Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ետ եկա Հայաստան

Նոյեմբեր 09,2012 15:36

Այս հարցն ինձ տվին եւ շփոթմունքի մեջ գցին. երբեք չէի մտածել: Մոտավորապես կարծես հարցնեն՝ ինչո՞ւ ես սիրում խնձորը: Հեշտ է ասելը: Հիմա բացատրեմ: Կարող եմ այդ մասին գրել ու գրել՝ անսպառ, բայց կաշխատեմ համեմատաբար կարճ կտրել:
Նախ՝ ե՞րբ եկա: Առաջին անգամ՝ երբ ինձ այստեղ ծնեցին: Հիշում եմ, փոքր ժամանակ ինչպես էի ուրախանում եւ հպարտանում, ինչ լավ է, մտածում էի, որ հայ եմ ու որ տղա եմ: Բա որ աղջի՞կ լինեի: Եվ ուրիշ ազգի՞: Ասենք, ռուս: Կամ ադրբեջանցի: Շատ մեծանալուց հետո էր, որ ուզեցի եւ աղջիկ լինել, տեսնել, զգալ, հասկանալ, կին, մայր, մտածում էի՝ եթե հայ աղջիկ լինեի՝ այսքան դաժան չէի լինի տղաների հանդեպ: Եվ ռուս աղջիկ լինելն էր հետաքրքիր՝ արդեն նախօրոք՝ բարի՝ տղաների հանդեպ: Շատ կուզեի ադրբեջանցի լինել՝ տեսնել՝ իրո՞ք մենք նրանցից տարբերվում ենք, թե՞ ոչ: Ի՞նչ է իր ներսում մտածում: Հետո գտա այդ միտքը Հրանտի «Սկիզբը» վիպակում: Ի՞նչ է իր ներսում մտածում ձին, կամ ադրբեջանցին: Ադրբեջանցի աղջիկ լինեի՝ ու խելքահան անեի հայերին իմ պորտապարով: Ձի՝ ոչ, բայց կատու կամ շուն լինելու մասին մտածել էի փոքր ժամանակ. առյուծ. վագր. վառյուծ. եկա եզրակացության, իհարկե, որ ավելի շուտ կատվայինների ցեղից եմ: Կատուները մի ձեւի ավելի խելոք են թվում: Եվ հավատարմությունն ինձ համար մեծ արժեք չէ. ես հավատարիմ եմ ամբողջ աշխարհին, ոչ թե նրա առանձին մասերին:
Ավաղ, դա ինձ տրված չէր: Տղա էի ու՝ հայ: Տղա վիճակում էլ լիքը բան կարելի էր փորձել՝ որ ինձ տրված չէր լինելու: Ասենք՝ օդաչու լինել: Թեեւ հիմա դա այդքան դժվար չի թվում այլեւս՝ մարդ գիտի, որ շատ ուզեց՝ կարող է սովորել: Բժիշկ կարո՞ղ էի լինել: Նկարի՞չ: Երաժի՞շտ: Երգի՞չ: Մասնագիտական մակարդակով՝ երեւի այո (բայց շա՛տ ցածր երգող երգիչ կլինեի, թեեւ այսօրվա տեխնիկայով՝ էլի պրոբլեմ չէ), իսկ թե ինչ է տրված աստծոց՝ աստված գիտի: Պիտի զարգացնես՝ որ իմանաս: Գրադարանավար չէի ուզի լինել՝ թեեւ գրքի մասնագետ էլ եմ փաստորեն: Թանգարաններ չեմ սիրում՝ թեեւ շատ գնահատում եմ: Ես հավաքչարար չեմ՝ ես հետազոտող եմ: Փոքր ժամանակ մտքովս չէր անցնի՝ որ այսքան կճամփորդեմ: Ճամփորդությունների մեծ մասն անհետաքրքիր բան են, օդակայանում սպասելիս կորած ժամանակ, ստանդարտ հյուրանոցասենյակներ: Չէ որ ես չեմ ճամփորդել իմ ուզածի համար, հիմնականում՝ կոնֆերանսների, կոնֆերանսների… Բայց երբեմն ինչ-որ բան է կատարվում՝ որ հիշվում է ընդմիշտ: Օրինակ՝ ինչպես Անտվերպենում փողոցով քայլելիս (գնացել էի ոչ թե կոնֆերանսի՝ այլ իմ կամքով) հանկարծ զգացի ետեւիցս Ամալյա Կոստանյանի հոգու հպումը: Նա քիչ առաջ էր մահացել՝ իմ սիրելին, ում ընկերացա ու ով իմ քույրը դարձավ շատ արագ՝ Հայաստան վերադառնալուցս հետո: Եվ հետո մահացավ: Եվ Անտվերպենում ետեւից ինձ մոտեցավ ու մի պահ հպվեց, նույնիսկ չհպվեց էլ՝ մի լավ հրեց, ես թռա մի քանի քայլ առաջ, շուռ եկա՝ մարդ չկար ետեւումս: Եվ հասկացա, որ նա էր: Ասաց, ինչ պիտի ասեր, ու գնաց:
