Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած այլ իրավագետ չի կարող համեմատվել Վլադիկ Ներսեսյանցի հետ

Սեպտեմբեր 28,2013 14:10

Վ.Ներսեսյանցի գործերը գրեթե մշտապես մեծ աղմուկ են հանել, դրանք հրաժարվել են տպագրել գիտական հանդեսները, թեպետ հիմա այդ աշխատությունները համարվում են ամենապահանջվածներից:

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 2-ին ՌԴ ԳԱԱ Պետության եւ իրավունքի ինստիտուտում հատուկ գիտական ընթերցանություններ են կազմակերպվում hայ աշխարհահռչակ իրավագետ Վլադիկ Սումբատի Ներսեսյանցի հիշատակին: Դա աննախադեպ ու դեռեւս անկրկնելի նախաձեռնություն է: Այս տարի գիտնականը կբոլորեր իր 75 տարին: Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ նույնաբնույթ գիտաժողովներ են կազմակերպվում նաեւ Հայաստանում: Այս տարի հոկտեմբերի 7-ին հիմնական զեկույցը ներկայացնելու է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը: Ստորեւ ներկայացնում ենք Գ. Դանիելյանի զեկույցից մի հատված:

-Ծնվել է 1938թ. հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում՝ «ժողովրդի թշնամու» ընտանիքում: Երեւանում գերազանցությամբ ավարտել է միջնակարգը, իսկ այնուհետեւ՝ դարձյալ գերազանցությամբ՝ Մոսկվայի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Հեղինակել է շուրջ 400 գիտական աշխատանք, որոնց թվում՝ 16 մենագրություն: Կարող եմ էլի շարունակել նրա կյանքի ու գիտական ձեռքբերումների զուտ տեղեկատվական կտրվածքով շարադրանքը, բայց դա չի բացահայտի նրա էությունը: Որպեսզի հասկանանք, թե ինչ մեծության մասին է խոսքը, կամենում եմ հղում անել ՌԴ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վ.Դ. Զորկինի հետեւյալ դիպուկ եզրահանգման վրա. «Ես գտնում եմ, որ նա իրավունքի փիլիսոփայության ռուս ամենամեծ գիտնականներից է: Դժվար է նրան համեմատել որեւէ մեկի հետ եւ նույն կերպ դժվար է գտնել նրան հավասար որեւէ մեկին ինչպես մեր, այնպես էլ անցյալ դարում, եւ դա այն դեպքում, երբ 20-րդ դարը հարուստ է եղել  ականավոր գիտնականներով: Բորիս Չիչերին, Ալեկսանդր Գրադովսկի, Նիկոլայ Կորկունով, Պավել Նովգորոդցեւ, Սերգեյ Մուրոմցեւ… այս անունները, ոչ միայն ռուսական, եվրոպական, ալեւ համաշխարհային նշանակության են»:  Հավատացեք, որ որեւէ ռուս իրավագետ մեկ այլ իրավագետի կամ փիլիսոփայի հասցեին դեռեւս այսպիսի «համարձակ» գնահատական չի հնչեցրել: Ինձ եւս վիճակվել է Մոսկվայում ասպիրանտուրայում ուսանելու տարիներին վայելել մեր հայրենակցի հետ շփումները: Խոստովանում եմ, այն ժամանակ ոչ միշտ էի հասկանում անգամ մատչելի լեզվով (իհարկե, իր չափանիշներով) արտահայտած մտքերը: Ականատեսն եմ եղել, թե ինչպես էին փորձում հետապնդել (համառորեն չէր ընդունվում կուսակցության շարքերը, թեպետ զարմանալիորեն զբաղեցնում էր մի հզոր սեկտորի ղեկավարի պաշտոնը), սակայն ոչինչ չէր ստացվում:

