Այսօր Եղիշե Չարենցի տուն- թանգարանում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Միքայել Արուտչյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, ցուցահանդեսը
նվիրված է արվեստագետի ծննդյան 115 և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին. «Ցուցադրված են ինչպես թանգարանի ունեցած, այնպես էլ Արուտչյանի անձնական հավաքածուից նմուշներ՝ գրաֆիկական գործեր, «Երկիր Նաիրի» վեպի եւ «Եվգենի Օնեգինի» ձեւավորումները, կա նաեւ կանացի կերպարների հրաշալի շարք: Որոշ գործեր առաջին անգամ են ցուցադրվում»:

Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Արուտչյանի ընկեր, Հայաստանի ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանը նշեց, որ Արուտչյանն այն նկարիչներից էր, որը մեծ հետք թողեց հատկապես 1920-30 -ական թվականների արվեստի վրա. «Նա հետաքրքիր էր եւ տաղանդավոր, չնայած այն հանգամանքին, որ Մոսկվայում էր բնակվում: Նրան շնորհվեց Հայաստանի պատվավոր նկարչի կոչում, բայց պետք է ասել, որ Հայաստանում նա արժանի կերպով չի գնահատվել, նրա մասին նույնիսկ մոնոգրաֆիա չկա տպագրված»:

Նշենք, որ Արուտչյանը ներկայացումներ է ձևավորել նաև Երևանի, Բաքվի, Թբիլիսիի թատրոններում, եղել է «Խասփուշ», «Զամալլու», «Պեպո», «Դավիթ- Բեկ», «Հյուսիսային ծիածան» ֆիլմերի բեմադրող նկարիչը, պատկերազարդել ինչպես հայ, այնպես էլ ռուս հեղինակների գրքեր: «Շատ նկարիչների, ինչպես եւ Արուտչյանին, մարդիկ պարզապես չեն հիշում: Դա մեր ազգի վատ կողմն է, մենք չենք կարողանում ըստ արժանվույնս գնահատել մեր նկարիչներին»,-ասում է Ս. Անդրանիկյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



















