Կարո՞ղ էի ինժեներ լինել: Այո, բայց էլի՝ մեխանիզմ քանդել հավաքելն էլ էնքան չեմ սիրում: Փոքր ժամանակ սիրում էի: Երբ գրել սովորեցի՝ այդ ամենը դարձավ ավելորդ:
Ինչո՞ւ էի հպարտանում փոքր ժամանակ, որ հայ եմ, որ Հայաստանում եմ ծնվել, որ տղա եմ… Եսի՞մ: Վստահ էի իմ ինքնությանը: Երեւի դա լավ է: Չէի հպարտանում՝ որ Սովետական Միությունում եմ ծնվել, թեեւ դուրըս գալիս էր, որ երկիրը մեծ է, իսկ գաղափարախոսությունը մի ծանոթ ու անկապ սուտ էր՝ որ պիտի մեր կյանքն ուղեկցեր: Որ կքանդվի՝ մտքովս էլ չէր անցնում: Ես սովոր եմ մարդկային ստի մեջ ապրել ու չեմ հավատում, որ այն հեշտ կքանդվի: Հարմարվում եմ: Ստի մեջ ապրողներին ներողամտորեն եմ վերաբերվում՝ որովհետեւ հակառակ դեպքում իրենք ասում են՝ որ բարի չեմ: Աշխատում եմ քնքույշ լինել նրանց հետ՝ ինչպես հիվանդների: Բայց տակից փորում եմ: Ու էլի նկատում ու ասում են՝ որ բարի չեմ: Իսկ ես եւ բարի եմ, եւ բարի չեմ:
Ախ, ինչու է իմ ազգը փոքրաքանակ… Երկիրս՝ փոքրածավալ… Ափսոսել եմ փոքր ժամանակ: Մեծ լինեինք՝ ժուռնալներ, ամսագրեր, մեծ կինո, գրողների մեծ քանակի մեծ կարիք, մեծ տարածքներ, մեծ գործեր… Հետո, երբ մեծացա, գնացի, ետ եկա, հասկացա՝ որ սա ավելի լավ է. ավելի լավ է ընտանեկան ռեստորանը՝ տնական ուտելիքով՝ քան հսկայական Շեռատոն Հիլտոնները: Աշխարհում ամենաարժեքավոր բաները հատուկենտ բաներն են, իսկ փոքր ազգի ամեն մարդ ավելի հատուկենտ է՝ քան մեծինը: Մինչեւ գնալս՝ սա ավելի տեսականորեն գիտեի, ավելի՝ որպես սնապարծություն: Հիմա՝ խորքից գիտեմ, կենսափորձս հաստատել է: Ու զարմանում եմ, որ մեզանում սնապարծությունը կա՝ բայց ըստ դրա ապրելը չկա, այսինքն մարդիկ այնպես չեն ապրում՝ ինչպես վայել է փոքր ազգի հատուկենտին: Չէ որ փոքր ազգից յուրաքանչյուրը, փաստորեն, արիստոկրատ է. հատուկենտ լինելը հենց նշանակում է ուզած չուզած՝ արիստոկրատ լինել: Բայց մերոնք հաճախ արիստոկրատիզմի փոխարեն բոշայություն են անում:
Առաջին անգամ երբ լքեցի Հայաստանը՝ երեք տարով, Մոսկվա ասպիրանտուրա՝ մտքիս էլ չկար՝ թե կարող է ետ չգամ: Մոսկվան այնքան տհաճ էր, Երեւանն այնքան լավն էր… Չնայած գազին, քիմիային, խաբկանքին, գավառականությանը, երեսպաշտությանը, սեքսի պակասին ու ցեխավիզմին՝ Երեւանը տաս աչոկ տալիս էր 80-ականների Մոսկվային՝ իր մարդկայնությամբ, մարդամոտությամբ, մարդու համար հարմար արված լինելով… Կամ՝ ինձ համար, հայ տղա մարդու՝ վաթսունականներին ծնված… Նույնիսկ երբ լույս ու գազ չկար՝ մտածում էի, բա որ սա Մոսկվայում պատահեր… Քաղաքը լրիվ վարի կգնար, թեեւ այստեղ դրանց բացակայությունը ցույց էր տալիս այն՝ ինչ առանց այդ էլ հայտնի էր՝ որ ափեղ- ցփեղ սարքած քաղաք ու երկիր ենք՝ փինաչու գործ…
