Լրահոս
Օրվա լրահոսը

Նինա Աղավելյան. «Ասում են, որ իմ աշխատանքները կապված են տիեզերքի հետ»

Սեպտեմբեր 22,2012 17:48

Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց նկարչուհի Նինա Աղավելյանի անհատական ցուցահանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում նկարչուհին նշեց, որ նկարչությամբ զբաղվում է 1984 թվականից: 28 տարիների ընթացքում նա ունեցել է մի շարք ցուցահանդեսներ, իսկ նկարիչների միությունում` երկրորդ անգամն է: Իր խոսքով, նա ոչ մի իզմերի չի ենթարկվում եւ փորձում է ազատ ստեղծագործել. «Իզմերից խուսափելը տանում է նրան, որ դու ունենում ես սեփական ոճդ: Փորձում եմ ստեղծագործել ավելի շատ երեւակայական եւ տեխնիկական հնարքով այն արդարացնել: Թեմատիկ բաների հետեւից աշխատում եմ չընկնել, բայց, երբեմն, ասում են, որ իմ աշխատանքները կապված են տիեզերքի հետ: Երբ կանգնում ես նկարելու, չգիտես, թե ինչ ես նկարելու: Ձեռքը նաեւ երեւակայություն տալն է»:
Ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր ժամանակներում ստեղծված մոտ 130 աշխատանք:
«Կան եւ գրաֆիկական, եւ գեղանկար, եւ տեքստուր գործեր»,- ասաց Աղավելյանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ երեկվա տոնից հետո, մի փոքր տոն էլ իրենք են կազմակերպել: Նկարչուհու աշխատանքներն իր համար կյանքով լի են ու լուսավոր. «Դա զարմանալի չէ, զարմանալի է, որ լինելով կին, կարողանում է ակտիվ ստեղծագործել»:
Արվեստագետ Սյուզի Թեւոսյանը կարծում է, որ Նինա Աղավելյանը ինքնատիպ նկարչուհի է, ունի ի ծնե շնորհք, նրա կտավները առանձնանում են զգացմունքների թարմությամբ, անմիջականությամբ, նա կարողանում է իր հոգու լույսը տալ մարդկանց, նրանց մեջ սերմանել բարին, գեղեցիկը. «Նինան նաեւ հրաշալի ընկեր է: Նրա նկարների ցուցահանդեսները բազմիցս բացվել են թե Հայաստանում թե աշխարհի տարբեր երկրներում: Նա երբեք կանգ չի առնում, միշտ ուզում է գնալ առաջ, չի սահմանափակվում իր ձեռք բերվածով»:
ՀՀ. Ազգային ժողովի փոխանագահ Հերմինե Նաղդալյանը, որպես շարքային դիտող, համոզված է` նկարչուհու աշխատանքները մեկ ամբողջականություն են կազմում:
«Գեղանկարչության մեջ մենք մեծ երեւույթ ունենք, նա մեր կողքին է եւ իր աշխատանքները կարողանում են վայելել: Իրականում սքանչելի աշխատանքներ, որոնց կողքին ցանկանում ես կանգնել ու վայելել»,- ասում է  տիկին Նաղդալյանը:

 

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930