Իրավունքի փիլիսոփայության նկատմամբ նրա սերն ու դրա գաղտնիքները բացահայտելու անգերազանցելի կարողությունները դժվար է բացատրել, սակայն իր սեփական պարզ տարբերակն է առաջադրել նրա կինը՝ Վալենտինա Լապաեւան: Վերջինս գտնում էր, որ իր հորը դեռեւս մանուկ հասակում կորցրած Վլադիկը, ի դեմս երեխաներին միայնակ մեծացրած մոր վարքագծի, եղել է հոր պաշտամունքի եւ կյանքի դժվարություններին, հատկապես, խորհրդային անմարդկային բռնապետությանը հնարավորինս ամուր ոգով դիմակայելու ականատեսը: «Ժողովրդի թշնամու» զավակի գործերը պարզապես չեն վերցրել բուհում, որտեղ նա կամեցել էր ընդունվել փիլիսոփայության ֆակուլտետ, ինչն էլ առիթ է հանդիսացել կայացնելու դժվարին որոշում՝ թաքցնել հոր դատվածության փաստը եւ արդեն մյուս տարի ընդունվել իրավաբանական ֆակուլտետ:  Վալենտինայի կարծիքով, Ներսեսյանցը իրավագիտության մեջ առաջին անգամ հիմնավորելով իրավունքի միանգամայն նոր հայեցակարգ, ըստ որի իրավունքը հավասարության, ազատության եւ արդարության եռամիասնություն է, փորձել է վերապրել նաեւ իր մանկությունը եւ տեսնել դրա խորապատկերում փիլիսոփայական հիմնարար տարրերը: Պատահական չէ, որ վերջինիս եղբայրը՝ Վազգեն Ներսեսյանցը, իրավունքի եռամիասնության գաղափարը համեմատում էր սուրբ երրորդության հետ, որտեղ սուրբ հոգուն վերապահվում էր արդարության դերակատարումը: Մեկ այլ հայ խոշոր իրավագետ Վլ.Նազարյանի կարծիքով. «Իրավագիտության բնագավառում Վ. Ս. Ներսեսյանցի հսկայական նվաճումներից է իրավունքի եւ պետության նոր տեսության մշակումը, որը մինչ այդ բուհական դասագրքերում շարադրված այդ գիտությունից տարբերվում է ճիշտ այնպես, ինչպես Ա. Էյնշտեյնի ֆիզիկան՝ Ի.Նյուտոնի ֆիզիկայից»: Խորհրդային ճղճիմ գրաքննության արգելքները հաղթահարելու նպատակով մեր հայրենակիցը դիմել է զանազան խորամանկ միջոցների՝ մի դեպքում փոխել է վերտառությունը, մեկ այլ դեպքում՝ գաղափարը հնչեցրել է հրապարակային գիտաժողովներում եւ այլն: Նույն կերպ է վարվել նաեւ դոկտորական դիսերտացիայի թեման հիմնավորելիս, մասնավորապես փորձել է համոզել, որ թեմայի հենքը ոչ այնքան Հեգելի իրավական-քաղաքական ուսմունքն է, որքան դրա մեկնաբանությունը՝ Կ. Մարքսի կողմից. հնարքը, բարեբախտաբար՝ հաջողվել է: Վ.Ներսեսյանցը, տարիներ անց, արդեն համոզված լինելով, որ իր կանխատեսումները, ցավոք, իրականացան, նկատում է. «ներկայիս սեփականատերերն իրենց վրա չեն վերցրել նույնիսկ իրենց բյուրոկրատական-սեփականատիրական պետությունը պահելու ծախսերը եւ այդ բեռը դրել են ոչ սեփականատերերի՝ հասարակության համբերատար ու օրինապահ մեծամասնության, հեշտությամբ հարկվող եւ բազմիցս կողոպտվող հարկատուների վրա: Սակայն … «քաղաքակիթ երկրներում», որոնց մասին դուք հիշում եք սոսկ ձեզ հարմար դեպքերում, մասնավոր սեփականությունը չի ստեղծվել ոչ սոցիալիստական սեփականությունը «զավթելու» միջոցով, ոչ էլ՝ սոցիալիստական ժառանգության ուրիշի բաժինների հաշվին: Մի մոռացեք ձեր սեփականության ու ձեր իշխանության կոնկրետ տեղի եւ կոնկրետ ժամանակի մասին: Ձեր առջեւ մի հասարակություն է, որը դեռեւս հրաժեշտ չի տվել իր սոցիալիստական անցյալին եւ հրաժեշտ չի տա, քանի դեռ այս կամ այն ձեւով ձեզանից չի ստացել սոցիալիստական ժառանգությունից իրեն հասանելիք արդարացի մասը: Հենց դուք եք մեղավոր սոցիալիզմին նման վտանգավոր ձեւով (եւ առաջին հերթին՝ ձեզ համար) ձգձգվող հրաժեշտ տալու համար»: Կինը՝ Վալենտինա Լապաեւան, պատմում է, որ ՌԴ նախագահ Բ. Ելցինին խորհուրդ էին տվել հրավիրել Վ.Ներսեսյանցին եւ խորհրդակցել նրա հետ: Խորհրդակցությունը ծանր տպավորություն էր թողել իր նախաձեռնությունների իրավացիության մեջ անվերապահ վստահ Բ. Ելցինի մոտ:    Ըստ Վ. Ներսեսյանցի, ցանկացած, այսպես կոչված, «մաքուր» գաղափար ինքնըստինքյան չի կարող արժանանալ «մաքուր» պրակտիկայի, այս կամ այն չափով շեղումներն անխուսափելի են, սակայն նաեւ գաղափարը պետք է լինի այնպիսի կուռ ու հնարավորինս նվազ խոցելի, որպեսզի նվազագույնի հասցվեն շեղումները, կամ ինչպես ինքն էր նկատում՝ «ձեւախեղումները» եւ «խեղաթյուրումները»: Անթաքույց իր դիրքորոշումը հայտնելով սոցիալիզմի նկատմամբ, Վ.Ներսեսյանցը միաժամանակ փորձել է բացահայտել ու փիլիսոփայական ընդհանրացումներով համակարգված ներկայացնել ոչ միայն կապիտալիզմի էությունը, այլեւ սոցիալիզմին հաջորդող իրավաքաղաքական համակարգի ուրվագծերը:  Վ. Ներսեսյանցը գտնում էր, որ հենց մասնավոր սեփականության զարգացման օրենքներն են պահանջում, որպեսզի այն կենտրոնանա հասարակության փոքրամասնության ձեռքում, ինչը տեղի կունենար նաեւ սոցիալիստական սեփականությունը հավասարապես բաշխելուց հետո եւս, սակայն դա արդեն կլիներ բնական գործընթաց եւ արհեստականորեն չէր ուղեկցվի պարտադրված հափշտակություններով եւ չէր հանգեցնի զանգվածների դժգոհությանը:  Լինելով գերմանացի փիլիսոփայության դասական Հեգելի եւ Կանտի ուսմունքների լավագույն գիտակներից (1975թ. դոկտորական ատենախոսություն է պաշտպանել «Հեգելի քաղաքական-իրավական տեսությունը եւ դրա մեկնաբանությունը» թեմայով), Վ. Ներսեսյանցը գտնում էր, որ Հեգելը, ըստ էության, ֆեոդալիզմից անմիջապես հետո կապիտալիզմը պատմության ավարտ համարելով, օբյեկտիվորեն սահմանափակվել է պատմական զարգացումների տվյալ փուլին բնորոշ երեւույթների փիլիսոփայական ընդհանրացմամբ, մասնավորապես, Հեգելը չէր կարող կանխորոշել սեփականության այնպիսի կառուցակարգ, որը կհամատեղեր մասնավոր սեփականությունը բնույթով դրան նման մեկ այլ սեփականության հետ: Ի դեպ, 20-րդ դարի սկզբներին սոցիալիզմի ծագման հնարավորության մասին եւս եզակի իրավագետներ են համամիտ եղել: Հաճախ են հարցնում, իսկ ինչո՞ւ այդ բարձր գնահատականները չեն հնչել գիտնականի կենդանության օրոք: Նախ, մի կարեւոր վերապահում՝ դրանցից շատերը հնչել են նաեւ նրա կենդանության օրոք, որի ապացույցն ակադեմիկոսի կոչումն է: Մյուս կողմից դարձյալ հիշենք կնոջ՝ Վալենտինայի խոսքերը. «Վլադիկը հեռացավ, որպեսզի թույլ տա իր ուսմունքներին ինքնուրույն ապրել»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30