Հետո՝ գիտեի, որ Մոսկվայում անելիք չունեմ. եւ լեզուս, թեեւ թվում էր՝ լավ գիտեի, բայց համենայն դեպս մասնագիտորեն իրենց տիրապետածից թերի էր թվում… Եվ ցանկացած գործ ավելի վատ կստացվեր մոտս՝ քան մրցույթի ելած ղզղնած, կատաղած տեղացիների… Այն ամենում, ինչում Հայաստանում մասնագետ կլինեի՝ այնտեղ սիրող էի ինձ զգում… Եթե այստեղ գիտեի հաստատ որ պետք եմ՝ այնտեղ գիտեի հաստատ որ ավելորդ եմ: Այստեղ շուրջս անգործներ էին: Իհարկե, կարելի էր նրանց մելամաղձոտ երազկոտներ անվանել: Այստեղի պրոբլեմն այն էր՝ որ մրցույթի սանդղակ չկար. ինչ էլ անես՝ դու միակն ես, ով դա անում է, լավ ես արել թե վատ՝ կարծիք չկա, որովհետեւ համեմատելու այլընտրանք չկա ինչ-որ այլ բանի հետ, ուրիշի արածի հետ:
Այնտեղ՝ կատաղի ինչ-որ բան անողներ էին ամենուր. իմաստ ունի-չունի՝ ամբողջ օր ու գիշեր ինչ-որ բան էին անում (հիմիկվա մեր որոշ քաղաքական կուսակցությունների պես՝ ընտրություններից առաջ) ու եթե ճամփին չէին մեռնում ու չէին սպանվում՝ կյանքի վերջում տուն, ապրուստ, դաչա, ավտո, բան էին թողնում երեխեքին, սրանք էլ՝ իրենց երեխեքին, եւ այդպես արդեն մի երկու դար, նույնիսկ չնայած հեղափոխություններին ու Ստալինի պասյանսին… ու երեխեքի երեխեքն արդեն լավ դասավորված խոլյոնի բարին էին նախօրոք…
Ոչ թե այստեղի խեղճուկրակների պես՝ եղեռնից մազապուրծ փախած, այստեղ մի տեղ ծմակած, որ ապրում ու գնում էին՝ իրենց երեխեքին առանց էլ մի կարգին դասավորելու, կամ դասավորելու տեղերն ու շանսերն էլ նենց էին՝ որ կարելի էր անկեղծորեն արհամարհել, երազկոտ ապրել ու կանաչ կոֆեն բովել ու խմել… Հրանտն այդ մարդու ծառ տեսակը լավ է նկարագրել, ու չի կարելի ասել, դրանք լավն են կամ վատը: Դրանք՝ կան: Գուցե դրանց պատճառը եղեռնն էր՝ որ գենետիկորեն սթրես էր, ու պիտի մի քանի սերունդ անցնի, որ տակից դուրս գանք ու բանուկ դառնանք: Գուցե՝ հազարամյակների մեր պատմությունը, որ ոչ թե ծույլ է դարձնում, այլ՝ մի տեսակ ապահով, որ դե էսքան եղել ենք՝ էլի էսքան կլինենք, ինչ կարիք կա վտվտալու, չարչարվելու… Ես էլ եմ այդ ապահովության կրող (տես ստորեւ):
Գուցե՝ պատմությունից կտրվելու, երկփեղկվելու մեր ցանկությունը, մեր անկախ ուրույնությունը պահպանելու մեր գենետիկ սովորությունը… Դրանից՝ գլուխներս ջայլամի պես խրում ենք հողի մեջ…
Չգիտեմ: Բայց հետո մեկ ուրիշ բան է կատարվում. բանուկները թողնում գնում են, այստեղ մնում են ավելի պակաս բանուկները, որոնք կատաղում են՝ որ իրենք այդքան շնորհքով չեն, որքան նրանք, ով աշխարհին պետքական փեշակի տեր են ու կարող են գնալ ու գործ գտնել իրենց, ու մեր ջայլամներին սկսում են կեղեքել ավելի անողոք, քան եթե բանուկները մնացած լինեին… Իրականում, իհարկե, էլ ավելի բարդ է կեղեքման մեխանիզմը, բայց այստեղ կանգ առնենք մի պահ, վերադառնանք իմ գնալ գալուն:
Կարող եք ասել՝ էդ ի՞նչ կեղծ համեստություն է, դու ո՞նց քո մասնագիտությամբ, քո գիտելիքով՝ քեզ մրցունակ չես համարել էն առաջին անգամ որ Մոսկվայում էիր ու ետ եկար… Ասեմ. լինում է, որ մրցույթն այլ բանի մասին է. օրինակ՝ երկուսդ էլ ֆիզիկոս եք, բայց հաղթում է ոչ թե լավ ֆիզիկոսը, այլ նա՝ ով Մոսկվայի սառնամանիքին ավելի է համաձայն դիմանալ: Ես համարում էի լավ մասնագետ նրան՝ ով եւ լավ ֆիզիկոս է, եւսառնամանիքին դիմանում է: Ես էլ կարող էի դիմանալ, բայց չէի ուզում այնօր. Հայաստանն ինձ ավելի հյուրընկալ, հարմար էր թվում: Ուզում էի հեշտ պրծնել, թվում էր՝ այստեղ ավելի քիչ բանի պիտի մարդ դիմանա, թվում էր՝ ես նախագծված եմ այս կլիմայի համար:
Բացի այդ՝ ես իհարկե գուցե ոչ վատ մասնագետ էի, բայց ինքս ինձ այդպիսին չէի համարում. համարում էի, որ լավ մասնագետը նա է, ով իր գործի ուղնուծուծին տիրապետում է նույնքան վարժ՝ որքան իր առողջ ձեռքի շարժումներին: Չափազանցություն է, գուցե, բայց իմ դեպքում՝ որ ինձ իրոք անհերքելիորեն լավ մասնագետ զգամ գոնե ինչ-որ բաներում՝ պահանջվեցին տասնյակ տարիներ ու գլխավորը՝ կյանքի ու աշխատանքի մեծ փորձ:
Երկրորդ անգամ նույնպես ժամանակավոր մեկնեցի: Բայց դարձավ տասնչորս տարի: Պատճառներից մեկն այն էր, որ զգում էի՝ դեռ արտասահմանից սովորելու բան ունեմ: Մյուսը՝ գործն ու փողը դարձավ: Իներցիան կլանիչ գործի, որին սակայն սիրտս այնքան էլ կպած չէր, որքան գրելուն, ինչը սակայն չէի անում՝ ժամանակ չկար: Իսկ գործին կպածությունս շրջապատս անհերքելի էր համարում, երեւի՝ որովհետեւ քանի որ չէի գրում (համենայն դեպս առաջին շրջանում)՝ ամբողջ եռանդս դնում էի գործիս մեջ, աշխատում էի նույնքան ստեղծագործ ու նվիրված՝ որքան գրողը գրելիս: Ընկերներիցս ոմանք դա համարում էին նաեւ հայրենասիրություն՝ քանի որ աշխատում էի, փաստորեն, Ղարաբաղի միջազգային ճանաչման համար (բոլոր իմաստներով), մինչեւ որ չհասկացա, որ ոչ մեկին դա պետք չէ (մերոնցից ոչ մեկին, նկատի ունեմ. հետ էի մնացել մեր զարգացումներից): Իսկ քչածանոթներից շատերը՝ աշխարհի այս մասում՝ անգրագետներն ու շողոքորթները՝ համարում էին, որ գրանտակեր եմ, շպիոն եւն: Այս մասին էլ մի օր ավելի կմանրամասնեմ, առայժմ այսքանը: Շունը հաչում է, իսկ քարավանը՝ գնում:
Ինչու ետ եկա Հայաստան: Ես Հայաստանը չէի լքել, չէի գաղթել, իմ գործը Հայաստանի հետ էր կապված, ես չէի հեռվացել, հեռացել էի՝ բայց ոչ հեռվացել: Հաճախ էի գալիս: Ու կարճ ասած, երբ գործ գտնվեց այնպիսին, որ այստեղ էլ փողի ինձ գոնե մի քիչ հարմար քանակը կապահովեր ու պատվավոր, կարեւոր գործ էր՝ իսկույն եկա:
Օղորմածիկ հայրս բացակա տարիներիս երբ այցելում էի՝ միամիտ ասում էր. արի այստեղ, պետությունը քեզ իսկույն աշխատանք կառաջարկի, բնակարան կտա… Հիշում էր երեւի քսանականների հայրենադարձը:
