինչպես նաև դրա իրականացման միջոցառումները՝ օրինակ՝ հանրային շենքերի բացումներ, նոր պետական ծրագրերի մեկնարկ, պետական հատվածում աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացում և այլն) ծագում է երկարաժամկետ հաստատված ծրագրից։

Այդպիսի ծրագիրը պետք է հաստատված լինի կամ օրենսդիր մարմնի (կամ մանդատ) սկզբում, կամ բյուջետային տարվա սկզբում։ Բացի այդ, նման քաղաքականության արդյունքները չպետք է դիտավորությամբ երևան ընտրական գործընթացների ընթացքում, այսինքն՝ դրանք չպետք է ծառայեն որպես ընտրական առավելություն։ Օրինակ՝ հանրային շենքերի բացումների քանակը ընտրությունների ժամանակ պետք է լինի նույն մակարդակի, ինչ մյուս ժամանակահատվածներում։ Ընտրական գործընթացը չպետք է դառնա այն պահը, երբ սկսվում են նոր ծրագրեր կամ իրականացվում են բյուջետային ազդեցություն ունեցող գործողություններ, որոնք նախապես չէին պլանավորվել։ Այդպիսի նոր նախաձեռնությունները կարող են ավելի հեշտորեն որակվել որպես վարչական (ոչ նյութական) ռեսուրսների չարաշահում։

Վերոգրյալի համատեքստում սույն քարոզարշավի շրջանակներում պաշտոնատար անձանց կողմից կառավարության և/կամ համայնքային բյուջեով նախատեսված դրական արդյունքների ընդգծված ցուցադրումը և դրանք որպես ընտրական առավելություն օգտագործելը` վկայում է ոչ նյութական վարչական ռեսուրսների չարաշահման մասին և անհավասար պայմաններ է ստեղծում ի համեմատ մյուս մրցակիցների:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվում ասֆալտապատման աշխատանքների կատարումը կամ դրանց կատարման մեկնարկի մասին հավաստող գործողությունների կատարումը վկայում է այդ աշխատանքների՝ ոչ այնքան կարիքի, որքան քաղաքական մոտիվացվածության մասին:

Վերը հիշատակված երկու դրվագները քաղաքական օպորտունիզմի և «մեղմ ընտրակաշառքի» օրինակներ են` պայմանավորված այն հանգամանքով, որ «ստեղծված» և կատարման ենթակա աշխատանքները թեկնածուներն օգտագործում են որպես առավելություն և դրսևորում այդ առիթից օգտվելու գիտակցական քաղաքականություն և գործելակերպ: Նախընտրական քարոզարշավի մշտադիտարկվող այս ժամանակահատվածում ինչպես մամուլում, այնպես թեկնածուների կողմից եղել են ահազանգեր՝ քաղաքացիներին քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատելու կամ հարկադրելու վերաբերյալ։

Այսպես, օրինակ,  «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը կատարել է  պնդում այն մասին, որ իր ազգականին՝ Էջմիածին քաղաքի «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրենին, աշխատանքից  ազատել է Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար, թեկնածու Արգիշտի Մեխակյանը:

Պետք է նշել, որ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը ամրագրում է խտրականության համընդհանուր արգելքը, իսկ Աշխատանքային օրենսգրքի 3.1. հոդվածը, ամրագրելով աշխատանքային իրավահարաբերություններում խտրականության արգելքի սկզբունքը, մասնավորեցնում է, թե ինչ ասել է աշխատանքային հարաբերություններում խտրականությունը:

Օրենսդիրը հստակ սահմանել է, որ արգելվում է աշխատանքային իրավահարաբերություններում ցանկացած, այդ թվում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման, դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը:  Ընդ որում՝ պատշտոնատար անձի կողմից նման հորդոր կատարված լինելու փաստի հաստատման դեպքում այն իր մեջ պարունակում է քրեորեն պատժելի արարքի տարրեր:

Ինչպես նախորդ շաբաթների, այնպես էլ այս ժամանակահատվածում քրեական հետապնդման ինստիտուտը կիրառվում է որպես քաղաքական նպատակներին հասնելու գործիքակազմ։ Օրինակ, հարց է առաջանում, թե ինչու են քրեական վարույթներ նախաձեռնվում ընտրական գործընթացներին մասնակցող նախկին համայնքապետերի նկատմամբ հենց հիմա, ինչպես արձանագրվել է «Մայր Հայաստանի» թեկնածուներ, նախկին համայնքապետեր Գրիշա Հարությունյանի (Դողս բնակավայր-խմբ.) և Դավիթ Կարապետյանի (Ծաղկունք) դեպքում։

Ուշադրության են արժանի նաև այն դեպքեր, երբ քրեական հետապնդում է հարուցվում հենց այս նախընտրական փուլում ոչ թե ընտրություններին մասնակցող թեկնածուների, այլ նրանց ազգականների կամ քաղաքական ղեկավարների նկատմամբ։ Այսպես, օրինակ, հայտնի է, որ Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը, ընդգրկված է «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ցուցակում, և նախընտրական քարոզչության այս ժամանակաշրջանում երկու տեղեկատվություն է հրապարակվում, որոնք առնչվում են թեկնածուի ազգականներին։

Առաջին՝ նոյեմբերի 11-ին հայտնի է դառնում, որ մեղադրանք է առաջադրվել Մանվել Գրիգորյանի դստերը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին։

Երկրորդ՝ նոյեմբերի 8-ին Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին նոր մեղադրանք է  առաջադրվում, որի շրջանակում Հանրային հեռուստաընկերության պատրաստել է ռեպորտաժ։

Տեսանյութում շեշտվում է այն հանգամանքը , որ իրավական նորմերի խախտումներով բնակարան է հատկացվել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին: Հետաքրքրական է այն փաստը, որ որևէ անգամ չի հիշատակվում տվյալ անձի տվյալները, այսինքն՝ ցանկացած ունկնդրի և դիտողի համար պարզ է, որ քննադատության թիրախը ոչ թե ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագծին է, այլ Մանվել Գրիգորյանի հետ ունեցած ազգակցական կապ։

Այսպիսի իրավիճակ է արձանագրվել նաև Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Համահայկական ճակատ շարժում» կուսակցության պարագայում. նոյեմբերի 11-ին քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՃԿ նախագահ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նկատմամբ։

Ընդգծված կարևոր ենք համարում շեշտադրել, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվում առաջադրված մեղադրանքները և քրեական հետապնդման և կալանավորման ինստիտուտները քաղաքական մրցապայքարի գործիքի վերածումը խաթարում է ժողովրդավարական ինստիտուների նկատմամբ հանրության վստահությունը, քաղաքական սկանդալները վերածվում են սովորական երույթի, որի արդյունքում ընտրողները թերհավատորեն են մոտենում և չեն ցանկանում մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներին, որպիսի հանգամանքն էլ իր հերթին հանգեցում է ժողովրդի քաղաքական կամքի խաթարման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930