Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժածները դիմել են «Առավոտին»

Ապրիլ 09,2014 13:52

Հովհաննես Երիցյանի եւ Արտավազդ Այվազյանի գործելակերպից մի խումբ տուժածներով դիմում ենք Ձեզ եւ խնդրում ենք օգնել՝ տեղադրելով այս հոդվածը օրաթերթում: Խնդրում ենք, որպեսզի տեղադրեք Հովհաննես Երիցյանի լուսանկարը, որը տրամադրում ենք Ձեզ: Նաեւ անհարմար զգալով, բայց ստիպված ենք Ձեզ ուղարկել Հովհաննես Երիցյանի 03. 03. 2014թ. հեռախոսազրույցը Զինա Մելիքյանի հետ, որից Ձեզ համար պարզ կդառնա, թե ինչպիսի քրիստոնյա է Հովհաննես Երիցյանը:

Կանխավ շնորհակալություն:

Կարդացինք 25. 03. 2014թ. Ձեր օրաթերթում զետեղված նյութը՝ «Շանտաժ աղերսանքով» եւ բավականին զարմացանք, որ Հովհաննես Երիցյանն իր վաշխառուական գործունեությանը զուգահեռ՝ ծավալել է ժուռնալիստական գործունեություն` հիմա էլ մամուլի միջոցով հանրությանն է մոլորեցնում:

Խոսքը վերաբերում է մեզ`«եկեղեցու անվանի շինարար», նախկին քաղավիացիայի պետ Հովհաննես Երիցյանի եւ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արտավազդ Այվազյանի (արտոնագիր 693103 2000թ.) վաշխառուական եւ խարդախ գործելակերպից տուժածներիս։

Մենք տուժածներով համախմբվել ենք, որպեսզի կարողանանք պայքարել իրենց «ամենակարող եւ անպարտելի» ներկայացնող խարդախների դեմ եւ դիմել ենք «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը՝ ի դեմս նախագահ Մարինա Պողոսյանի, որին Հովհաննես Երիցյանը ներկայացնում է իբր մեր ընկերուհի։ Նրա նմանատիպ սուտ հայտարարությունները մամուլով միտված են իրավապահ մարմիններին եւ հանրությանը մոլորության մեջ գցելուն։ Սուտը Հովհաննես Երիցյանի մշտական ուղեկիցն է, ստով է, որ նա բոլորիս գցել է ծայրահեղ ծանր կացության մեջ, ստով է նա իր հանցախմբի անդամների՝ փաստաբան Արտավազդ Այվազյանի, բրոքեր Արտակ Մարտիրոսյանի, իր սանիկ Վահե Վարդանյանի եւ այլոց հետ տիրացել մեր ունեցվածքին։ Եկեղեցիներ կառուցելու մասին Հովհաննես Երիցյանի լեգենդներն էլ մեզ համար նորություն չեն, ինչպես նաեւ նրա լկտի հայհոյանքներն ու զենքը թափահարելով սպառնալիքներ շաղ տալը:

Հովհաննես Երիցյանի եւ Արտավազդ Այվազյանի հանցախմբից տուժածներով բազմաթիվ նամակներով դիմել ենք նաեւ Ձեր խմբագրությանը, սակայն օրաթերթը հարկ է համարել անդրադառնալ միայն մեծն բարերար Հովհաննես Երիցյանի նամակին։ Ձեր օրաթերթը միայն 13.10.2012թ. է անդրադարձել Ներսես Պողոսյանի նամակին՝ «Չկարողանալով տոկոսներ վճարել՝ վաճառել է տունը եւ հողամասը» հոդվածով՝ գրված Ձեր օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանի կողմից:

Հրապարակումներ եղել են այլ թերթերում էլ, մամուլի կենտրոններում, հեռուստածրագրերում, ինտերնետում։ Անհասկանալի է Հովհաննես Երիցյանի դիրքորոշումը, թե իբր բոլորը կաշառված եւ վարձատրված են։ Արդյո՞ք սեփական փորձի բարձրաձայնում է։

Փաստորեն, մեր օրերի Կորեյկոն` ինքը` Հովհաննես Երիցյանը, այժմ իրեն մամուլով ներկայացնում է որպես մեր օրերի Յուրի Դետոչկին եւ վաշխառությամբ ու խարդախությամբ դիզած փողերով վանքեր է կառուցում: Կարծում ենք, որ իրավապահ մարմինները վերջապես կպարզեն, թե որտեղից է գոյացել այն մեծ գումարները, որ Հովհաննես Երիցյանը շռայլորեն, բարձր տոկոսներով տալիս է ժողովրդին: Արդյո՞ք սա վերջինիս քաղավիացիայի պետի պաշտոնավարության ընթացքում այլեւայլ ճանապարհներով ձեռք բերված փողերի լվացման գործընթաց չէ:

Եկեղեցին բարեպաշտության ծածկոց չի, որով ցանկանում է ծածկվել եւ իր կեղտերը ծածկել Հովհաննես Երիցյանը։ Պատմությունից մեզ ծանոթ են նաեւ վանքի ներսում վանքի հավերն ուտողներ էլ:

Ինչ վերաբերում է դեպքերի երիցյանական բարբաջային շարադրանքին, ելնելով նախաքննության շահերից, կարծում ենք՝ ճիշտ չէ նույնիսկ անդրադառնալը, քանի որ ի գիտություն խմբագրության՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի քննչական բաժնում, Գայանե Թումասյանի դիմումի հիման վրա, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող տան օտարման գործարքին մասնակցած Հովհաննես Երիցյանի, իր սանիկ Վահե Վարդանյանի կողմից, կեղծ փաստաթղթերի օգտագործման միջոցով քաղաքացիաիրավական գործարքի կնքման հնարավորության պարզման նպատակով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշենք նաեւ, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի վարչության Կենտրոնի քննչական բաժնում վաշխառության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել նաեւ Հովհաննես Երիցյանի փաստաբան Արտավազդ Այվազյանի նկատմամբ, որը Հովհաննես Երիցյանի եւ Վահե Վարդանյանի հետ` նույն խարդախ-վաշխառուական սխեմայի գործադրմամբ, մասնակցել է մեկ այլ տուժողի՝ Կարինե Մելիքյանի սեփականության հափշտակմանը:
Հանցախմբից տուժածներս բազմաթիվ ենք՝  Գայանե Թումասյան, Կարինե եւ Զինա Մելիքյաններ, Զինա Գյոզալյան, Նարինե Հակոբյան, Սուրեն Պեպանյան, Ներսես Պողոսյան, Հակոբ Պողոսյան, Ռոբերտ Պետրոսյան:

Հարգելի խմբագրություն, 23.03.2014թ. «Սուր անկյունով» հնչել է մեծն բարերար Հովհաննես Երիցյանի բնավ ոչ եկեղեցական, լկտի սեռական բնույթի հայհոյանքներով ու սպառնալիքներով ձայնագրությունը՝ 26-ամյա Ջինա Մելիքյանին ուղղված, որի ձայներիզը սիրով տրամադրում ենք նաեւ Ձեզ, որը լսելով՝ Ձեզ համար պարզ կդառնա մեծն բարերար Հովհաննես Երիցյանի իրական էությունը եւ մաղթում հաճելի ունկնդրում։

Գայանե Թումասյան, Կարինե եւ Զինա Մելիքյաններ, Զինա Գյոզալյան, Նարինե Հակոբյան, Սուրեն Պեպանյան, Ներսես Պողոսյան,Հակոբ Պողոսյան, Ռոբերտ Պետրոսյան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930