Գործս պետությունից անկախ է՝ դրա համար ամեն ինչ ստացվեց, թե չէ չէր ստացվի:
Արդյոք դրսում ապրած լինելն է պատճառը, որ ես ուրիշ եմ: Արդյոք ես ուրիշ եմ: Այո եւ ոչ: Ինձպեսներն էլ բավական կան: Հիմա հայ ազգը ոչ միայն բազմազան է՝ մարդիկ ու հայերը միշտ են բազմազան. հիմա այն կարող է գիտակից ձեւով բազմազան լինել, այսինքն ինքն իր մասին գիտի՝ որ բազմազան է: Մի քիչ գիտի: Քիչ թե շատ: Ոչ թե հեռուստացույցը՝ այլ ազգի ներքին գիտակցությունը գիտի: Որը եթե կարծեք թե միայն, ասենք, հարյուր կամ հազար հոգի է կիսում՝ կսխալվեք: Համոզված եմ, որ տասնյակ հազարներ, եթե ոչ հարյուր:
Արդյոք այնտեղ էլի միշտ սիրող էի լինելու: Ինչ-որ իմաստով՝ այո, որովհետեւ դրսում կարող էի մասնագետ համարվել միայն այն բաների վերաբերյալ, որոնք գիտեի ներքուստ, ուսուցումիցս բավական անկախ. ռուսերենի, հայերենի, հետսովետագիտության, Կովկասի, Հայաստանի մասնագետ: Իհարկե ես նաեւ լեզվաբանության, քաղաքագիտության, կոնֆլիկտաբանության ու պրոյեկտներ անելու մասնագետ էի ճանաչված, բայց դրանցում ոչ առաջինն էի, ոչ վերջինը, իսկ իմ (սովետա) հայ լինելու մեջ՝ անհերքելի ու ճանաչված հեղինակություն: Նույնիսկ բարկանում էի դրանից, ասում էի դա ռասիզմ է՝ համարել, որ ես հայ լինելու կամ ետսովետականության մասնագետ եմ՝ քանի որ ես հայ եմ ու ետսովետական: Ինչպես որ սեւամորթին սեւամորթության մասնագետ կարգելն է ռասիզմ:
Բայց մի բան կար՝ որ թույլ չէր տալիս այնտեղ լինել անկախ մասնագետ՝ մասնագետների իրենց ցանկերի համաձայն: Մի ատաղձ՝ որ ինձ մասնագետ էր պահում միայն այս երկրի, այս աշխարհի, այս ազգի համար, իսկ այնտեղի հոգեբանա-աննկատ աղերսներին՝ որոնք մասնագետին թույլ են տալիս հայտարարել, որ ինքը մասնագետ է՝ օտար էի. չէի բռնում: Ու հումանիտար-հասարակական ասպարեզի բոլոր ծանոթներս, որոնք օտարազգի լինելով՝ Արեւմուտքում ապաստանել ու արմատավորվել էին՝ կարծես այդ ատաղձը կորցնեին: Դառնային հեղհեղուկ միջինստատիստիկական մասնագետ, հաճախ՝ ճանաչված, շատ լավ, բայց հո միայն ես էի զգում՝ որ տարրալուծվել է իրենց ինքնությունն ավելի մեծի՝ միջազգայինի, համաշխարհայինի մեջ… Նույնիսկ եթե հայրենասիրությունն ակնհայտ է: Ինչպես ինժեները՝ որ մի մեծ սուզանավ է սարքում՝ հազար հոգու հետ, ու նրա անունն ու գործը տարրալուծվում է սուզանավի մեջ: Իսկ այդ սուզանավը քեզ, քո ազգին պե՞տք է: Դու քո կամքո՞վ ես որոշել, որ այն պետք է սարքել:
Կասեք՝ պետք է մարդկությանը հավատալ, եթե ասում են պետք է՝ ուրեմն պետք է, միացիր ու սարքենք: Գուցե միջիս տիպական հայ կասկածամտությունն է խոսում, անհավատությունը. մինչեւ ինքս հաստատ չորոշեմ, որ այդ սուզանավը պետք է եւեւայն է, ինչը սարքելուն արժի կյանք նվիրել՝ չեմ մասնակցի: Եթե զգում եմ, որ լրիվ պետք չէ, բայց կարելի է օգտագործել՝ սկսում եմ մասնակցել, բայց կողքից ակներ ավելացնելով՝ որ նա¨ ամֆիբիա լինի պետք եղած դեպքում, փորձելով դարձնել այն ինձ, իմ ազգին ավելի պետքական: Իհարկե՝ իմ կարճ խելքի հասկացածով՝ թե ինձ, իմ ազգին ինչ է պետք.