Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Բավականին դրական եմ գնահատում Հայկական տնտեսագիտական միության աշխատանքները»

Հունիս 21,2014 22:30

Հունիսի 20-ին ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության 2014 թ-ի տարեկան գիտաժողովը: Գիտաժողովի պաշտոնական բացմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, ինչպես նաև հայաստանյան և արտասահմանյան բուհերի ներկայացուցիչներ:
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքով, որում ընդգծված էր գիտելիքահեն հասարակության կարևորությունը՝ որպես ՀՀ տնտեսության զարգացման հիմնական ուղղություն:

«Բավականին դրական եմ գնահատում Հայկական տնտեսագիտական միության աշխատանքները, քանի որ միությունն այս տարիների ընթացքում կարողացել է համախմբել տնտեսագիտության ոլորտի հայաստանյան և Սփյուռքի հայ գիտնականներին, ովքեր փորձի ու գիտելիքների փոխանակման միջոցով կարող են լուրջ արդյունքներ գրանցել և խնդիրների հաղթահարման բավականին արդյունավետ լուծումներ առաջ քաշել: Այս գիտաժողովի ծրագիրն ընդգրկում է առևտրի, արդյունաբերության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտների մարտահրավերները, որոնք ուղղակիորեն առնչվում են ՀՀ տնտեսության հիմնախնդիրներին, և վստահ եմ, որ քննարկումների արդյունքները գոհացնող կլինեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ վարչապետը հավելեց, որ ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականության հիմքում ՀՀ քաղաքացին է, որի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման լավագույն ճանապարհը տնտեսության, հատկապես մասնավոր հատվածի զարգացումն է, ուստի երկրի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու ներդրումային ծրագրերին, ինչն էապես նպաստում է տնտեսության զարգացմանը:
Բացման խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով կարևորեց նմանաբնույթ միջոցառումները և Մայր բուհի ընդգրկվածությունը երկրի տնտեսական կայունությանն ու շարունակական զարգացմանն ուղղված ծրագրերում:

«Հայկական տնտեսագիտական միությունը տարեցտարի ընդլայնում է գիտաժողովի մասնակիցների շրջանակը, ինչը բավականին լավ է անդրադառնում գիտաժողովի աշխատանքների վրա: Պետք է նշել, որ այն որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև ակադեմիական գիտության իմաստով, քանի որ մեր երիտասարդ գիտնականների և ուսանողների համար շատ օգտակար է: Գիտաժողովը ոչ թե տեսական, այլ կիրառական բնույթ ունի, և շատ կարևոր է, որ համալսարանականներն իրենց ներդրումն ունենան այդ գործընթացում: Վստահ եմ, որ այլ բուհերի մեր գործընկերների հետ համագործակցությունը նույնպես դրական ազդեցություն կունենա, և գիտաժողովի արդյունքում մենք դրական արդյունքներ կգրանցենք»,- նշեց Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը ողջույնի խոսքից հետո անդրադարձավ մի շարք հիմնախնդիրների, որոնք խոչընդոտում եմ ՀՀ տնտեսության արդյունավետ զարգացմանը: Մասնավորապես խոսվեց ՀՀ բնական ռեսուրսների և երկրի տնտեսության զարգացման գործում բարձրագույն կրթության դերի ու նշանակության մասին:

ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ Կառավարությունը քաջատեղյակ է խնդիրներից, կիսում է գիտնականների մտահոգությունները և գիտակցում կրթության կարևորությունը պետության զարգացման գործում:

Այնուհետև Հայկական տնտեսագիտական միության նախագահ Զարեհ Ասատրյանը ներկայացրեց գիտաժողովի օրակարգը, ինչպես նաև գիտաժողովի ընթացքում ներկայացվելիք զեկույցների թեմաներն ու քննարկման առարկաները:
Քառօրյա գիտաժողովի կազմակերպիչներն են Հայկական տնտեսագիտական միությունը, Հայաստանի ամերիկյան, Երևանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանները:
Բուհերի ներկայացուցիչները գիտաժողովի բաժանմունքներում հանդես կգան մի շարք զեկույցներով, որոնք կներկայացնեն տնտեսության տարբեր ճյուղերում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված բոլոր հնարավոր ճանապարհները:

ԵՊՀ 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապրի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30