Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենք ստեղծողները պետք է խորհրդակցեն արվեստագետների հետ

Հունվար 19,2013 14:38

Բոլոր ժամանակների ազատ ու անկախ ստեղծագործողներից շատերը կյանքն ապրելուց հետո են դառնում սեփական ժողովրդի ու երկրի դեմքը: Ազատությունը նրանցից հիմնական մասի վրա ծանր է նստում: Ոչ մեկի եւ ոչ մի կառույցի ենթակա չլինելու ստեղծագործական մղումին հակադրվում է նյութական կարիքների մի ամբողջ բեռ: Թեեւ նկարիչներն ու քանդակագործներն իրենց աշխատանքները հաճախ վաճառում են, բայց դա երբեք չի կարող լուծել նրանց նյութական կարիքները: Խորհրդային տարիներին որոշակի ձեռքբերում կարելի էր համարել, որ մշակույթի այս ոլորտի որոշ շերտին հատկացվում էին արվեստանոց-բնակարաններ, նույնիսկ հատուկ բուժսպասարկում եւ այլն: Իսկ առաջին ցուցադրությունից հետո այս արվեստագետների համար մեկնարկում էր կենսաթոշակի հաշվարկը: «Առավոտը» կապվեց ճանաչված որոշ նկարիչների ու քանդակագործների հետ, որոնք կոչումների ու պարգեւների (վաստակավոր, ժողովրդական, ՀՀ պետական եւ նախագահի մրցանակներ եւ այլն) պակաս չունեն, բայց մտահոգված են «իրենց հետեւից եկող ստեղծագործող ջահելների» համար օրենքների անկատարությամբ:

Նկարիչ Զուլում Գրիգորյանը, հիշեցնելով 500 տարի առաջ Շեքսպիրի արտահայտած միտքը, թե աշխարհը գնալով մաշվում է եւ ի վերջո պիտի կործանվի, ասաց. «Թեեւ իմ հանդեպ «վերեւներում» հարգանք կա, վերջերս էլ հրավիրել էին քաղաքապետարան՝ արժանացնելով քաղաքի ոսկե մեդալի, այդուհանդերձ, մեկ-մեկ ինձ թվում է, թե մտածելու ունակությունս կորցրել եմ ու սկսել եմ տառապել, ասենք, կրտսեր գործընկերներիս համար: Աշխարհի ոչ մի երկրում նկարչի արվեստանոցից կազինոյի ու ռեստորանի չափ հարկ չի վերցվում, իսկ մեզ մոտ արվեստանոցը նույնացվել է կոշիկի արհեստանոցի հետ: Ես տարիքս առած մարդ եմ, իմ օրն էլ է գալու՝ կհեռանամ, բա հետո՞… Ազգային ժողովը վերջապես ե՞րբ պիտի անդրադառնա ստեղծագործողների, այդ թվում՝ նաեւ քանդակագործների, կոմպոզիտորների, պարողների կենսաթոշակին: Իհարկե, չինովնիկներն էլ են գնահատում լավ նկարը, բայց, չգիտես ինչու, եկել եմ այն համոզման, որ նրանք նկարչին իբրեւ մասնագետ չեն ընդունում, թե չէ՝ կմտածեին մեր մասին: Գոնե ուշացած, բայց պետք է վերանայվեն արվեստագետներիս առնչվող օրենքները»:

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը հիշեց, որ Հայաստանի առաջին նախագահի օրոք օրենքի մի կետ կար, որի համաձայն արվեստանոցը պիտի ունենար նույն պայմանները, ինչ բնակարանը, եւ արվեստանոցները հարկվում էին բնակարանների նման, ոչ թե շատ. «Ինձ համար զարմանալի է, որ տասնամյակներ ստեղծագործած մարդը, պարզվում է՝ մեր օրերում ստաժ չունի: Ստացվում է, որ մարդու աշխատած տարիները, քրտինքը, ճակատի կնճիռները ոչինչ են ու ոչինչ: Եվ սա այն դեպքում, թույլ տվեք ասել, որ եվրոպաներում ու ամերիկաներում իմ ու որոշ գործընկերներիս աշխատանքները հիացնում են օտարերկրացիներին: Շուտով ՀՀ նախագահի ընտրություն է եւ ես պատրաստվում եմ հանդիպել գործող նախագահ Սերժ Սարգսյանին ու հենց այս հարցերը բարձրացնել: Աշխարհին վաղուց հայտնի մեր ժողովուրդն արժանի է, որ կորացած մեջքն ի վերջո ուղղի: Թե չէ՝ առաջին անգամ Երեւանում գտնվող մի ամերիկացի բարեկամիս հարց է ուղղել՝ հայերդ ինչո՞ւ եք այդքան տխուր ժողովուրդ…»,- ասաց պարոն Թոքմաջյանը:

Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն ասաց. «Բարձրակարգ արվեստով պետք է «լցնեն» Հայաստանը, անընդհատ պետք է քարոզեն բարձրակարգը: Համոզված եմ՝ այսկերպ կարելի է մեր ժողովրդի այն շերտին, ովքեր տարված են աղանդներով ու այլ «հետաքրքրություններով», դարձի բերել: Օրենսդիր մարմինն էլ թող իսկապես արվեստը խթանող օրենքներ ստեղծի արտիստների համար: Թե չէ ստացվում է՝ ստեղծագործողին չեն տարբերում ռեստորանի աշխատողից: Իսկ պետությունը աջակցի ոչ միայն մեր, այլ նաեւ ստեղծագործական բոլոր միություններին: Անհարմար եմ զգում, բայց ասեմ՝ այս պահին արվեստանոցում եմ, որտեղ ցուրտ է, իսկ սառած մատներով կավին չեմ կարող մոտենալ… Մշտապես պետք է հիշենք, գուցե ասենք, կրկնենք, որ չմոռանանք՝ փոքր ազգերը աշխարհին ներկայանում են մշակույթով, եւ վերջ»:

Նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը նշեց, որ իր բախտը բերել է. «Շուրջ 3 տարի առաջ եկան, տեսան, որ արվեստանոցս բնակելի տան պայմաններ ունի, ձեւակերպեցին ու հիմա արվեստանոցիս համար քիչ եմ վարձ վճարում: Ինչ վերաբերում է թոշակին ու արտիստի համար այլ բարենպաստ պայմաններ ապահովելուն, չեմ կարող ասել, թե մեր երկրում ոչինչ չի արվում այս ուղղությամբ, բայց շատ դանդաղ քայլերով ենք գնում առաջ: Ուզում եմ, որ իմ երկրի արտիստներն էլ ապրեն ու ստեղծագործեն այնպես ու այն պայմաններում, ինչպես քաղաքակիրթ երկրներում է: Իսկ որ ամենակարեւորն է՝ օրենք ստեղծողները պետք է խորհրդակցեն մեզ հետ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031