եւ այդ հասկացածն էլ հարյուր տոկոսով վստահելի չէ, որովհետեւմահկանացուս ի՞նչ իմանա, ի վերջո: Գուցե ճիշտ հակառակն է պետք: Բայց ես իմ բնազդին վստահում եմ: Ուրիշ էլ բան չկա՝ որին վստահեմ: Մի երկու էլ հեղինակավոր մարդ՝ որ հասկանում է, խնդիրն ինչն է, ու խորհուրդ է տալիս: Ու ես նրանց խորհրդին հետեւում եմ:
Նաեւ տեխնոլոգիաներ ստեղծեցինք՝ բնազդից բացի ուրիշ բանի վրա հենվելու համար: Դա կոչվում է կրեատիվ խաղ: Իսկ մասնագիտությունը՝ մեթոդաբանություն: Թեեւ դա ավելի շուտ ոչ թե մասնագիտություն է՝ այլ ընդհանրագիտություն: Այդպես ես դարձա մեթոդաբան, այսինքն՝ ընդհանրագետ: Սովորական բառերով ասած՝ դա փիլիսոփայության, գիտությունների ու գործողությունների ամբողջություն է: Դրա մասին բան-ման գրվել է այս տարիներին: Եթե չգիտեք դա ինչ է՝ դեպք կլինի, առանձին կբացատրեմ:
Ուրեմն գնացի չգնալով, եկա չգալով: Եվ ուրեմն ես սիրող եմ միշտ՝ սկզբունքորեն՝ դիլետանտ՝ ինչպես իմ այս հայ ազգը: Ատում էի բյուրոկրատական լեզուն սովետի վախտ եւ հիմա էլ՝ ատում եմ այդ նոր հայերենը՝ «չափորոշիչները» սիրուն «չափանիշների» փոխարեն ու «ներառելը», որ չգիտես ինչու միջի «ն»-ն կորցրել է ու դուրս մղել այդքան գեղեցիկ «ընդգրկել» բառին: Հասկանում եմ՝ որ պրոֆեսիոնալիզմը կարեւոր է, ինքս էլ եմ սիրում ասել՝ ամեն ինչում պետք է պրոֆեսիոնալ լինել: Սովետի վախտ արդարացնում էի իմ ազգի գավառայնությունը՝ ասելով, որ փոքր ենք ու ոչ անկախ՝ ուրեմն գոնե դիլետանտ լինելով պիտի մրցենք աշխարհի տափակ մասնագիտացման դեմ, որովհետեւ դիլետանտը կարող է ներշնչմամբ այնքան կամ այն կարեւորության գործ անել՝ որ մասնագետներին տակ կթողնի ու կհաղթի: Բայց հիմա, իհարկե, ասում եմ, որ եթե անկախ ենք, նաեւ պիտի մասնագիտանանք լրջորեն: Մասնագիտորեն մի հատիկ համեմատաբար գեղեցիկ ու ճիշտ կառույց կա Հայաստանում առայժմս՝ այս բոլոր տարիների ընթացքում միակը՝ որ կառուցվել է ու որպես օրինակ միտքս է գալիս. այդ օրինակը բերեմ՝ որ հասկանաք. Էռնեկյանի սարքած օդակայանը:
Եվ չնայած մասնագետ լինելը հարգում եմ՝ բայց ես փինաչի եմ: Ես սիրում եմ իմ ձեռքերով, իմ մատներով, իմ ուղեղով իմ գործն անել սկզբից մինչեւ վերջ՝ ինչպես կոշկակարը՝ իր մի զույգ կոշիկն է գորովանքով կարում: Ես չեմ հավատում գործարաններին: Այլեւս չեմ վախենում մետաղյա թռչուններից ու հրեշներից, կարող եմ նույնիսկ դրանք ղեկավարել՝ բայց մեկ է՝ գերադասում եմ իմ մի պրիբորը՝ իմ կոմպը, որից էլ քիչ բան եմ հասկանում: Կոմպն իհարկե օգնում է՝ վախը հաղթահարել գնացքի ու նավի ու ինքնաթիռի հանդեպ, ու աշխարհի մեծության: Մեխանիզմը բնության պես բան է՝ քեզնից կախված չէ ամբողջությամբ՝ կոնտրոլ-ֆրիկ լինել պետք չէ՝ ինքը կաշխատի, ինքը չի աշխատի, բայց կաշխատի ավելի երկար ու լավ՝ քան քո վախը՝ որ նա հանկարծ կփչանա, թույլ կտար: Հենվիր նրան, ինչպես բնությանը: Բայց ես մնում եմ հատուկենտի կոշկակար՝ ոչ թե գործարան: Ես մշակույթ եմ ստեղծում՝ ոչ թե քաղաքակրթություն միանգամից:
