Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանդակը նախ պետք է տեսնեն, որ հետո տեղադրեն». Արամ Իսաբեկյան

Մայիս 22,2014 15:59

ՀՀ նկարիչների միությունում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) 2014 թվականի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը:

«Առաջին անգամը չէ, որ ներկա եմ լինում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ավարտական քննություններին,- լրագրողների հետ զրույցում նշեց Ա. Աշոտյանը:- Ակադեմիայի ռեկտորը գեղեցիկ ավանդույթ է դարձրել այս հրավերը, և, անկեղծ ասած, մեծ հաճույքով եմ գալիս, որովհետև այստեղ դիտելու շատ բան կա: Ակնհայտ է, որ մենք բազմաթիվ շնորհալի ուսանողներ, շրջանավարտներ ունենք այս ոլորտում: ԵԳՊԱ-ի և´ դասախոսական կազմը, և´ կրթության որակը մրցունակ են տարածաշրջանում բարձր որակի մասնագետներ պատրաստելու առումով: Տաղանդավոր երիտասարդներ կան, որոնք կարողանում են համատեղել ազգայինն ու ժամանակակիցը, արձագանքել օրվա խնդրին և միաժամանակ գիտակցել ավանդականի, դասականի արժեքն ու նշանակությունը»:
Նախարարը ևս մեկ առանձնահատկություն նշեց, որով աչքի են ընկնում ԵԳՊԱ-ի շրջանավարտները. «Քննություն հանձնողները գոնե արտաքուստ ժպտերես են, ավելի ուրախ են, հպարտությամբ են գալիս քննության, սթրեսը գուցեև կա, բայց այնքան տեսանելի չէ, ինչպես այլ մասնագիտությունների դեպքում է: Նրանք առիթից օգտվում են՝ իրենց շնորհը, տաղանդն ու աշխատանքն ի ցույց դնելու»,- այսպես է նկատել ԿԳ նախարարը:

Ashotyan_01-01

Լրագրողի հարցին, թե նախարարը որտե՞ղ է տեսնում այդ շնորհալի երիտասարդների ապագան, պարոն Աշոտյանը զարմանքով արձագանքեց՝ այսի՞նքն:

«Հայաստանում տեսնո՞ւմ է»,- պարզաբանեց լրագրողը:

«Ես հենց Հայաստանում եմ տեսնում նրանց ապագան,- ի պատասխան շեշտեց Ա. Աշոտյանը,- որովհետև նրանք, նախ և առաջ, մեր ազգային կրթական համակարգի, մեր ազգային մշակույթի արգասիք են: Իհարկե, արվեստն ամենագլոբալիզացված ու տրանսազգային ոլորտներից մեկն է, և եթե մնացած բոլոր ոլորտներում սահմաններն ինչ-որ չափով փլուզվել են, ապա արվեստն առհասարակ սահմաններ չի ճանաչում: Այսօր կան բազմաթիվ նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, որոնք արտերկրում են ստեղծագործում, բայց նրանք մեր ազգային մշակույթի մի մասն են»:

ԵԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էլ ասաց, որ բոլորովին վերջերս են ակադեմիայի ուսանողները վերադարձել Թբիլիսիից, որտեղի Գեղարվեստի ակադեմիայում ցուցահանդես են ունեցել՝ ներկայացնելով շուրջ 61 աշխատանք՝ քանդակ, գեղանկար և այլն. «Շատ մեծ հաջողություն ունեցավ այդ ցուցահանդեսը, որը զարմացրեց Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի մեր կոլեգաներին և ընդհանրապես հասարակությանը: Այնպես որ, ԵԳՊԱ-ն այսօր զարգանում է»,- ընդգծեց ռեկտորը:

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ մայրաքաղաքում չեն տեղադրվում շրջանավարտների լավագույն աշխատանքները, և արդյոք բուհը նման առաջարկությամբ հանդես եկե՞լ է, պարոն Իսաբեկյանը պատասխանեց. «Ես չեմ զլանում միշտ կրկնել, որ եթե ուզում ենք տեսնել բուհի դեմքը, պետք է տեսնենք ուսանողների ավարտական աշխատանքները, տեսնենք՝ մարդիկ ինչ որակներ են ստացել: Որպեսզի տեղադրվեն, ասենք, լավագույն քանդակները, նախ և առաջ, դրանք պետք է տեսնել: Մենք, սովորաբար, քաղաքապետարանի ներկայացուցիչների հրավիրում ենք, և լավ կլիներ, որ նրանք ներկա լինեին, տեսնեին: Սա առաջին անգամը չէ, որ լավ քանդակներ կան և ոչ միայն քանդակներ: Համակարգչային նախագծման, դիզայնի բաժնում էլ բավականին մեծ քանակությամբ առաջարկներ կան՝ քաղաքը գեղեցկացնելու, որոնք, պարզապես, պետք է տեսնել: Հրավիրում ենք, որ գան նայեն, բայց դեռ չեն եկել, մինչև չնայեն, ի՞նչ առաջարկենք»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031