Ես ընտրում եմ աշխարհի գյուղում գեներալ լինելը, քան շարքային կամ նույնիսկ ցածրաստիճան սպա՝ աշխարհի մայրաքաղաքներում: Որովհետեւ էությամբս գեներալ եմ: Եվ որովհետեւ իմ գյուղը, անկախանալով, տեղափոխվել է աշխարհի կենտրոն: Նաեւ ինքնաթիռի, կոմպի ու ինտերնետի շնորհիվ: Եվ այստեղ գեներալ լինելով՝ ես հեշտ կտեղափոխվեմ, առանց տեղս փոխելու, աշխարհի կենտրոնին մոտիկ մի տեղ: Որովհետեւ այդ միջիս ատաղձին հավատում եմ: Եվ մի հարյուր հազար իմ պես հայ գեներալ դիլետանտ ողնաշարավորների ատաղձին: Հարցը նույնիսկ հավատալը չէ՝ ատաղձն ինձ տանում է:
Իսկ այն, որ ծառից նոր իջած կապիկները՝ չգիտես որտեղից բանակ- բանակ բուսնելով՝ փորձում են երկրիս վերջը տալ ծառ կտրելով ու կողոպտելով՝ ինչ արած, կդիմանանք: Հրանտը կասեր՝ հազար տարի դիմացել ենք, մի հազար տարի էլ դրանց ձեռը կդիմանանք: Բնությունը հետ կգա:
Իհարկե, վերադառնալով՝ ես հատկապես վերագտա մեր համերն ու գեղեցկությունը: Ես արարատապաշտ եմ: Ես չեմ ուզում որ Արարատը Հայաստանի տարածքում լինի: Չեմ ուզում նրա վրա մագլցել՝ դա ինձ մի քիչ սրբապիղծ է թվում: Ես ուզում եմ նրանով զմայլվել ու նրան երկրպագել: Ես ծիրանապաշտ եմ: Աշխարհում կան տեղեր՝ որ Հայաստանի չափ սիրուն են կամ ավելի: Իմ եղած տեղերից՝ Չեչնիան, Օսիան կամ Կոսովոն: Այնտեղ կան մեր լեռների չափ ու մի բան էլ ավել լեռներ, լերկ ու անտառածածկ, գահավիժող ջրվեժներ, կիրճեր… Ինչ չկա այնտեղ՝ դա մեր վանքերի պես վանքեր՝ լեռան փեշին թաքուն ծվարած: Երկար քայլելուց հետո որ շուռ ես գալիս անցած ճափեդ դիտելու՝ աչքիդ առաջ հանկարծ թաքուն բացվող. խիտ անտառի միջի բացատի վերջում, լեռան ծայրին, ինչպես ամոթխած կուրծն է անսպասելի—միշտ անսպասելի—պսպղալով հանկարծ ծիկրակում սիրույն տեղ տված նուրբ հանդերձների արանքից: Վրաստանում էլ այդպիսի վանքեր կան, բայց այդ լեռներից չկան…
Արեւմտյան Հայաստանն այդպես չէ սիրուն: Գուցե ասպատակվել է հիմնովին: Ոչ, բնությունն ասպատակությունները հաղթահարում է: Կամ, գուցե, ես ուղղակի իմ տունն եմ սիրում, եթե իմը չէ՝ սերս սառչում է… Ես սեւանապաշտ եմ: Այդպիսի լիճ աշխարհում չկա, թեեւեւ Իսսիկ Կուլն ու Կոմո լիճն ինչ-որ պահերին կարող են նմանություն ունենալ (առաջինը՝ նաեւ ափերի աղբով):
Ես զիբիլապաշտ եմ: Մեր զիբիլի պես զիբիլ աշխարհում չկա: Եվ պետք չէ այն մաքրել. եղածն ի՞նչ է՝ միայն ցելոֆանն է երկրով մեկ թափառում, գետերի ափերի երկայնքով փառ կապում, իսկ ցելոֆանն անվնաս բան է  գեղեցկություն (հիշենք «Ամերիկյան գեղեցկություն» ֆիլմը), ու խեղճի օրերը հաշված են… Արդեն Ամերիկան դադարեց թողարկել… Մի ժամանակ բարցովկաներն էին Հայաստանով մեկ փառ կապում, հիմա ո՞ւր են բարցովկաները:
Եվ մեր «Բարեւ, ես եմ» ֆիլմի պես ֆիլմ աշխարհում չկա:
Եվ այլն: Եվ ուրիշ ոչ մի տեղ  չեմ ուզում գնալ, չեմ ուզում լինել, ոչ հանգստանալու, ոչ գործի բերումով, ոչ ճամփորդելու… Երբեմն միայն մտնել Եվրոպա՝ ասենք, Փարիզ՝ մի հատ կոֆե խմել ու հետ գալ՝ ուղղակի որ վերհիշեմ իմ մեծ հայրենիքի հոտն ու համը: Էն համով նեղլիկ փողոցները, ուր դ’Արտանյանի սուսերն էր սալարկին զնգզնգում, ու կաֆեները, ուր Իոսելիեւանիի հերոսները սեր թե առեւտուր են կազմակերպում…
Երբեմն միայն գնալ ու ետ գալ… Էդ էլ մի ուրիշ անգամ կնկարագրեմ՝ թե ուր արժի գնալ իմ եղած տեղերից ու ինչու: Կարճ մի տրիվիալ ճշմարտություն ասեմ՝ գնալ ուր ասես կարելի է, գլխավորը՝ թե ում հետ ես, ինչ տրամի ես:
Մեր քաղաքն ու երկիրը փոխվում են՝ քանդվում, վերասարքվում, հնանում, կոտորվում, բայց այդ քանդը չէ բնորոշիչը, այլ այն, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ տուրիստ է գալու, ու իրենք են փոխելու էս երկրի տեսքը: Ոչ թե Թեղուտը կտրողները, այլ տուրիստները: Պարսիկ, աշխարհահայ, ռուս, արեւմուտքցի, չինացի, լատինացի, արաբ: Տուրիստը հատուկենտը սիրում է, գնալով ավելի է սիրելու: Հատուկենտը գնում կորում է, քչանում, շուտով բժիշկները երեխեքին հայկական ծիրան են դեղատոմս գրելու՝ ու ծնողները ստիպված նրանց վերցնելու բերելու են էստեղ, որովհետեւ էնտեղ ծախվածն արդեն հայկական չէ՝ շինծու է, մումիա է, զոմբի, թեկուզ էստեղից սերած լինի: Դա իմ մշտական վեճն է Լոսի իմ բարեկամների հետ. իրենք մինչեւ տասը տարին մեկ էստեղ չգան՝ չեն համոզվում, որ իրենց ծիրանն էստեղի չափ համով չէ:
Բայց մեջս հավատ կա էլի. հազար տարի դիմացել ենք՝ էլի մի հազար կդիմանանք: Պոմիդորն ու ծիրանը չեն կորչի: Կգնան ու նորից ետ կգան, ոնց որ սովետի ժամանակ մի քանի տարով կորել էին՝ հետո ետ եկան:
Դա իմ միամիտ դիլետանտ ատաղձն է՝ այդ հավատը: Իհարկե հարգում եմ ծառից իջած կապիկների դեմ պայքարողներին ու աջակցում, բայց սիրտս հանգիստ է՝ ծիրանը հետ կգա:
Եվ Հրանտի «Խումհարի» առաջարկը՝ լոլիկին հուշարձան դնել, բարձր պատվանդանի վրա, մի մեծ, ահռելի, կարմիր, լերկ պսպղուն պոմիդորի, մնում է ուժի մեջ. կգա ու Գաֆեսճյանի ու Բոտերոյի կատվի, անպուպուլի թե կարճապուպուլի ու ծխող ծիծիկով կնկա դեմ կդրվի ու կդառնա նույնքան մոդեռն ու մոդայիկ՝ բայց——————ՄԵՐԸ. իր կարմիր փայլն ու ցոլքն աշխարհով մեկ կսփռի, տուրիստներին լույս կտա, կարմիր փարոսը, կլուսավորի, լուսավորված կհեռանան Հայաստանից, ու կանվանեն նրան Լոլիկ Լուսավորիչ: Հետո կգա չար թագավորը… Եվ այլն: Մնացածը դուք գիտեք: Եվս մեկ հազար տարի: Մենակ, – ամեն դեպքում կարեւորը չմոռանանք. – աղջիկները գնալով անընդմեջ ավելի ու ավելի կսիրունանան, եւ այդպես անվերջ:
Գեւորգ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930